ԱՇՈՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՓՈԽՎԵՑ
Խոսքը «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին է
Հունիսի 16-ին ԱԺ որոշմամբ ձեւավորված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որի նպատակն է ուսումնասիրել «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց պատճառները», արդեն հոկտեմբերի 25-ին պարտավոր է զեկուցել իր գործունեության արդյունքների մասին եւ եզրակացություն ներկայացնել ԱԺ լիագումար նիստում: Դեռ վաղ է խոսել հանձնաժողովի գործունեության արդյունավետության, ներկայացնելիք զեկույցի բովանդակության եւ բացահայտումների մասին, սակայն նկատելի է, որ հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների «ճնշման» տակ փոխվում են նաեւ իշխանական ճամբարի ներկայացուցիչների նախնական կարծիքները «Մարտի 1»-ի վերաբերյալ:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը համաձայնեց իր անձնական կարծիքը՝ «միջանկյալ եզրակացությունը», հրապարակել հանձնաժողովի գործունեության մասին: Նրա դիտարկմամբ՝ «ողջունելի է հանձնաժողովի առավելագույնս թափանցիկ աշխատանքը, որը ընդդիմության բացակայության պայմաններում անգամ թույլ տվեց հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ ապահովել վստահության մթնոլորտ»: Նա փաստեց, որ «հանձնաժողովը հնարավոր բոլոր միջոցներով փորձել է եւ շարունակում է անաչառ հետաքննության ու ուսումնասիրության առարկա դարձնել ցանկացած տեղեկատվություն»: Պատգամավորի գնահատմամբ, այս հանձնաժողովին հաջողվել է վստահելի գործընկերոջ համարում ունենալ «նաեւ ընդդիմադիր մեր որոշ գործընկերների շրջանակներում», իսկ հանձնաժողովի անդամների այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ բուժհիմնարկներ նա արդյունավետ համարեց: Ա. Աշոտյանը նկատեց, որ թեեւ ընդդիմադիր որոշ բանտարկյալներ ստորագրել էին հանձնաժողովի հետ համագործակցությունից զերծ մնալու կոչի տակ, «որովհետեւ ընդդիմության ուղեղային կենտրոնները գիտակցում էին, որ հանձնաժողովը սկսում է թափ հավաքել եւ վստահություն ձեռք բերել», այնուհանդերձ, անգամ դրանից հետո շարունակվեցին հանձնաժողովի շփումները ընդդիմության՝ կալանքի տակ գտնվող ներկայացուցիչների հետ:
Փոխվե՞լ է արդյոք իշխանական ճամբարի «արմատական» ներկայացուցիչներից մեկի՝ Ա. Աշոտյանի գնահատականը «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին: Պարզվեց՝ այո: «Թույլ տվեք չմասնավորեցնել, թե հատկապես ո՞ր հարցերում, որովհետեւ հանձնաժողովի աշխատանքը դեռ շարունակվելու է, բայց այսօր կարող եմ ինքնախոստովանություն անել՝ այդ իրադարձությունների վերաբերյալ որոշակի գնահատականի, մոտեցումների փոփոխություններ ինքս իմ մեջ ունեմ: Ես դա խոստովանում եւ գիտակցում եմ, եւ դա նաեւ հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ է»,- հայտարարեց Ա. Աշոտյանը: Նրա փոխանցմամբ, «հանձնաժողովն աշխատել է հսկայական պրեսինգի տակ»: «Հանձնաժողովն ուներ ներքին հակառակորդներ՝ ի դեմս ընդդիմության որոշ ներկայացուցիչների, որոնք չեն ցանկացել, որ իրենք արդյունավետ աշխատեն: Հանձնաժողովն ուներ խնդիրներ նաեւ իշխանական ճամբարում՝ ի դեմս այդ ճամբարի որոշ ներկայացուցիչների, խնդիրներ ուներ Օմբուդսմենի հետ՝ համագործակցության, նաեւ միջազգային ինստիտուտների հետ աշխատելու առումով: Բայց պետք է ասել, որ ի պատիվ հանձնաժողովի անդամների եւ ղեկավար Սամվել Նիկոյանի, հանձնաժողովը մեծ մասամբ հաղթահարել է գրեթե բոլոր դժվարությունները»: Պատգամավորի համոզմամբ, «Մարտի 1-2»-ի իրադարձությունների անաչառ, բազմակողմանի եւ արդարացի քննությամբ ամենաշահագրգիռն այսօր գործող իշխանություններն են, որովհետեւ դա է, որ լրացուցիչ վստահություն է հաղորդում իշխանություններին՝ երկրի ներսում, նրան ավելի ընկալելի է դարձնում «դրսում»: «Ընդդիմադիր մեր որոշ գործընկերների շահերը թելադրում են, որ «Մարտի 1»-ի իրադարձությունների լիարժեք ուսումնասիրություն տեղի չունենա, որովհետեւ հետընտրական զարգացումներում ընդդիմության հիմնական, եթե ոչ միակ, «կռվանը» «Մարտի 1»-ն է եւ դրա հետեւանքները: Եթե այդ խնդիրը լուծվի՝ հասարակության համար վստահություն ներշնչող եզրակացություն լինի, ապա ընդդիմադիր ճամբարը կզրկվի իր քաղաքական խաղաթղթերի ճնշող մեծամասնությունից»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Մեր հարցադրմանը, թե՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ուժային կառույցների գործողություններում արդյոք ամեն ի՞նչ է պարզ իր համար, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Ես արդեն ասացի, որ իմ պատկերացումները «Մարտի 1-2»-ի իրադարձությունների վերաբերյալ փոփոխության ենթարկվել են: Տա Աստված, որ ծայրահեղ ընդդիմության անդամները նույնպես կարողանան իրենց մեջ խիզախություն գտնել, ինչպես՝ մենք, ընդունելու, որ իրենց պատկերացումները նույնպես փոփոխության ենթակա են, եւ հասկանան՝ այստեղ սեւ-սպիտակ կողմեր չկան: Այդ դեպքում մենք կարող ենք հույս ունենալ, որ մի օր մեր դիրքորոշումները կարող են մաքսիմալ մոտ լինել իրար, եւ, իհարկե, չմոռանալով անցյալը եւ հետամուտ լինելով «Մարտի 1-2»-ի իրադարձությունների ուսումնասիրությանը, գտնենք քաղաքական ապագա օրակարգի համար համատեղ լուծելի խնդիրներ»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ