ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՈՍՏԱՑԵԼ
«Թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելուց հետո, թերթերից մեկում ես դիմեցի իշխանություններին՝ տալ ազատ, արդար ընտրությունների անցկացման երաշխիք, եւ, միեւնույն ժամանակ, պահանջեցի ազատ արձակել քաղբանտարկյալներին, որովհետեւ այդ պայմաններում ազատ, արդար ընտրություններ հնարավոր չէր անցկացնել: Իշխանությունները անտեսեցին իմ բոլոր կոչերը: Ես ունեի քաղաքական աջակցություն ընդդիմության կողմից, սակայն ընդդիմությունը կենտրոնացած է Ազգային ժողովը ցրելու հանգամանքի վրա, եւ, ընդհանրապես, կապ չունի՝ ես համաձա՞յն էի իրենց դիրքորոշման հետ, թե՞ ոչ, փաստը մնաց փաստ, որ ես մնացի մենակ: Եվ մենակ մնալով ես հասկացա, որ Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ընտրությունները վերածվելու են ֆարսի, եւ ես կարող էի իմ մասնակցությամբ լեգիտիմություն հաղորդել ընտրություններին: Եվ այդ պատճառով որոշեցի հանել իմ թեկնածությունը»,- «Առավոտի» հետ զրույցում՝ բացատրելով, թե ինչու դուրս եկավ ընտրապայքարից, ասաց Գրիշա Վիրաբյանը: Պատասխանելով մեր հաջորդ հարցին՝ ճի՞շտ է, որ ընդդիմությունը նախապես խոստացել էր նրան ֆինանսավորել, սակայն արդեն ընտրությունների շեմին հրաժարվել է անել այդ բանը, եւ թեկնածությունը պարոն Վիրաբյանը միայն այդ պատճառով է հանել, ասաց. «Ես անկեղծորեն ասում եմ՝ բացարձակապես ընդդիմությունը ինձ չի խոստացել ոչինչ, բացարձակապես ես հիասթափված չեմ ընդդիմությունից, որովհետեւ ընդդիմադիր լինելն ինձ համար հոգեկան կարգավիճակ է, ես պայքարում եմ այս իշխանությունների դեմ ոչ թե նրա համար, որ ընդդիմությունը ինձ ֆինանսավորի կամ չֆինանսավորի»: Նաեւ հավելեց՝ որ քանի դեռ իր դատական հայցը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինքը իշխանությունների հետ խոսելու բան չունի, իր տեղը ընդդիմության մեջ է. «Իմ տեղը ընդդիմության մեջ է, նրանց շարքերում: Ես կարող եմ մանր-մունր հարցերում ունենալ տարաձայնություններ ընդդիմության հետ, բայց իմ քաղաքական հայացքների, իմ դիրքորոշման վրա ոչինչ չի կարող ազդել, որովհետեւ ես այսօր ավելի շատ արմատական ընդդիմադիր եմ, քան ընդդիմության ցանկացած լիդեր»: Մեր հաջորդ հարցին՝ գուցե Հովիկ Աբրահամյա՞նն է խնդրել, որ պարոն Վիրաբյանը իր թեկնածությունը հանի, նա պատասխանեց. «Կյանքում ես բարեւած չկամ ոչ Ջոնիկ Աբրահամյանին, ոչ Հովիկ Աբրահամյանին»:
Մ. Ե.