Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

ՀՈՐՍ ՀՈՒՇԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԻ ԵՂԵԼ

Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը գտնում է, որ հոր՝ Հակոբ Ղազանչյանի

մոտեցումը թատերարվեստին կրում է ժամանակակից ձեւեր:

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը սերում է թատերարվեստի երախտավորներ Գալյա Նովենցի եւ Երվանդ Ղազանչյանի ընտանիքից։ Թատրոնում արվեստագետի կյանքը սկսվել է վաղ մանկությունից, հետեւաբար կարելի է ենթադրել, որ նա ոչ թե իր համար հայտնագործել է թատրոնը, այլ վերջինիս ու իր միասնությունը եղել է ներդաշնակ։ «Առավոտի» համար Մ. Ղազանչյանի ստեղծագործական ուղին հետաքրքիր է ոչ այն բանի համար, որ նա Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի դուստրն է, այլ նրա, որ երիտասարդը բեմում հանդես է եկել պատասխանատու դերերով, անգամ մասնակցել փառատոների։

Վերջերս Մ. Ղազանչյանը Ալ. Վոլոդինի «Օֆելյա» մոնոներկայացումով (ռեժիսոր՝ Հ. Ղազանչյան) մասնակցեց Գդանսկում շեքսպիրյան 13-րդ փառատոնին, որը համարվում է ամենախոշորը Եվրոպայում։ Լեհական «Գազետա» պարբերականում հայտնի թատերագետներ Ագաթա Քիրոլը եւ Միրոսլավ Բարանը, վերլուծելով եւ մեկնաբանելով փառատոնը, անդրադարձել են նաեւ հայ դերասանուհու մարմնավորած Օֆելյային. «Դերասանուհին վարպետությամբ է կատարում դերը՝ դեպի իրեն ձգելով հանդիսատեսի ուշադրությունը, հիանալի փոփոխելով տրամադրությունն ու ողբերգական զգացմունքները»։ Հիշեցնենք, որ ժամանակին այս փառատոնին մասնակցել են Երեւանի պատանի հանդիսատեսի եւ Դրամատիկական թատրոնները, համապատասխանաբար՝ «Համլետ» եւ «Մակբեթ» բեմադրություններով։

«Առավոտի» հետ հանդիպմանը Մ. Ղազանչյանը տեղեկացրեց. «Գդանսկում այս տարի մասնակցել են 15 երկրների թատերախմբեր, այդ թվում՝ Ճապոնիայից, Ռումինիայից, Անգլիայից… Միայն ես եւ Ուկրաինան ներկայացնող դերասանուհի Լիդիա Դանիելչուկը («Ռիչարդ-Ռիչարդից հետո») հանդես եկանք մոնոներկայացումով»։ Մեր զրուցակիցը տպավորված էր, երբ ներկայացումից հետո ճանաչված դերասանուհի Քրիստինա Լյուբենսկան մոտեցել է իրեն ու ասել. «Ձեր արտաքինն ու ժեստերը ինձ հիշեցրին աշխարհահռչակ Պենելոպա Կրուզին…»։ Ի դեպ, նշենք, որ Ք. Լյուբենսկան ժամանակին Օֆելյա է մարմնավորել աշխարհահռչակ Անջեյ Վայդայի ռեժիսուրայով։ Հարցին, թե որպես երիտասարդ դերասանուհի կաշկանդված չի՞ զգում հայ թատրոնի շեքսպիրյան հարուստ ավանդույթների առիթով, քանի որ ժամանակին շեքսպիրյան հերոսներին մարմնավորել են Սիրանույշը, Ադամյանը, Փափազյանը եւ այլ մեծեր, Մ. Ղազանչյանն ասաց. «Ինչ խոսք, այդ անուններն ինձ համար մեծություններ են, սակայն ինքս երբեք երկու արվեստագետների չեմ համեմատում՝ պարզ պատճառով, յուրաքանչյուր դերասան անհատականություն է։ Ուրիշ հարց է, որ ինքս ստեղծագործական կյանքում կաշխատեմ իրականացնել մեր մեծերի արածի գոնե կեսի կեսը…»։

Ինչպե՞ս է այսօր Արեւմուտքն ընկալում Շեքսպիրին, մանավա-նդ՝ այսօր աշխարհի թատրոնները հետաքրքրված են առավել ժամանակակից հեղինակներով եւ թատերաձեւերով: Ըստ դերասանուհու՝ «տեսնելով փառատոնային 7 օրերի անշլագ ներկայացումները եւ ելնելով այն փաստից, որ Շեքսպիրի 16-րդ դարում ստեղծած ցանկացած գործ այսօր էլ արդիական է, կարելի է միանշանակ ասել, որ շեքսպիրյան «աշխատությունների» նկատմամբ հետաքրքրությունը չի կարող կորել կամ նվազել։ Ուրիշ բան, որ ներկայացումներին պետք է հաղորդել ժամանակակից շունչ։ Օրինակ, փառատոնի ժամանակ լեհական թատրոններից մեկի ներկայացրած «Փոթորիկը», իրոք, փոթորիկ առաջացրեց դահլիճում։ Ականատես եղանք, թե ինչպես բեմում կատարվեց իրական ավտովթար եւ ի՜նչ տրյուկներ էին կատարում տարեց դերասանները, էլ չեմ խոսում բեմադրության էֆեկտների ու խաղի մասին»։ Հարցին՝ բոլոր ժամանակներում ասվում է, որ երիտասարդ սերունդը ունի ժամանակակից մտածողություն, ինչով էլ տարբերվում է ավագներից, գուցե այս առումով Մ. Ղազանչյանը հորը երբեմն հուշո՞ւմ է ինչ-որ բան։ «Հուշելու առիթ չի եղել, քանի որ հորս մոտեցումը թատերարվեստին՝ կրում է ժամանակակից ձեւեր՝ իր այսօրվա ասելիքով եւ կերպարներով…»,- հայտնեց Մ. Ղազանչյանը։ Վերջին օրերին Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին պաշտոնանկ անելու առիթով ասաց, որ ինքն ընդհանրապես չի «թաթախվում» նման գործերի մեջ. «Ես իմ գործն եմ կատարում, օրինակ՝ վերջերս Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» պիեսի հանձնումը (ռեժիսոր՝ Դավիթ Հարությունյան), որտեղ կատարում եմ Մարիի դերը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել