Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

ՄԵՐՈՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Չինաստանի մայրաքաղաքում ընթացող ամառային 29-րդ օլիմպիական խաղերն աստիճանաբար մոտենում են եզրագծին:

Գյումրեցիների 3-րդ «բրոնզը»՝ ծանրամարտում

Որբաթ երեկոյան Հայաստանի օլիմպիական հավաքականի հաշվարկում հինգերորդ բրոնզե մեդալը գրանցեց մինչեւ 85 կգ քաշային ծանրորդ՝ գյումրեցի Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, որին այդ գործում պետք է օգներ մեր մյուս ներկայացուցիչը՝ Էդգար Գեւորգյանը:

Պոկում վարժությունում Գեւորգյանը մեկնարկային մոտեցումը ձախողեց 170 կիլոգրամում, սակայն երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց պատվիրված նախնական քաշը, իսկ վարժությունն ավարտեց 176 կգ-ով, ինչը մեկ քաշային կարգ իջած մարզիկի համար լավ արդյունք է: Սակայն հայ ծանրորդը լիակատար անհաջողության մատնվեց հրում վարժությունում. 196 կիլոգրամանոց ծանրաձողն այդպես էլ չենթարկվեց նրա կամքին:

Ինչ վերաբերում է Տիգրանին, նա պայքարն սկսեց 172 կգ-ից, այնուհետեւ գլխավերեւում պահեց 177 կիլոգրամը, բայց եզրափակիչ մոտեցումը 180 կիլոգրամին՝ չստացվեց: Հրում վարժությունում իր թիմակցի ձախողումից հետո պայքարում միայնակ մնալով՝ գյումրեցին ստիպված որոշ փոփոխություններ կատարեց իր ու մարզիչների ընտրած մարտավարությունում: Նախնական 200 կիլոգրամի փոխարեն նա պայքարն սկսեց 203 կգ-ից: Ճիշտ է, առաջին մոտեցումն անհաջող եղավ, սակայն երկրորդ անգամ նա այդ արգելքը հաղթահարեց՝ բրոնզե մեդալի լուրջ հայտ ներկայացնելով: Մարտիրոսյանի գլխավոր մրցակիցը պոկումում նրանից երեք կիլոգրամ ավելի բարձրացրած ղազախստանցի Վլադիմիր Սեդովն էր, որը առաջին մոտեցումում բարձրացրել էր 200 կիլոգրամը, բայց անձնական քաշով ավելի էր Տիգրանից: Այնպես որ, նրան շրջանցելու համար վերջինը պարզապես պարտավոր էր առնվազն կրկնել հայ ծանրորդի ցույց տված 203 կիլոգրամը: Սակայն Սեդովի վերջին երկու փորձերն անհաջող եղան: Երկու ծանրորդներն էլ երկամարտում ցույց տվեցին 380 կիլոգրամ, ինչը միանգամայն բավարարում էր գյումրեցուն՝ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր հռչակվելու համար: Այդ իսկ պատճառով Մարտիրոսյանը մարզիչների հետ որոշեց հրաժարվել հրում վարժության երրորդ մոտեցումից: Իսկ այս քաշային կարգում երկու առաջին տեղերը 394 կիլոգրամով զբաղեցրին համապատասխանաբար Յոնգ Լին (Չինաստան) եւ Անդրեյ Ռիբակովը (Բելառուս):

Ռինգում մնացել է մեկ բռնցքամարտիկ

Շաբաթ օրը բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը եւս երկու կորուստ ունեցավ:

Սկզբում քառորդ եզրափակիչի ճանապարհին Պեկինի ռինգում մարտը՝ միավորների 7:13 տարբերությամբ, տանուլ տվեց 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, որը հետագա պայքարի իրավունքը զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Բիրզան Ժակիպովին: Իսկ ավելի ուշ պայքարից դուրս մնաց նաեւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Նա ուզբեկստանցի Էլշոդ Ռասուլովի հետ մարտի ընթացքում միավորների հաշվարկում հետապնդողի դերում էր: Սակայն ստացած վնասվածքի պատճառով ռինգի մրցավարը դադարեցրեց պայքարը՝ տեխնիկական հաղթանակ գրանցելով Ռասուլովին: Սա մեր բռնցքամարտիկների երրորդ կորուստն էր օլիմպիական ռինգում: Պայքարի մեջ մնացել է միայն 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը: Եթե հայ բռնցքամարտիկն այսօր քառորդ եզրափակիչում կարողանա առավելության հասնել կորեացի Ջոնգսուբ Բայկի նկատմամբ՝ իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Կարեւորը մասնակցությունն էր

Պեկինում իրենց մրցելույթն ավարտել են սպիտակ քարտով Խաղերին մասնակցելու իրավունք ստացած արագավազորդուհի Անի Խաչատրյանը եւ լողորդ Միքայել Քոլոյանը: Համաձայն օլիմպիական խաղերի պաշտոնական կայքի, Անին 100 մետր վազքում ցույց է տվել 12,76, իսկ Միքայելը, որը մասնակցել է 100 մետր ազատ ոճին՝ 51,89 վայրկյան: Հասկանալի է, այս արդյունքներով երկուսն էլ չէին կարող պայքարել բարձր տեղերի համար:

Այլ սպասելիքներ ունե՞նք

Բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանի մասին արդեն ասացինք: Այսօր Պեկինում պայքարն են սկսում ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացված է երեք հոգով: Նրանք են. Մարտին Բերբերյան՝ 60 կգ, Սուրեն Մարկոսյան՝ 66 եւ Հարություն Ենոքյան՝ 84: Ամենափորձառուն եւ տիտղոսակիրը Մարտին Բերբերյանն է, որը գորգ է մտնելու այսօր: Նրանից սպասելիքներ, իսկապես, կան: Ինչ վերաբերում է Սուրենին եւ Հարությունին, նրանք առաջին անգամ են հանդես գալիս օլիմպիական խաղերում: Բայց նկատի ունենալով ըմբշամարտի հայկական դպրոցի հարուստ ավանդույթները, չենք բացառում, որ այդ ըմբիշները կարող են հաճելի անակնկալ մատուցել իրենց երկրպագուներին:

Նիզականետորդ Մելիք Ջանոյանը ասպարեզ է մտնելու օգոստոսի 21-ին: Կարծում ենք, մրցանակային տեղ զբաղեցնելու նրա շանսերն այնքան մեծ չեն: Սակայն գյումրեցին Պեկին մեկնել է մարտական տրամադրությամբ եւ հայ մարզասերներին խոստացել հուսախաբ չանել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել