ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ
2009-ի հունվարի 1-ից գործարարները շահութահարկը եւ եկամտահարկը կվճարեն ընդհանուր սահմանված կարգով, իսկ ավելացված արժեքի հարկի կիրառումը ունենալու է կամավորության սկզբունք: Այսինքն, եթե անհատ ձեռնարկատերը գիտի, որ իր եկամուտները գերազանցելու են 50 միլիոն դրամը, ինքնակամ կարող է ընտրել ԱԱՀ-ի հարկման դաշտը: Այս եւ 14 այլ կետերից բաղկացած հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթը հարկայինն այսօր կներկայացնի ԱԺ քննարկմանը: Հարկայինի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթը նախատեսում է, որ ԱԱՀ վճարող համարվելու չափը 60 միլիոնից կդառնա 100 միլիոն դրամ: Բացի այդ՝ սոցիալական վճարների հաշվարկման նախկին 15,5%-ի փոխարեն կսահմանվի 3%-ի սահմանագիծը: Եթե ԱԺ-ն այսօր հավանության արժանացնի այս փաթեթը, ապա եկամտահարկ վճարողներն իրենց հաշվետվությունները, նախկին յուրաքանչյուր երեք ամսվա փոխարեն՝ կներկայացնեն տարին մեկ անգամ: Փոքր ձեռնարկատերերն ու ՍՊԸ-ները, որոնք իրենց բիզնեսը մեծացնելու հեռանկարներ չունեն, ըստ նոր ընդունվող օրենսդրության, գործելու են եկամտահարկի կամ սոցիալական վճարների հարկման դաշտում:
Փոփոխություններ են նախատեսվում նաեւ ոսկերչական արտադրատեսակների վաճառքով զբաղվողների համար: Սահմանվելու է հաստատագրված վճարի ավելի բարձր չափ՝ 1 քմ-ի համար, նախկին 1815 դրամի փոխարեն, վճարելու են 18150 դրամ: Հարկայինի փաթեթով նախատեսվում է նաեւ հսկողություն սահմանել մրգային, բանջարեղենային, բնական հյութերի, հանքային ջրի եւ գարեջրի, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանած պաշարների վրա, իսկ արտադրված ածխաթթու գազի իրական ծավալների որոշման համար ջրաչափ եւ գազաչափ սարքեր սահմանել: Հարկայինի տեղեկացմամբ, խիստ պատասխանատվություն կսահմանվի հարկային փաստաթուղթ չտրամադրողների եւ չպահանջողների նկատմամբ՝ գործարքի ամբողջ արժեքի 20%-ի չափով:
Ա. Խ.