Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Գյումրիում կրակոցներ չեն եղել

ՏԻՄ ընտրությունները թեեւ կայանալու են հոկտեմբերի 26-ին, սակայն Գյումրիում ընտրապայքարն արդեն իսկ սկսված է: Պարզվում է՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնն այնքան ախորժաբեր է, որ նույնիսկ ներկա պաշտոնյաներից շատերն են գայթակղվել ու որոշել իրենց գործը փոխել: Երեկվա դրությամբ՝ քաղաքապետ դառնալու ցանկություն են հայտնել դաշնակցության շարքերից հեռացված Գյումրիի ավագանու անդամ, թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, ով, սակայն, կառաջադրվի միայն ԲՀԿ որոշմամբ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանը, ԱԺ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ, բնականաբար, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Եվ քանի որ քաղաքապետը չի պատրաստվում իր աթոռը որեւէ մեկին զիջել, ուստի փոքր-ինչ լարվել է նախընտրական իրավիճակը: Գյումրիում շրջանառության մեջ դրված լուրերի համաձայն, քաղաքապետ դառնալու հողի վրա մենամարտ է սկսվել պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ: Ասում են, որ այս երկու գերդաստանների միջեւ հարաբերություններն այնպես են սրվել, որ օրումեջ մեկը մյուսին զգույշ մնալու «մեսիջ» է ուղարկում, նույնիսկ տեղեկություններ են պտտվում, թե քաղաքում երբեմն կրակոցներ են լսվում: «Առավոտի» տեղեկություններով, գործին խառնվել է նաեւ քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ով որոշել է պայքարել ընտրակաշառքի դեմ՝ նախազգուշացնելով, որ եթե պատգամավորը բախտը փորձի ու ԱԺ ընտրությունների պես ընտրակաշառք բաժանի, ապա՝ «թող չփոշմանի»: Այդ ամենի մասին մեր հարցին Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Ես ինքնուրույն, միանձնյա որոշում չեմ կայացնելու, ինձ համար շատ կարեւոր է ժողովրդի կարծիքը՝ նա կուզի՞ ինձ տեսնել որպես քաղաքապետ, թե՝ ոչ: Այդ նպատակով իմ մարդիկ քաղաքում շրջում ու լսում են ժողովրդի կարծիքը՝ դրանք ստուգայցեր են: Ես ասել եմ, որ միայն ստուգայցերից հետո կորոշեմ առաջադրել իմ թեկնածությունը: Եթե մեկը կա, որ մտածում է, թե ընտրակաշառք եմ բաժանելու՝ չարաչար սխալվում է: Մեր ու Վարդան Ղուկասյանի միջեւ լարվածություն բացարձակ չկա, նմանատիպ խոսակցությունները սուտ են, ոչ մի վեճ, առավել եւս կրակոցներ չեն եղել եւ չեն լինելու, մեզ «մեսիջներ» չեն եկել, եթե գան՝ կպատասխանենք: Քաղաքապետի աթոռը սեփականաշնորհված չէ, ընտրություն է, պայքար է: Բնական է, էն մարդը, ով պատրաստ է պայքարելու՝ ցանկություն ունի հաղթելու: Վստահեցնում եմ, որ արյունահեղություններ չեն լինելու, ես քաղաքակիրթ ձեւով եմ պայքարելու, ես դեմ եմ սեւ PR-ին: Ես ներկայանալու եմ հստակ ծրագրով, քաղաքապետ դառնալու դեպքում այն կլինի իմ ու իմ ժողովրդի մեջ պայմանագիր»:

Մեր հաջորդ հարցին՝ «Ինչո՞ւ է այդքան շատ հրապուրում քաղաքապետի պաշտոնը պատգամավորին, մի՞թե ԱԺ-ում այլեւս անելիք չունի», պատգամավորը տվեց այս պատասխանը. «Պատգամավորի մանդատը ուզում եմ քաղաքապետի աշխատանքով փոխել մի պարզ պատճառով. որպես քաղաքապետ ես ավելի շատ հնարավորություններ կունենամ օգնել մեր գյումրեցիներին, քան՝ որպես պատգամավոր: Մեր ժողովրդի մոտ մի քիչ ճիշտ չի ընկալված պատգամավորի աշխատանքը, բնակիչները, որոնք թե՛ գրավոր, թե՛ բանավոր դիմում են մեր գրասենյակ, հիմնականում կոմունալ հարցերով են դիմում՝ նկուղների, կտուրների, ինչը պատգամավորի աշխատանք չէ, դա քաղաքապետի աշխատանքն է: Եղել է, երբ Անի թաղամասի թիվ 11 դպրոցի հարեւանությամբ գտնվող ճանապարհները խճապատելու խնդրանքով գրավոր դիմել եմ քաղաքապետին՝ մեկնաբանելով, որ նույն թաղամասի մի ամբողջ փողոց ես եմ իմ ֆինանսով հարթեցրել, ջրահեռացման աշխատանքները կազմակերպել, քաղաքապետից խնդրել էի գոնե էդ փողոցի բարեկարգման աշխատանքները կատարել, մինչեւ օրս իմ դիմումը մնացել է անարձագանք»:

«Գյումրիում ասում են, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է «դաբրո» տալ Ձեզ, եթե նախագահական ընտրությունների ժամանակ նրա օգտին ապահովեիք քսան հազար ձայն» հարցին պատասխանեց. «Այո, ես սատարել եմ Սերժ Սարգսյանին, բայց նպատակս ոչ թե «դաբրո» ստանալն է եղել, այլ Ս. Սարգսյանի ծրագրի իրագործումը, որը կապված է աղետի գոտու բնակարանաշինության ու մյուս ծրագրերի հետ: Ես նաեւ երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովի անդամ եմ»:

Ո՞ր քաղաքական ուժն է իրեն սատարում եւ ո՞ւմ է համարում վտանգավոր մրցակից՝ մեր հետաքրքրությանը Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Ես անկախ պատգամավոր եմ, ինձ համար այն խնդիրը չի եղել՝ ընդդիմադիր կամ իշխանամետ, ինձ ոչ մի կուսակցություն չի սատարել, բացի «Դաշինքից», ոչ մեկից «դաբրո» չեմ ունեցել, որեւէ մեկի հանդեպ պարտավորություն չունեմ: Մրցա-կիցներիցս ոչ մեկին չեմ թերա-գնահատում կամ գերագնահա-տում, բոլորն էլ լուրջ թեկնածուներ են, բայց մի քիչ բարդ կլինի գործող քաղաքապետի հետ մրցելը, քանի որ լծակներ ունի»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել