«Ազատություն» ռ/կ-ի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի դեմ հարձակումը հերթականն էր վերջին շրջանում լրագրողների դեմ հաճախակի դարձած բռնությունների շարքում:
Օգոստոսի 18-ի երեկոյան, ժամը 22-ի սահմաններում, Կոնսերվատորիայի այգու դիմաց հարձակման ու ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Հարձակվողը, որը 40-ին մոտ տղամարդ է եղել՝ նստած է եղել այգու նստարաններից մեկին եւ լրագրողին դիմել է անունով: Հրաչ Մելքումյանը կարծել է, թե կանչողն իր ծանոթներից է: «Մութն ընկել էր արդեն, ես էլ հեռվից լավ չտեսա՝ մոտեցա, որ տեսնեմ, թե ով էր կանչողը, ու հանկարծակի սկսեց հարվածել՝ միաժամանակ հայհոյելով «Ազատություն» ռադիոկայանը,- «Առավոտին» պատմեց Հրաչ Մելքումյանը:- Ես հարվածի չէի սպասում ու չհասցրի ոչինչ անել: Ամրակազմ, սպորտային կազմվածքով մարդ էր»: Ծեծկռտուքը տեւել էր մի քանի րոպե, սակայն կողքով անցնող մարդիկ որեւէ կերպ չէին միջամտել կատարվածին:
Հրաչ Մելքումյանը պնդեց, թե տեսնելու դեպքում կճանաչի հարձակվողին: «Ազատություն» ռ/կ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը կատարվածի վերաբերյալ երեկ հայտարարություն է ներկայացրել ՀՀ ոստիկանությանը, ցուցմունքներ տվել եւ այսօր ենթարկվելու է դատաբժշկական փորձաքննության: Հարվածի հետքեր կան ոչ միայն նրա դեմքին, այլ նաեւ մեջքին, ոտքերին ու արմունկներին:
Լրագրողը հարձակումը պայմանավորեց իր մասնագիտական գործունեությամբ. «Ցուցմունքում էլ եմ նշել, որ աշխատանքիս բնույթի հետ կապված որեւէ վիճաբանություն չեմ ունեցել եւ որեւէ մեկին չեմ կարող կասկածել: Կատարվածը կապում եմ ընդհանրապես մեր ռադիոկայանի եւ մեր ծրագրերի հետ, որովհետեւ հարձակվողը հայհոյում էր ընդհանուր «Ազատություն» ռադիոկայանը եւ մեր հաղորդումները»:
Վերջին շրջանում լրագրողների դեմ հաճախակի դարձած հարձակումների կապակցությամբ, որի հերթական դրսեւորումը դարձավ այս բռնությունը՝ վաղը հայտարարություն կտարածեն լրագրողական մի շարք կազմակերպություններ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս կապակցությամբ ասաց. «Լրագրողական կազմակերպությունների մի շարք հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքական իրավիճակի սրացման դեպքում ավելանում են լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ոտնձգությունները: Եվ վերջին շրջանում հատկապես ընդդիմադիր մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ ենթարկվեցին բռնության: Պետք է այստեղ հիշատակեմ ե՛ւ «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանի հանդեպ գործադրված բռնությունը դատարանում, ե՛ւ «Հայկական ժամանակի» թղթակից Լուսինե Բարսեղյանին ծեծելը, եւ ահա այժմ էլ «Ազատության» աշխատակից Հրաչ Մելքումյանի վրա հարձակումը: Այս ամենը, կարծում եմ, հետեւանք է այն հանգամանքի, որ նմանատիպ հանցագործությունները մեզանում մնում են անպատիժ, եւ այդ մթնոլորտն է, որ թույլ է տալիս տարբեր տեսակի խուլիգանական տարրերին դիմել նման քայլերի: Կարծում եմ՝ եւս մեկ անգամ հայտարարությամբ կհնչեցնենք մեր պահանջը՝ անպայման հետաքննել այս դեպքերը ու գտնել մեղավորներին: Եվ այս ընթացքում չի եղել հայտարարություն միայն այն պատճառով, որ արձակուրդ էր»:
Արձակուրդից նոր վերադարձած Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեր հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում հաճախակիացել են լրագրողների դեմ ոտնձգությունները՝ պատասխանեց. «Սովորաբար այդ կարգի հարձակումները լրագրողների վրա ավելի հաճախակի են դառնում սուր քաղաքական իրավիճակներում: Եվ ակնկալելով, որ ամառվա հարաբերական հանգստից հետո մենք ունենալու ենք քաղաքականապես բավականին սուր եւ ակտիվ աշուն՝ ուժային կառույցները փորձում են սահմանափակել լրագրողների ակտիվությունը, նրանց մեկնաբանություններն ու լուսաբանումները՝ իշխանությունների ոչ օրինական պահվածքի վերաբերյալ: Եվ ինձ թվում է, որ իշխանությունները փորձում են օգտվել ամառային ամիսներին ընդհանուր հասարակական կյանքի պասիվությունից ու նաեւ նրանից, որ աշխարհի ուշադրությունն այսօր սեւեռված է Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի զարգացումների վրա, եւ Հայաստանում ավելանում են մարդու իրավունքների խախտումները, լրագրողների, խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունները»:
Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանն ասաց. «Իշխանությունները դարձել են անհանդուրժող: Ես նրա՛նց եմ համարում մեղավոր: Եթե մեր երկրում, մեր փողոցներում օրը ցերեկով կամ գիշերով մարդկանց են ծեծում՝ պատասխանատուն իշխանություններն են: Նրանք ցանկացած պահի կարող էին գտնել բռնություն իրականացնողներին, բայց չեն անում: Ես չե՛մ հավատում, թե նրանք չեն կարողանում բռնել այդ մարդկանց կամ չգիտեն՝ նրանք ովքեր են»: Մեր դիտարկմանը, թե որպես կանոն՝ արձագանքն այսպիսին է լինում, թե սա սադրանք է, որն արվում է իշխանությունների վրա բարդելու նպատակով՝ Էդիկ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Թող այդ դեպքում բռնեն սադրանք անողներին: Այսինքն, միեւնույն է՝ ամեն դեպքում պատասխանատուն իշխանություններն են»:
Հրաչ Մելքումյանի նկատմամբ հարձակման կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը. «Բնական է, որ «Ազատություն» ռադիոկայանը, լինելով անկախ լրատվության կղզյակ ամբողջությամբ վերահսկվող էլեկտրոնային լրատվամիջոցների մեր այսօրվա միջավայրում, սարսափեցնում է իշխող վարչախմբին իր անաչառ տեղեկատվությամբ: Հատկապես հետմարտիմեկյան լրատվական շրջափակման մեջ «Ազատությունը» հասարակության լայն շերտերի համար դարձավ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու եթե ոչ միակ, ապա հազվագյուտ աղբյուրներից մեկը»: Դատապարտելով այս ոտնձգությունը լրատվամիջոցի եւ լրագրողի հանդեպ՝ «եւ համարելով այն քաղաքական պատվեր, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ ահաբեկումների շղթայի մեկ մաս»՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը մասնավորապես հայտարարել է. «Ռեժիմը, սարսափած լինելով անաչառ եւ ճշմարիտ խոսքի տարածումից, փորձում է ահագնացնել ճնշումներն ու ահաբեկումները լրատվական աշխարհի վրա»: