Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկեր՝ կերած փշրանքների համա՞ր

Օգոստոս 20,2008 00:00

Բողոքի ցույց՝ «Գրողի ծոցը տարեք ՀԴՄ-ները» կարգախոսով

Ազգային ժողովում երեկ քննարկվելու էր ՀԴՄ-ների հարցը: Այդ կապակցությամբ երեկ Գյումրիում որոշել էին իրենց զայրույթն արտահայտել՝ կենտրոնական շուկայի փողոցը փակելով ու տրանսպորտի աշխատանքը խոչընդոտելով:

Առեւտրականները դժգոհում էին, որ ՀԴՄ-ներն իրենց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու, նորանոր ծախսեր ու փաստաթղթային քաշքշուկներ են ստեղծելու: «Առավոտի» հետ զրույցում առեւտրականները փոխանցեցին հետեւյալը. «Մենք հարկային դաշտից չենք խուսափում: Մենք պարտավոր ենք մտնել օրենքի դաշտ, եթե իրոք օրինական երկիր ենք կառուցում: Սակայն ՀԴՄ-ների աշխատանքը մենք կազմակերպել չենք կարող, որովհետեւ էնտեղ էնքան նուրբ հարցեր կան, որոնք մեզնից թաքցնում են: Իրենք հավաստիացնում են, թե տեղադրում են ձեւական, բայց իրականում մենք գիտենք, թե ինչ կրակի մեջ ենք ընկնելու, պարտավոր ենք հաշվետվություն տալ առեւտրի ծավալի շրջանառության մասին. որտեղից ենք ապրանքը գնել եւ ինչ գնով ենք վաճառում: Ուզում ենք իմանալ, երբ մենք ապրանքը բերում ենք անօրինական ճանապարհով, օրինակ՝ Երեւանից կամ Թուրքիայից, ո՞վ է մեզ փաստաթուղթ տալու, թե որտե՞ղ է արտադրվել, ո՞վ է արտադրողը: Եվ եթե չունենք նման փաստաթուղթ, բնական է, մենք անօրինական պետք է աշխատենք հարկայինի հետ՝ համաձայնության գալով, ինչո՞ւ են մեզ մղում անօրինական ճանապարհների, էս ձեւո՞վ են օրենքի երկիր կառուցում: Բացի դրանից, մենք «նիսյայով» էլ ենք վաճառում, փոխանակում ենք կատարում, ո՞նց կազմակերպենք ՀԴՄ-ների աշխատանքը: Ավելորդ գլխացավանք են ստեղծել՝ գրքերում հաշվառումներ պետք է կատարենք մեր առեւտրի վերաբերյալ, նույնիսկ ստիպված ենք մեր հաշվին հաշվապահ վարձել, բայց ի՞նչ ենք աշխատում, որ հիմա էլ աշխատող պահենք: Գյումրիում համարյա մարդ չի մնացել, առեւտուր չկա, միջինի վրա ենք աշխատում, չունենք էն քաղաքը, որ մոդայի վերջին ճիչը բերենք ու վաճառենք հաճախորդներին, մենք նույնիսկ մեր ճաշակով ապրանք չենք կարող բերել, ցածր խավն է մնացել քաղաքում: Եթե օրինական երկիր են կառուցում՝ թող սկսեն հենց իրենցից, ո՞վ չգիտի, որ խոշոր հարկատուները հենց իրենք պետք է լինեին, դրա համար էլ խոշորին թողած՝ մանրի հետեւից են ընկնում: Էս ձեւո՞վ եք ուզում վստահություն ձեռք բերել, Սերժ Սարգսյան»։

Երեկ շուկա էր ներկայացել Գյումրիի նորանշանակ հարկային տեսչության պետը՝ Խաչատուր Երոյանը, ով «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց. «Մայրաքաղաքի տոնավաճառների մեծ մասում այս գործընթացը գնացել է, իսկ ինչո՞ւ եք ուզում Գյումրին տարանջատել Հայաստանից, հենց միայն հարկային արտոնությունները, որոնք սահմանված են միայն Շիրակի մարզի համար, չեք պատկերացնում, թե ինչ մեծ արտոնություններ են՝ թեկուզեւ հաստատագրված վճարների հետ կապված: Երեւանի, Վանաձորի ու մյուս մարզերի համեմատությամբ՝ մեզ մոտ գանձվում է մայր հարկի 40%-ը: ՀԴՄ-ներ տեղադրելով՝ վարձավճարները չեն բարձրանա, ինչի՞ հիման վրա պետք է բարձրանա, տերը ՀԴՄ-ներ ձեռք բերելով՝ ձեռք է բերում բիզնեսի առարկա, ինչպես կոշկակարը մուրճ է առնում՝ առանց մուրճի չի կարող աշխատել, մենք աշխատում ենք նաեւ այն ուղղությամբ, որ ելնելով վայրերից՝ տեղի համար պահանջվող վարձավճարների որոշակի սահման դրվի, զարմանալին էն է, որ դա մինչեւ հիմա չի եղել, բայց շուկայական հարաբերություններ են, վերջիվերջո, սա պայմանագիր է վարձակալի ու վարձատուի միջեւ, եթե մարդը համաձայնում է վարձակալի պայմաններին, ուրեմն նրան ձեռք է տալիս, եթե ձեռք չի տալիս, փառք Աստծո, Գյումրիում շատ շուկաներ կան, կարող ես գնալ մեկ այլ տեղ վարձակալել, հարկայինը իրավունք չունի հարկադրել սեփականատիրոջը՝ իջեցնելու տեղի համար գանձվող գումարները»:

Նկատենք, որ նման օրենք չլինելուց օգտվում են հենց շուկայի սեփականատերերը, ովքեր իրենց այնպես արտոնյալ են զգում ու տեղ տրամադրելու համար այնպիսի ֆանտաստիկ գներ են պահանջում, որ առեւտրականը այլեւս չի կարողանում մտածել պետական հարկերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել