Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

Կկառուցվի «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղ

Ըստ ուսումնասիրությունների, այստեղ կարիքավորներն ավելի շատ են

Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բարեգործական ընթրիքով եզրափակվեց «Օրրանի» ավանդական միամսյակը: Այս բարեգործական կազմակերպությունը, որ 2000թ. հիմնադրել են Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանները, իր գործունեության 8 տարիների ընթացքում ավելի քան 5000 կարիքավորների մատուցել է սնունդ, հագուստ, կրթական, հոգեբանական եւ բժշկական ծառայություն: «Օրրանի» միամսյակի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան, մուրացիկ, կարիքավոր երեխաների ու միայնակ ծերերի մասին: Ինչպես արդեն նշել էինք «Առավոտի» նախորդ համարներից մեկում, բարեգործական ընթրիքի ընթացքում տեղի ունեցած աճուրդի ողջ հասույթը այս անգամ տրամադրվելու է Վանաձորում «Օրրանի» կենտրոնի կառուցմանը, որովհետեւ այստեղ կարիքավորներն ավելի շատ են: Աճուրդին ներկայացված էին «Օրրանի» սան Գրիգոր Քանանյանի «Խաղողօրհնեք» մաքրամեն, ՄԱԿ-ի կողմից հայտարարված «Աղքատության հաղթահարում» մրցույթի հաղթող Մարիամ Մարուխյանի աշխատանքները, նկարիչ-դիզայներ Արեւ Պետրոսյանի «Միայն քեզ համար» օրգանական ապակու վրա ոսկե եւ արծաթե թիթեղներով արված գեղարվեստական աշխատանքը, «Մեգերյան գորգերից»՝ հայկական ձեռագործ գորգ եւ այլն: Ընթրիքին մասնակցում էին Գուգարաց թեմի առաջնորդը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, դիվանագետներ, գործարարներ, հասարակական, մշակութային գործիչներ: «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որ անցյալ տարի եւս մեծ ներդրում էր կատարել, կոչ արեց գործարարներին ու 1000 խոշոր հարկատուներին հայացքներն ուղղել դեպի հասարակությունը, մասնավորապես կարիքավոր երեխաները ու $70000-ով գնեց Արեւ Պետրոսյանի աշխատանքը: Անգլիայից ժամանած Գրիգոր եւ Աննա Գրիգորյանները, օրինակ, $250000 տրամադրեցին «Օրրան-Վանաձորին», որի իրականացման համար անհրաժեշտ է $900000: Այս առիթով Ա. Հովհաննիսյանը պատմեց, որ Գրիգոր Գրիգորյանի տատիկը, որ ժամանակին եղեռնից մի կերպ փրկվել է, թոռանը պատգամել է երեւելի ու հաջողակ մարդ դառնալու դեպքում երբեք աչքաթող չանել «հայ չոջուխներուն»: Միջոցառմանը ելույթ ունեցավ «Ավետիս» երգչախումբը, պարուհի Իռեն Ուլիխանովան, երգիչներ Միստր X-ը, Արթուր Իսպիրյանը: Ներդրումներ արվեցին «Հովնանյան ինտերնեշնլի», «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենի ու այլ անհատների եւ կազմակերպությունների կողմից: «Օրրանի» հիմնադիր Ա. Հովհաննիսյանը փաստեց, որ Հայաստանում եւս ձեւավորվել է բարեգործության նպատակով ներդրումներ անելու յուրօրինակ մշակույթ. «Շնորհակալություն ձեզ, որ տալիս եք ու ոչինչ չեք ստանում: Ես տալիս եմ ու ստանում եմ երեխաների ժպիտները, պաչիկները իմ այտերին»,- ասաց նա: Ա. Հովհաննիսյանը, խոսելով բոլոր նվիրատուների մասին, նշեց նաեւ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանի անունը, որը արդեն քանի տարի անտրտունջ հոգում է «Օրրանի» բոլոր ձեռնարկների տպագրական կարիքները:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել