Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգը հպարտանում է

Օգոստոս 20,2008 00:00

Արդեն երրորդ տարին է՝ ինչ երկաթախաղի մեր վարպետները աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններից առանց մեդալների հարուստ հավաքածուների տուն չեն վերադառնում: Դա նաեւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի աշխատանքի արդյունքն է: Բացառություն չեղան նաեւ այս օլիմպիական խաղերը, որտեղ մինչեւ երեկ Հայաստանի հաշվարկում գրանցված հինգ բրոնզե մեդալներից երեքը նվաճել են ծանրորդները: Եվ մի հետաքրքիր օրինաչափություն էլ. ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ աղջիկների հավաքականների գլխավոր մատակարարը եղել է Գյումրիի դպրոցը, որն այսօր էլ շարունակում է այդ ավանդույթները: Ու պատահական չէր, որ «Զվարթնոց» օդանավակայան եկած դիմավորողների մեջ մեծ տոկոս էին կազմում հանրապետության երկրորդ քաղաքի ներկայացուցիչները, հիմնականում՝ մտավորականներ: «Առավոտը» զրուցեց նրանցից երկուսի հետ:

Վարդեւան Գրիգորյան. Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: «Որպես հայ՝ հպարտ եմ, որ ի տարբերություն Աթենքի, որտեղ մենք ինչ-որ տեղ հուսախաբ եղանք, մեր մարզիկները կարողացան հաջող հանդես գալ Պեկինում: Առավել հպարտ եմ՝ որպես գյումրեցի: Հայաստանի ծանրամարտի տղաների օլիմպիական հավաքականի հինգ անդամներից չորսը մեր քաղաքից են: Նրանցից երեքը տուն են վերադառնում մեդալ նվաճած: Հայ ժողովուրդը հաղթանակների ձգտող ժողովուրդ է, դա լինի մարզական, տնտեսական, թե քաղաքական: Իսկապես հպարտ եմ այս հաջողության համար, որին բավականին երկար էինք սպասում»:

Ռաֆիկ Խաչատրյան. Գյումրիի «Պրոգրես» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր: «Ժամանակին եղել եմ Գյումրիի ծանրամարտի մարզադպրոցի տնօրենը: Այսօր, կարելի է ասել, ազգային տոն է, որի կերտման գործում մեծ ավանդ ունեցան գյումրեցիները, այն էլ՝ այնպիսի դաժան պայքարում, ինչպիսին ընթացավ ծանրամարտում: Բայց մենք հպարտ ենք Պեկինում նվաճած բոլոր մեդալների համար: Բոլոր մարզիկներն էլ արժանի էին դրանց, նույնիսկ ավելիի: Նրանք դեռ երիտասարդ են եւ աճելու տեղ շատ ունեն: Ես մտածում եմ այսպես. բրոնզե մեդալից մինչեւ ոսկին ընդամենը մեկ քայլ է: Բայց սպորտը մնում է սպորտ՝ իր անակնկալներով: Դա է սպորտի հմայքն ու գրավչությունը: Հույսով եւ հավատով սպասում եմ հաջորդ օլիմպիական խաղերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել