Օգոտոսի 18-ին Ազգային օպերային թատրոնում մեկնարկեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնը։ Վերջինիս միջոցառումները, որոնք երեկվանից մեկնարկել են հանրապետության որոշ մարզերում, մինչեւ փառատոնի ավարտը՝ օգոստոսի 23-ը, կընդգրկեն նաեւ մնացած բոլոր մարզերը, ինչպես նաեւ՝ Արցախը։ Ներկայացնում ենք փառատոնի մասնակիցներից ոմանց:
«Հայորդիքը»՝ Մոսկվայից
Տասը տարի առաջ «Մարաթուկ» ազգագրական անսամբլի արտիստուհի Անահիտ Սարգսյանի կողմից Մոսկվայում հիմնադրած «Հայորդիք» երգի-պարի անսամբլի ներկայացրած արվեստը ծանոթ է ոչ միայն ռուս եւ հայ հանդիսականին։ Նշենք, որ խումբը 2003թ. Սանկտ Պետերբուրգի հիմնադրման 300-ամյակի առիթով Կոնստանտինի պալատի վերաբացման կապակցությամբ այլ երկրների մասնակիցների թվում ներկայացրեց Հայաստանը։ Ընդ որում, միջոցառման հանդիսականներն էին աշխարհի 45 նախագահները: «Հայորդիքը» մշտապես ստեղծագործական կապերի մեջ է հայրենիքում գործող պետական կոլեկտիվների հետ: Այսպես, 2007թ. Կրեմլի պալատում անսամբլը ելույթ ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլի հետ համատեղ, իսկ այս գարնանը՝ Ռուսական բանակի ակադեմիական թատրոնում՝ ՀՀ-ից հրավիրված մենակատարների եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հետ։ Հիշարժան է նաեւ «Հայորդիքի» ելույթը 2006թ. Մոսկվայի կենտրոնում գտնվող Քրիստոս Ամենափրկչի եկեղեցում հայոց գրերի 1600-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Անսամբլի անդամները, որոնք երկրորդ անգամ են մասնակցում «Մեկ ազգ, մեկ մշակույթին», կատակեցին, որ իրենք ամեն տարի սիրով կմասնակցեին այս միջոցառմանը, ափսոս, որ այն տեղի է ունենում երկու տարին մեկ:
Ամենախիստ հանդիսատեսը հայրենիքում է
Սիրիահայ ջութակահար Մհեր Տավուտյանը, որը Հալեպի պետական երաժշտանոցի շրջանավարտ է եւ 2005թ. Դուբայի միջազգային մրցույթի չորրորդ մրցանակակիր, փառատոնի բացման համերգին անչափ հուզված էր: «Առավոտին» նա ասաց, որ 2003-ից դասավանդում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում եւ իր սաների յուրաքանչյուր բեմելից առաջ փորձում է հնարավորինս զսպել հուզմունքը, որ այն բացասաբար չանդրադառնա նրանց նվագի վրա: Սակայն իր խոսքերով. «Այսօր ես հուզված եմ երեխայի նման, ոչինչ անել չեմ կարող ավելորդ զգացմունքներս զսպելու, քանի որ գիտակցում եմ՝ հայրենիքումս է ամենախիստ հանդիսատեսս»:
Պարեր՝ Ազնավուրի երգերով
«Մեկ ազգ, մեկ մշակույթի» շրջանակներում Լիբանանի «Քնար» պարախումբը օրերս Մայր թատրոնում հանդես եկավ «Քեզ, Ազնավուր» խորագիրը կրող ծրագրով: Խմբի գեղարվեստական ղեկավար Ֆելիքս Հարությունյանը նշեց. «Մեր այսօրվա թատերական ներկայացումը յուրահատուկ է նրանով, որ ամբողջությամբ նվիրված է մեծ շանսոնյեի կյանքին՝ համեմված սփյուռքահայ իրականության դրվագներով: Հենց նրա ստեղծագործությունների հիման վրա էլ բեմադրված է ողջ ներկայացումը»: Ինչպես հայտնեցին պարախմբի մասնակիցները, նրանցից շատերն առաջին անգամ են հայրենիքում: «Բոլորուս աչքերն ալ փայլեցան, երբ հոս գալու լուրը իմացանք,- ասաց պարուհի Թամարա Դեմիրճյանը եւ շարունակեց:- Մենք բոլորս ալ մաքուր, իսկական հայեր ենք: Մեզանով՝ մեր «Քնարով» Լիբանանուն մեջ ստեղծած ենք պզտիկ մը Հայաստան: Ու դրանով ալ մեր հայությունը չենք փոխել: Քոչարին ալ ամեն տեղ կպարինք, մեր լիբանանցի ընկերներին ալ կսովորցնինք, բայց չեն կրնալ մեզի պես պարել»: