Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, ներվերս էլ չի հերիքում»

Օգոստոս 20,2008 00:00

«Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ Էրեբունու գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը

– Ինչո՞ւ եք հանել ձեր թեկնածությունը Էրեբունի համայնքի թաղապետի ընտրություններում:

– Իմ թեկնածությունը հանել եմ միայն մեկ պատճառով, որովհետեւ արդեն ժամանակն է, որպեսզի մենք մեր դիրքերը զիջենք երիտասարդներին: Թող աշխատեն, ես ինչքան կարողացել եմ՝ աշխատել եմ, ուղղակի արդեն հոգնել եմ, ճիշտն ասած, չեմ ուզում աշխատել, իսկ քանի որ ունեի նորմալ տեղակալ, խելացի, գրագետ տեղակալ, դրա համար ուզեցի իմ տեղը զիջել իրեն, որ ինքը աշխատի:

– Այդ դեպքում ինչո՞ւ նախ առաջադրվեցիք, հետո, վերջին պահին, հանեցիք ձեր թեկնածությունը:

– Իհարկե, թեկնածությունս առաջադրեցի միայն, որպեսզի ամեն մարդ չգա՝ իր թեկնածությունը չդնի: Ես գիտեմ, իմ թեկնածության դեպքում շա՜տ-շատ մարդիկ, մի մասը, ասենք, ռիսկ չի անի՝ զգալով իր պարտությունը, մի մասը՝ կհարգի ինձ, թեկնածություն չեն առաջադրի: Իսկ որպեսզի նորմալ կադր լիներ Էրեբունի համայնքի ղեկավարը, կատարվեց այս ձեւը, հիմա այլ մարդ չկա, եւ մեր թեկնածուն՝ իմ տեղակալը, կլինի Էրեբունու թաղապետ:

– Սակայն, մեր տեղեկություններով, ձեր նշած «նորմալ թեկնածուն» ձեր բարեկամն է: (Մեր տեղեկություններով, պարոն Սեդրակյանը համայնքի ղեկավարի միակ թեկնածուի քեռին է):

– Սաղ հայերով իրար բարեկամ ենք, դա կապ չունի, որ լավ խորանանք՝ բոլորս էլ բարեկամ ենք, բայց ամեն դեպքում եթե մենակ է՝ ինքն էլ պիտի ընտրվի:

– Դեռ երկու շաբաթ առաջ ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր կայացրել, որ Էրեբունի համայնքում սատարելու է գործող թաղապետ Մհեր Սեդրակյանին, այդ ժամանակ առաջադրված էր նաեւ Արմեն Հարությունյանը: Հիմա ի՞նչ է լինելու կուսակցության ղեկավար մարմնի այս որոշման ճակատագիրը, չեղյա՞լ է հայտարարվելու, թե՞ այդ որոշումը «տարածվելու» է մեկ այլ թեկնածուի վրա:

– Ի՞նչ տարբերություն, ե՞ս եմ, թե՞ ինքը, ավելի լավ, երիտասարդ կադր՝ է, ինքը ավելի լավ կաշխատի, իրա մեջ էներգիան շատ է:

– Իսկ այդ երիտասարդ կադրի «փորձը» լրագրողների հետ «աշխատելու»՝ նո՞ւյնն է, ինչպես Մհեր Սեդրակյանինը:

– Ինքը լրագրողների հետ չի շփվել, 5 տարի աշխատել է թաղապետարանում, դե, խելացի տղա է, ինձ թվում է, նորմալ կաշխատի, եթե լրագրողները իրանց սուտ հոդվածներով չուզենան էդ մարդուն փնովել, վարկաբեկել, ինքը նորմալ-պարյադչնի անձնավորություն է:

– Այսուհետեւ, ուրեմն, դուք անձամբ ի՞նչ դերակատարություն եք ունենալու Էրեբունի համայնքում, ձեզ ա՞յլ պաշտոն են առաջարկել:

– Ակտիվ հանգիստ, աշխատանք պետք չի, ես ուզում եմ հանգստանալ:

– Այսինքն՝ դառնում եք երիտասարդ թոշակառո՞ւ:

– Դե, ես ունեմ իմ բիզնեսները, դրանցով կզբաղվեմ, ինձ թվում է, դա բավական է, էլի, ի՞նչ պարտադիր է, որ միշտ պետական աշխատանքի լինեմ: Արդեն ինը տարի աշխատել եմ, էլ չեմ կարողանում, չի հերիքում: Ավելի լավ է գնամ հանգստանամ, մի փոքր կյանքը վայելեմ:

– Ասացիք՝ չի հերիքում, ի՞նչը չի հերիքում:

– Դե, ներվերս էլ չի հերիքում, որովհետեւ գիտե՞ք, լրագրողների մի մասսա կա, որոնց հետ իրոք չես կարողանում աշխատել, էնքան սուտ բաներ են գրում, մեկ-մեկ դու էլ ես մտածում՝ կարող ա՞ իրոք ըտենց ա, որ սրանք գրում են, բայց ես գիտեմ, որ իրանք իրոք սուտ են գրում, ինձ թվում է, օրենք դուրս կգա էդ սուտի համար, ամեն մեկը իրա պատիժը կստանա, եւ հուսով եմ, որ տեղակալս այդ հաճույքը կստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել