Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ

Օգոստոս 20,2008 00:00

Նրանցից ոմանք ապաստանել են Հայաստանում ու խաղաղ Վրաստան են երազում

«Առավոտը» երեկ հյուրընկալել էր վրաց-օսեթական կոնֆլիկտի պատճառով իրենց հայրենիքից հեռացած եւ ներկայումս Հայաստանում ապաստան գտած վրացի երիտասարդներին: Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են հայտնվել այստեղ եւ ի՞նչ են մտածում իրենց երկրում ստեղծված իրավիճակի մասին:

«Ես 28 տարեկան եմ, բժիշկ: Արդեն մեկ տարի է, ինչ սկսել էի աշխատել իմ մասնագիտությամբ: Ամբողջ կյանքում հպարտացել եմ իմ ազգությամբ եւ գտնվելով տարբեր երկրներում, առանձնացել բոլորից՝ վրացուն հատուկ ազգային հատկանիշներով: Ինձ համար միշտ էլ առաջնայինը եղել է իմ երկրի խաղաղությունը, հետո ուսումս, կարիերաս, որը սկսել եմ իմ հարազատ երկրում ու, ցավոք, կարծես հենց այնտեղ էլ ավարտել: Մեր երկրում տիրող անկայուն իրավիճակի ու մեր հարգարժան նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կայացրած որոշումների շնորհիվ այժմ դարձել եմ փախստական: Մեկ շաբաթից ավելի է՝ գտնվում եմ Երեւանում ու հայտնի չէ, թե ինչքան կմնամ: Գոյատեւում եմ հայ ընկերներիս հաշվին, իսկ նրանք հաստատ չեն պատրաստվում ինձ ամբողջ կյանքում կերակրել: Կարծում եմ, բոլորին էլ պարզ է, թե ո՞ւմ կամ ինչո՞ւ էր ձեռնտու մեր երկրում ստեղծված իրավիճակը… Ախր շարժվել ամբիցիաներով, զոհաբերել հազարավոր մարդկանց կյանքը՝ հանուն սեփական շահի, անթույլատրելի է: Այժմ դժգոհել սեփական երկրից, վարկաբեկել, դատապարտել քո ձեռքով ընտրած նախագահին եւ ապաստան փնտրել օտար հողում՝ հավանաբար սխալ է: Մյուս կողմից էլ, երբ հաշվի առնվի կյանքդ ամեն կերպ փրկելու հանգամանքը, քեզ ոչ ոք չի մեղադրի հայրենիքդ լքելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Իրակլի Կորբալաձեն:

22-ամյա Նիկոլաս Չակալիձեն շարունակեց. «Փախել եմ իմ երկրից, որովհետեւ չեմ ցանկացել մեռնել երիտասարդ: Չէ՞ որ կյանքս ամեն տեղ էլ կարող եմ դասավորել: Եթե իմ երկրում խաղաղ չէ, ուրեմն ինչո՞ւ չապրել թեկուզ հենց Հայաստանում: Կարծում եմ՝ մեր նախագահը սխալ քաղաքականություն է վարում, նա փորձում է հարցերը միայն ինքը լուծել ու հաշվի չի նստում մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ու իր երկրի ժողովրդի հետ: Ախր ժողովուրդն էլ իր տեսակետն ունի ու անտեսել, ոտնահարել՝ քեզ նախագահի աթոռ նվիրած հասարակության իրավունքները, առնվազն անբարոյական է»:

Դաթո Էլիզբարաշվիլիի կարծիքով՝ Միխայիլ Սահակաշվիլին թյուրիմացության մեջ է. «Նա պետք է քիչ ընդօրինակի ուրիշ պետությունների անհաջող փորձը, որովհետեւ իրականում մյուսներն, ի տարբերություն Վրաստանի, հզոր են բոլոր առումներով: Նա ղեկավարում է մեր երկիրը ու բնական է, որ մեզ համար նման իրավիճակ չէր ցանկանում, բայց եղածը եղած է ու քանի դեռ ժամանակ կա՝ պետք է սթափվել: Ցավոք, Մ. Սահակաշվիլին անկայուն բնավորություն ունի. ցանկացած պահի կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել ու իր ցանկացած պահի էլ՝ չեղյալ հայտարարել: Չէ՞ որ շախմատ չենք խաղում, եւ, ի վերջո, նախագահի քայլերի արդյունքում մի ամբողջ ժողովուրդ է տուժում կամ շահում»:

Իլյա Բերիկաշվիլին, ի տարբերություն մեր մյուս զրուցակիցների, ընտանիքով է տեղափոխվել Հայաստան. «Երբ պատերազմը սկսվեց ու իմ հայ հարեւանները որոշեցին վերադառնալ Հայաստան, ինձ էլ առաջարկեցին ընտանիքով տեղափոխվել: Մինչ այդ, երեք անգամ եղել էի Երեւանում ու ինձ դուր էր եկել այստեղի կյանքը: Երեւանում մարդիկ ազատ են, անկաշկանդ եւ, որ ամենակարեւորն է՝ օտարների հանդեպ թշնամանք չունեն: Չհաշված ձեր նախագահական ընտրություններից հետո եղած դեպքերը, ես միշտ հայերին համարել եմ չափից դուրս հավասարակշիռ ու կարգապահ: Իմ կարծիքով, Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն բազմաթիվ հատկանիշներով, այլեւ իրենց նախագահներով են նման: Երկու երկրներում էլ ընտրությունները միանման անցան… Գոնե դուք պատերազմում հաղթած ժողովուրդ եք, լավ կլիներ, որ վրացիները ձեզնից լավն ընդօրինակեին»:

Ջաբա Բարդավելիձեն պատմեց, որ պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել են հայրն ու ավագ եղբայրը. «Հայրս ու եղբայրս օրեր առաջ են զոհվել: Ես էլ մորս ու քրոջս խնդրանքով եկա Հայաստան, ու այժմ նրանցից ոչ մի լուր չունեմ: Չգիտեմ ինչ է ինձ սպասվում… չնայած Հայաստանում ապահով է, բայց ես իմ երկիրն են նախընտրում: Դեռ չեմ հասցրել սգալ հարազատներիս մահը, հիմա էլ մայրս ու քույրս են կորել: Հետաքրքրվել եմ, ասում են՝ մեր տունը գնդակոծվել է եւ այժմ գոյություն չունի: Ում դիմեմ, ինչ անեմ, չգիտեմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել