Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀԼԿ հիմնադիր համագումարում հայտարարեց

Լեւոն Տեր-Պետրոսյանը

Շաբաթ օրը ծնվեց մի նոր հին կուսակցություն՝ Հայաստանի լիբերալ կուսակցությունը, որի կորիզը, ըստ հիմնադիրների՝ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցությունն է: Կուսակցության նախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչպես եւ սպասվում էր, համագումարը վերածվեց մինի հանրահավաքի՝ բոլոր ելույթներից հետո դահլիճում հնչում էր՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Համագումարը լուսաբանելու համար պատասխանատու հեռուստաընկերությունները ոչ մի ջանք չէին թափել, դահլիճում նկարահանում էին միայն «Կենտրոնը» եւ «Ա1+»-ը, թերթեր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ եւս գրեթե չկային:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ողջունելով նոր կուսակցության ծնունդը՝ հայտարարեց. «Այսօր, երբ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, երբ մարդիկ հալածվում են իրենց քաղաքական հայացքների համար, մենք մի կողմ պիտի դնենք մեր տարբերությունները եւ միասին պայքարենք մեր երկրում ժողովրդավարական ազատությունների ապահովման համար, մեր երկրում սահմանադրական կարգի հաստատման համար»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց. «Ես համոզված եմ, որ ՀԼԿ-ն իր հետ բարաքյադ (բարիք) է բերելու եւ այդ բարաքյադի արդյունքները մենք բոլորս միասին տեսնելու ենք սեպտեմբերի 5-ի հանրահավաքին»:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ ՀԼԿ-ի ծնունդը լուրջ իրադարձություն է, որովհետեւ Հայաստանում ձեւավորվում է մի նոր ազատական ուժ. «Համոզված եմ, որ մենք ինչ-որ ժամանակ հետո համախմբվելու եւ միասնաբար գործելու ենք ազատական դաշտում, այնպես, ինչպես այսօր փորձում ենք իրար հետ համատեղ գործել Հայ ազգային կոնգրեսում»: «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ «հիմա շատ ճակատագրական պահ ենք ապրում, որտեղ իշխանությունները չեն հաղթելու, բայց մենք պիտի կարողանանք հաղթել, եւ հույս եմ հայտնում, որ այս կուսակցությունը կօգնի մեր հափշտակված հայրենիքը ետ բերելուն»:

Համագումարի ավարտին, մոտ մեկուկես ժամ ուշացումով, գրեթե այն պահին, երբ Հովհաննես Հովհաննիսյանը արդեն ներկայացնում էր իր եզրափակիչ խոսքը, հանդարտ քայլերով դահլիճ մտավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դահլիճը պայթեց ծափերից, մարդիկ անմիջապես մոռացան, որ գտնվում են մեկ այլ կուսակցության հիմնադիր համագումարին, եւ առաջին նախագահին դիմավորեցին որպես կուռքի: Իսկ առաջին նախագահը չդիմադրեց, նա ծանրակշիռ ողջունեց դահլիճին, սեղմեց Հովհաննես Հովհաննիսյանի ձեռքը եւ նստեց դահլիճում:

Իր ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշեց. «Թույլ տվեք իմ անակնկալ, անսպասելի հիացմունքը հայտնել, որ այսպիսի պայմաններում հնարավոր է նոր կուսակցություն ստեղծել: Թվում էր, թե Հայաստանում կուսակցությունների դարն անցնում է, եւ եկեք խոստովանենք, որ ժողովրդի մեջ կա որոշ հիասթափություն կուսակցական համակարգից, ժողովուրդը չի ընկալում, որ դա կուսակցական համակարգի արատը չէ, այլ պետության արատն է: Եթե պետությունն առողջ լիներ, պետությունը կառուցված լիներ սահմանադրական կարգի վրա, կուսակցությունները պետությունից ավելի առողջ կլինեին: Պետության արատները տարածվում են կուսակցությունների վրա: Բայց սա փաստ է, պիտի ընդունենք: Վերջին հաշվով, Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը նաեւ նկատի ուներ այս հանգամանքը: Ստեղծվում է մի նոր, չեմ ասի՝ կազմակերպություն, մի հավաքականություն, որը կուսակցություններին մոտեցնում է ժողովրդին: Կուսակցությունները մինչեւ հիմա գործել են որպես հասարակության եւ ժողովրդի որոշակի խավերի, որոշակի շերտերի ներկայացուցիչներ: Կոնգրեսի գաղափարը ողջ ժողովրդին մասնակից դարձնելն է: Մասնակից դարձնել այս համաժողովրդական շարժմանը, որը կտեսնենք, արդեն իսկ տեսնում եք, թե ինչպիսի արդյունքներ է տվել եւ ինչպիսի արդյունքներ է տալու: Եվ իշխանությունները սովոր են, արդեն, ներողություն եմ խնդրում՝ վարպետացել են կուսակցությունների հետ հարաբերվելու գործում: Որտեղ պետք է՝ կարող են պառակտումներ մտցնել, որտեղ պետք է՝ մի մասի հետ, գործարքներ կնքել, որտեղ պետք է՝ ոմանց ահաբեկել, բայց մեր իշխանությունները սովոր չեն ժողովրդի հետ հարաբերվել: Կոնգրեսի ստեղծման գաղափարը իշխանություններին ստիպելն է ժողովրդի հետ հարաբերվել, որովհետեւ Կոնգրեսի նպատակը ժողովրդական հնարավորինս լայնագույն զանգվածների քաղաքականացումն է: Տեսնենք սրանցից հետո ինչպես են իշխանությունները հարաբերվելու կուսակցությունների հետ, որոնք կազմում են այս Կոնգրեսի կորիզը: Սրա արդյունքը ինձ համար միանշանակ է: Ոչ մի իշխանություն ժողովրդի հետ մղած պայքարում հաղթանակ չի կարող տանել, հաղթանակը պատկանելու է ժողովրդին (ծափեր- Մ. Ե.): Ես սխալվելու խնդիր չունեմ: Գլխավոր խնդիրը ինձ համար դրված է, դա իմ անձի հետ կապված չէ՝ Կոնգրեսի գոյությունը, շարունակականությունը, տեւականությունը: Մենք պետք է ստեղծենք մի այնպիսի հավաքականություն, որը կախված չլինի անհատներից, կախված չլինի հեղինակություններից, եւ կարծում եմ, արդեն մենք ստեղծել ենք դա: Անկախ այն բանից՝ առաջիկա 5-10 տարում ով կլինի քաղաքական ասպարեզում, սա մի այնպիսի գործոն է, հասարակական-քաղաքացիական գիտակցության եկած այնպիսի մի զանգված, որը որոշելու է այս երկրի բախտը եւ այս երկրի ապագան: Ոչ մի քրեական տարր, ոչ մի կոռուպցիոներ, ոչ մի ավազակապետական իշխանություն այլեւս հաշվի չի կարող չնստել այս գործոնի հետ, որքան էլ այսօր նրանք դա չզգան: Ես հավատում եմ, նրանք ինտելեկտուալ կարողություն չունեն զգալու այս գործոնի առկայությունը եւ այս գործոնի ապագա ազդեցությունը: Չունեն: Դա դժբախտություն է: Իսկ եթե որոշ անհատներ էլ, ես չեմ կասկածում, կան այդպիսի մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում, ունեն այդ գիտակցությունը, նրանք չունեն այն լծակները, այն ազդեցությունը, որպեսզի դա կարողանան հասկացնել որոշում կայացնողներին»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել