Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

Սպասարկում են

օլիգարխիայի շահերը

Այսպես է գնահատում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական

գրասենյակը ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվելիք օրինագիծը:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երկու հայտարարություն է տարածել այսօր խորհրդարանի արտահերթ նիստում երկու օրինագծերի քննարկման առնչությամբ: Դրանցից մեկը վերաբերում է վերջերս հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում հերթական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծին։

«Ինչպես եւ սպասվում էր եւ բազմիցս զգուշացվել է Համաժողովրդական շարժման փաստաթղթերում, այսպես կոչված՝ «ստվերային տնտեսության» դեմ վարչախմբի պայքարը այլ բան չէր լինելու, քան հարձակում միջին ու մանր գործարարների եւ, անուղղակիորեն, ամբողջ բնակչության վրա»,- ասված է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Կոնգրեսի գնահատմամբ՝ «ավազակապետության պարագլուխները» ոչ մի կերպ չեն կարող դիպչել ապօրինի մենաշնորհների վրա հենված իրենց պատվար հանդիսացող օլիգարխների, առավել եւս՝ սեփական բիզնեսին։ Օրենքում նոր փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով «2009թ. հունվարի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է դառնում նաեւ առեւտրի կենտրոններում (տոնավաճառներում) վաճառատեղերի միջոցով վաճառք իրականացնելիս, որով միեւնույն ժամանակ նախատեսվում են խստացնել պատժամիջոցները», համարելով որպես «վարչախմբի հերթական հակաժողովրդական քայլի» ապացույց, Կոնգրեսը հայտարարում է.

«ա) Հայաստանը կանգնած է լայնածավալ համապարփակ հարկային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության առաջ, որոնց հիմքում, սակայն, պետք է ընկած լինեն առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը ու տրամաբանական հերթագայությունը։ Այդ բարեփոխումները պետք է սկսել նախ եւ առաջ երկրի տնտեսությունն ու զարգացումը խեղդող տնտեսական մենաշնորհներից ազատվելով, ապա միայն անցնել միջին ու մանր բիզնեսի կարգավորմանը։

բ) Տնտեսական քաղաքականության ձախողման հետեւանքով հարկային եկամուտների կրճատման պայմաններում վարչախումբը որդեգրել է փոքր բիզնեսի դեմ հարկային աննախադեպ տեռորի իրականացման ուղին։

գ) Հարկային բարեփոխումներն առաջին հերթին պետք է ուղղվեն իշխանությունը զավթած վարչախմբի մաս կազմող կամ նրանց հետ սերտաճած օլիգարխների բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելուն, մի բան, որ ներկա վարչախումբը ոչ մի կերպ չի կարող անել, քանզի նաեւ այս ճանապարհով է գոյանում հանցավոր վարչախմբի պահպանման համար անհրաժեշտ ստվերային բյուջեն։ Դրանով նա կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Եվ իրոք, այս ոլորտում ճիշտ հակառակ միտումն է նկատվում. կառավարության «բարեշրջումների» արդյունքում 2008 թ. երկրորդ եռամսյակում 20 խոշոր հարկատուների կողմից վճարված ուղղակի հարկերը 1-ին եռամսյակի համեմատ նվազել են 541 միլիոն դրամով։

դ) Մանր բիզնեսի այն ոլորտում, որտեղ նախատեսվում է ՀԴՄ-ի ներդրում, այսօր աշխատում է ավելի քան 30.000 փոքր ձեռնարկատեր, որոնց ընտանիքների կենսապահովման միակ աղբյուրը այդ գործունեությունն է։ Քանի դեռ հարկային բնագավառում չեն արվել առավել առաջնահերթ բարեփոխումներ, նրանք կարող են աշխատել միայն հաստատագրված հարկի սկզբունքով։ Առանձին այս օղակում ՀԴՄ-ների ներդրումը մի կողմից՝ կխափանի նրանց գործունեությունը, մյուս կողմից՝ կառաջացնի գների աճ։

Հայ ազգային կոնգրեսը կառավարության այս նախաձեռնությունը համարում է ոչ թե բարեփոխում, այլ բարեփոխման հերթական մի իմիտացիա, ինչը ճակատագրական նշանակություն կունենա հազարավոր ընտանիքների համար եւ հղի է սոցիալական ծանր հետեւանքներով։ Կոնգրեսը պահանջում է անհապաղ ետ վերցնել նշված օրենքի նախագիծը։ Հակառակ դեպքում կառավարությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ ոչ մի կապ չունեցող հանցավոր օլիգարխիայի շահերի սպասարկուն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել