Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ

Օգոստոս 16,2008 00:00

\"\"Մեկ շաբաթվա ընթացքում վրաց-օսեթական հակամարտության գոտում զոհվել է 4 եւ վիրավորվել տարբեր լրատվամիջոցների 10-ից ավելի աշխատակից: Օգոստոսի 11-ին Հունաստանի հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը եւ հոլանդացի լրագրողները հայտնվել են Գորիում այն ժամանակ, երբ քաղաքը ռմբակոծվում էր ռուսական «խաղաղապահ» ուժերի կողմից: Ծանր վնասվածքներ ստացած հոլանդացի օպերատոր Ստան Ստորիմանսը մահացել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Հոլանդիայի հեռուստատեսության նկարահանող խմբի հետ աշխատող վրաց օպերատորը նույնպես զոհվել է: Վիրավորվել է վրացի վարորդը, որը օտարերկրյա լրագրողներին դուրս էր բերում Գորիից: Ծանր է նաեւ իսրայելական «Էդիոտ Ախրոնոտ» թերթի թղթակցի վիճակը, որը ստացել է հրազենային վնասվածք կրծքավանդակի շրջանում:

Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, հաղորդել էին, որ Օսեթիայում սպանվել եւ վիրավորվել է լրատվամիջոցների երկուական աշխատակից: Վրաստանի քաղաքացիներ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի լուսանկարիչ Ալեքսանդր Կլիմչուկը եւ «Ռուսական նյուսվիկ» պարբերականի թղթակից Գրիգոլ Չիխլաձեն, որոնք Հարավային Օսեթիա էին մտել վրացական զորքերի հետ, գնդակոծվել են օսեթական զինվորների կողմից: Նրանց հետ են եղել նաեւ վրացի լրագրող Թեյմուրազ Կիկուրաձեն եւ ամերիկացի լրագրող Ուինստոն Ֆեդերլին, որոնք վիրավորվելով՝ հայտնվել են Ցխինվալի հիվանդանոցում, այնուհետեւ տեղափոխվել Վլադիկավկազ: Հարավային Օսեթիայում վիրավորվել են նաեւ երկու թուրք լրագրողներ, որոնց մեքենան գնդակոծվել է անհայտ անձանց կողմից:

Ցխինվալի մերձակայքում հրաձգության տակ էր հայտնվել նաեւ HTB-ի նկարահանող խումբը՝ վիրավորվել է հեռուստաընկերության պրոդյուսեր Պյոտր Գասիեւը եւ «Վեստի» լրատվական ծրագրի նկարահանող խումբը, որի անդամները վիրավորվել են:

Պարզվեց, որ երեկ Հարավային Օսեթիայում տուժել է նաեւ PEH TB հեռուստաընկերության նկարահանող խումբը, որը ֆիլմ էր պատրաստում վրաց-օսեթական պատերազմի մասին: Նկարահանող խումբը Գորի քաղաքից ռուսական «խաղաղապահների» շարասյան հետ շարժվել է դեպի Ցխինվալ, ճանապարհին նրանց տեղափոխող զրահամեքենան շրջվել է, եւ լրագրողները վիրավորվել են:

ՌԴ լրագրողների միության նախագահի կարծիքով, մամուլը ներկայացնող վիրավորների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ լրագրողները բավականաչափ պատրաստ չեն աշխատելու սրված հակամարտությունների պայմաններում: Բացի այդ, լրագրողների մեծ մասը պատրաստ չէր իրադարձությունների այսպիսի զարգացմանը:

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը ցնցված է ԶԼՄ-ների աշխատակիցների մահվան կապակցությամբ եւ կոչ է անում հակամարտության կողմերին ապահովել լրագրողների անվտանգությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել