Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել վիճահարույց մի շարք օրինագծեր, իսկ Սեւանի հարցը թողեց այսօրվան
Խորհրդարանում երեկ քննարկվում էին օրինագծերի նախագծեր, որոնք, ըստ էության, պարտադրում են հսկիչ դրամարկղերի կիրառումը մանր բիզնեսում, այդ թվում՝ տոնավաճառներում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառողների գործունեության կասեցման մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու հետ կապված դիմեց հարկային ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանին. «Նրանք, ովքեր առեւտուր են կազմակերպում, այդ անձինք այսօր դժգոհություն են հայտնում ձեր նախաձեռնությունից եւ դժգոհությունը արտահայտելու համար դուրս են եկել Բաղրամյան պողոտա, նրանք ուզում են անձամբ ձեզանից ստանալ պարզաբանում, բացի այդ, նրանք ունեն ներկայացուցիչներ եւ ցանկանում էին, որպեսզի այդ ներկայացուցիչները այս պահին գտնվեին դահլիճում եւ լսեին բոլոր պատգամավորներին, այդ թվում նաեւ ձեզ»: Պարոն Չիլինգարյանի պատասխանը հետեւյալն էր. «Տեղեկացնեմ, թե մեկ ժամ առաջ ինչ է եղել: Դեմիրճյան փողոցում մարդիկ հավաքված էին, մտահոգություններ ունեին, եւ երբ ներս էինք մտնում՝ տեսանք այդ մարդկանց: Ի՞նչ արեցինք մենք՝ խնդրեցինք անմիջապես հարկային ծառայությունից աշխատանքային խմբի մարդիկ գան այստեղ, այստեղ էլ իմ օգնականները կան, բոլորս միասին գնացինք, որ զրուցենք իրենց հետ, խնդրեցինք՝ հինգ ներկայացուցիչ գա ներս, որ պարզաբանումներ տանք, նրանք հրաժարվեցին, չարեցին, մի քիչ հետո ցրվեցին: Նույն բանը, իհարկե, պատրաստ ենք անել անմիջապես՝ ընդառաջ գնալով ձեր ասածին»:
ՕԵԿ խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը ուզում էր հասկանալ՝ կառավարությունը ունի՞ որոշակի լծակներ՝ ազդելու այն բացասական հետեւանքի վրա, եթե ՀԴՄ-ների կիրառման դեպքում տոնավաճառների կազմակերպիչները փորձեն բարձրացնել վարձավճարները: Ի պատասխան՝ Ահարոն Չիլինգարյանը հայտարարեց, որ իրենց առաջարկած փոփոխությունների հետեւանքը լինելու է այն, որ տոնավաճառների տերերը պետք է աչքի լույսի պես պահեն վարձակալներին, որ նրանք ուրիշի մոտ չգնան, եւ դա նման է լինելու խոշոր խանութների կողմից կիրառվող զեղչային համակարգին: Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորների մեջ տոնավաճառների տերերի պակաս չկա, իսկ նրանցից ամենահայտնին հանրապետական Աշոտ Աղաբաբյանն է: Նրան էլ հարցրինք՝ ինքը այս փոփոխություններից հետո պատրաստվո՞ւմ է աչքի լույսի պես պահել իրենից տարածք վարձակալողներին: Աշոտ Աղաբաբյանը նախ նեղացավ. «Դա տոնավաճառ չէ, մեռա դրանց ասելով, դա առեւտրի կենտրոն է, տոնավաճառը փողոցն է, առետրի կենտրոնը շենք է, որտեղ պայմաններ կան, որ մարդը 8 ժամ աշխատի, մի խառնեք դրանք իրար»: Խառնողը քանի որ մենք չէինք, ուզեցինք հասկանալ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք առեւտրի կենտրոնի սեփականատեր պատգամավորը օրենքի փոփոխության «հետեւանքով» իրենից տարածք վարձակալողներին ավելի «լավ պահել», որ իր մոտից այլ տեղ չգնան: Աշոտ Աղաբաբյանը հարցին հարցով պատասխանեց. «Ո՞նց պահեմ, պերերիվը ձրի՞ տամ, վարձը ե՞ս տամ, լավ, էլի»: Իսկ տարածքների վարձավճարները կարո՞ղ են թանկանալ օրենքի փոփոխություններից հետո. «Ինչի՞ պիտի թանկացնենք, եթե այսօրվա պարզեցված հարկը ես եմ տալիս, այսօր ես հաշվապահություն եմ ստեղծել, իրենց բերել եմ հարկային դաշտ, անհատ ձեռներեցներ են, որոնց հաշվապահությունը մենք ենք իրականացնում եւ հարկային տեսչության հետ փոխհարաբերությունները մենք ենք պահում, մեր հաշվին, կազմակերպիչ որ ասում են, կազմակերպչի հաշվին մենք իրենց հարկերը տալիս ենք»:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը նախորդ օրը տարածած իր հայտարարության մեջ նշել էր, որ կառավարության կողմից ներկայացված այս փոփոխությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ «փոքր բիզնեսի դեմ հարկային աննախադեպ տեռորի իրականացման ուղի»։ Մինչդեռ, կառավարությունը վերոհիշյալ օրենքներում իր իսկ առաջարկած փոփոխությունների նպատակահարմարությունը հետեւյալ կերպ է բացատրում: «Հաստատագրված վճարների մասին» օրենքը, կառավարության տրամաբանությամբ, կարեւոր է հետեւյալ պատճառով. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով Երեւանում՝ 7 քառակուսի մետր, այլ վայրում՝ մինչեւ 10 քառակուսի մետր կրպակների միջոցով առեւտրի, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի մասով սահմանվում են իրացման շրջանառության սահմանային չափեր, որոնք գերազանցելու դեպքում գերազանցման եռամսյակի համար հաստատագրված հարկ վճարողները հարկերը պետք է հաշվարկեն ընդհանուր սահմանված կարգով»: