Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱՄՆ-Ն ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿՆԵՐՔԱՇՎԻ ՆԱԵՎ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆՄԵՋ

Օգոստոս 20,2008 00:00

ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի տիկինը՝ ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանը հույս ունի, որ «ԱՄՆ-ն անմիջականորեն կներքաշվի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ»: Ըստ «Արմինֆոյի», նա այդպիսի կարծիք է հայտնել 1news.az կայքում զետեղված հարցազրույցում: Պատասխանելով Ադրբեջանի եւ Հայաստանի վրա հարավօսեթական հակամարտության ազդեցությանն առնչվող հարցին՝ քաղաքագետը հայտարարել է, որ «այստեղ մեծ անորոշություն կա», քանի որ ինքը չգիտի, թե ինչպես կհանգուցալուծվի հարավօսեթական կնճիռը: Նա նշել է, որ Ռուսաստանը պահանջում է հանրաքվեի միջոցով որոշել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի կարգավիճակը՝ օգտագործելով Կոսովոյի նախադեպը: «Եթե դա նրանց հաջողվի, ապա մեծ աջակցության կարժանանա նաեւ հայկական դիրքորոշումը, ըստ որի՝ հարկ է հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար: Սակայն ես կասկածում եմ, որ արդյունքն այդպիսին կլինի, քանի որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չեն ընդունի Հարավային Օսեթիայի հանրաքվեն. դա կնշանակի խրախուսել ագրեսորին: Բացի այդ, եթե Վրաստանն ընդունի հանրաքվեն, ապա Իրանն էլ կձգտի հանրաքվեի՝ Իսրայելի ապագան որոշելու համար, քրդերը կցանկանան հանրաքվե՝ Քիրքուկի ապագան որոշելու համար, ինչն անընդունելի է: Մենք դարձյալ տեսնում ենք ռուս-իրանական հարաբերությունների հարթեցում, եւ ժամանակն է, որպեսզի Արեւմուտքն էլ ընդունի դա»,- կարծում է Զեյնո Բարանը:

Նրա խոսքերով, կարեւոր է նաեւ «դիվանագիտական նախաձեռնությունների ապագայի հետ կապված հարցը»: «Պարզ է, որ Ռուսաստանն այսուհետեւ չի ընկալվի որպես չեզոք խաղաղապահ, եւ Ռուսաստանի մասնակցությունը երկու անջատական տարածաշրջանների ապագայի լուծմանը՝ միեւնույնը չէ, ինչ ԱՄՆ-ի մասնակցությունը: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի վրա: Ես առայժմ չգիտեմ, սակայն համոզված եմ, որ դա, այնուամենայնիվ, կանդրադառնա, քանի որ անհնար է պատկերացնել, որ ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահները համագործակցեն տարածաշրջանային հակամարտության կարգավորման գործում՝ այն դեպքում, երբ նրանց դիրքորոշումները միանգամայն հակադիր են: Ուստի ես հուսով եմ, որ այժմ ԱՄՆ-ն անմիջականորեն կներքաշվի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, եւ ո՛չ որպես երկրների խմբի անդամ: Մենք հատկապես նկատեցինք Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մոտիկությունը Վրաստանի պարագայում: Սակայն հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման ցանկացած փոփոխություն տեղի կունենա միայն ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից հետո»,- հայտարարել է քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել