Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Օգոստոս 20,2008 00:00

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որով Հայաստանին կոչ է անում վերացնել լեհ լրագրողների նկատմամբ կիրառված արգելքը, որոնց վերջին օրերի ընթացքում չի տրամադրվել մուտքի արտոնություն: Հաղորդագրության մեջ մանրամասնած է, թե նման երկու դեպք է եղել, որոնցից մեկը վերաբերում է լեհական «Gazeta Wyborcza» օրաթերթի հայտնի արտասահմանյան թղթակից Վոյցեխ Յագելսկուն: Ներգաղթային ծառայության աշխատակիցը օգոստոսի 14-ին հայտնել է, թե նրա անունը ներառված է այն լրագրողների ցանկում, որոնց արգելված է մտնել ԱՊՀ տարածք եւ լինել այնտեղ: Յագելսկին Հայաստանի սահմանից հետ է վերադարձվել Վրաստան, որտեղ նա լուսաբանում էր պատերազմական գործողությունները: Լրագրողը ծրագրում էր մեքենայով Թբիլիսիից հասնել Երեւան եւ այնտեղից մեկնել Վարշավա: Սակայն հարկադրված է եղել Թբիլիսի վերադառնալ նույն ճանապարհով, որով եկել էր: Լրագրողն այս արգելքի համար մեղադրում է Ռուսաստանին, որին դուր չի գալիս, թե լեհական մամուլն ինչպես է լուսաբանում Վրաստանում պատերազմը: Վարշավայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Գրինինը օգոստոսի 16-ին լեհական մամուլին մեղադրել է կանխակալության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված երկրորդ դեպքը վերաբերում է Լեհաստանի հանրային հեռուստատեսության TVP-ի ռեպորտյոր Մարսին Մանոնին, որը օգոստոսի 12-ին ժամանելով Երեւան այն ինքնաթիռով, որը լեհական կառավարությունը հատկացրել էր Վրաստանում գտնվող իր քաղաքացիների էվակուացիայի համար՝ հարկադրված էր վերադառնալ: Երեւան գալով՝ լրագրողը հույս ուներ այնտեղից մեկնել Վրաստան, սակայն ներգաղթային ծառայության աշխատակիցները հայտարարել են, թե նա Հայաստանում պերսոնա նոն-գրատա է եւ պետք է վերադառնա Վարշավա: Մանոնը նույնպես այս արգելքի համար մեղադրել է ռուսական իշխանությանը:

«Մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք թույլատրել բոլոր լրագրողների մուտքը,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ:- Լրագրողները չեն կարող պատասխանատվություն կրել իրենց երկրների քաղաքականության համար: Նրանք պատերազմների միայն անկախ դիտորդներն են եւ ոչ թե դրանց մասնակիցները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել