Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

Օգոստոս 20,2008 00:00

Նախորդ գիշեր ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեր հինգ բրոնզե մեդալակիրները եւ նրանք, ովքեր ավարտել են իրենց

մրցելույթները, Պեկին-Մոսկվա-Երեւան չվերթով վերադարձան տուն:

Լավ ավանդույթ է դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաղթող ու մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին հենց օդանավակայանում շուքով դիմավորելը: Բայց երեկվանն էականորեն տարբերվում էր մյուսներից: Թերեւս միայն Թուրինում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթած մեր տղաների հավաքականին էին այդպիսի շուքով ընդունել:

Չնայած գիշերվա ուշ ժամին, հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների հազարավոր մարզասերներ օդանավակայանում երգ-երաժշտությամբ ու պարով դիմավորեցին օլիմպիական մեր հերոսներին: Ողջունելով նրանց՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Այսօր ուրախալի օր է, որին անհամբերությամբ էինք սպասում: Մենք նախապատրաստվել էինք օլիմպիական խաղերին: Եվ ուրախալի է, որ մեր մարզիկներն ու մարզիչները կարողացան հայ ազգի պատիվը բարձր պահել: Ժողովրդին խոստացել էինք, որ այս օլիմպիական խաղերում անպայման մեդալ ունենալու ենք: Եվ կարողացանք տեր կանգնել մեր խոսքին՝ նվաճելով ոչ թե մեկ, այլ հինգ մեդալ: Օլիմպիական խաղերին մասնակցում է 204 երկիր եւ այսօրվա դրությամբ փոքրիկ Հայաստանը նվաճած մեդալների քանակով նրանց մեջ 17-րդն է, իսկ ազգաբնակչության մեկ շնչի քանակով՝ առաջինը: Ուրախ եմ, որ հայ մարզիկները եւ մարզիչները ժողովրդի վստահությունն ու հավատն արդարացրին՝ Պեկինի մրցասպարեզներում բարձրացնելով մեր եռագույնը: Շնորհակալություն եմ հայտնում նրանց: Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկների ծնողներին, որ այսպիսի ժառանգներ են տվել երկրին: Շնորհակալություն ձեզ՝ մարզասերներիդ, որ գիշերվա այս ժամին եկել եւ մեզ հետ միասին կիսում եք այս ուրախությունը: Սառույցն արդեն կոտրված է: Օլիմպիական խաղերը դեռ չեն ավարտվել եւ հնարավոր է՝ եւս մեկ մեդալ ունենանք: Այսուհետեւ աշխատանքներն ավելի նպատակասլաց կլինեն: Մեր այսօրվա հերոսները, մյուս մարզիկները դեռ 20-22 տարեկան են ու ապագան նրանց առջեւում է»:

Հնչեցին ողջույնի եւ գովասանքի բազմաթիվ այլ խոսքեր: Իսկ 85 կգ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, որ Պեկին մեկնելուց առաջ օլիմպիականների անունից խոստացել էր հաջող մասնակցություն ունենալ եւ բարձր պահել Հայաստանի մարզական դրոշի պատիվը, վերադարձից հետո ասաց. «Հուզված ենք այսքան բազմամարդ ընդունելությունից: Հայ մարզասերների ջերմ աջակցությունն է, որ ոգեւորում է մարզիկներիս, կրկնապատկում ու եռապատկում մեր ուժերը: Դուք եք մեր ձեռքբերումների գլխավոր շարժիչ ուժը: Անպայման ուզում եմ նշել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը: Նա անցած այս չորս տարիներին մշտապես մեզ հետ է եղել: Շնորհակալ ենք բոլորիդ, որ այս ուշ ժամին եկել եք այստեղ: Մենք արեցինք այն, ինչ հնարավոր էր»:

Ի պատիվ օլիմպիական մեր մեդալակիրների, «Զվարթնոց» օդանավակայանի մերձակա հրապարակում շքեղ հրավառություն տրվեց, որից հետո հատուկ տրամադրված մեքենաների շարասյունն ուղեւորվեց Հանրապետության հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել