Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 16,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ քսանչորսերորդ

ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ

Եթե ինքս իմ հանդեպ մի քիչ ավելի խստապահանջ գտնվեմ, պիտի խոստովանեմ, որ Վիոլետին ասածներս նույնիսկ էս վեպիս սազական չեն՝ էնքան որ թունավոր ու կամայական են, եւ դա էս պահի դրությամբ նույնիսկ բնական է, որովհետեւ էդ հարցազրույցիս շարժառիթն ու նպատակն էր չափազանց թունավոր ու չարամիտ, եւ էդ հարցազրույցը Վիոլետին տվի ո՛չ միայն էն պատճառով, որ Վիոլետին չկարողացա մերժել, այլեւ էն պատճառով, որ վերջերս գրագետներն ու մանավանդ բանաստեղծները հիմնավորապես են վերադարձել «Անտիպոեզիայիս», եւ չնայած բոլորն են վկա, որ արդեն վեց տարի է՝ բանաստեղծական տող անգամ չեմ տպագրել, եւ չնայած խոսքիս տերն եմ ու երբեւէ չեմ էլ գրելու, բայց տասը տարի առաջ էդ անջնջելի գրածս շարունակում է գրագետներին ու բանաստեղծներին խրտնեցնել՝ ինչպես թուրքին խոզի միսը, եւ չնայած էդ անջնջելիիս հետ կապված՝ արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, բայց էս անգամ իրենց կարծես թե հաջողվեց ինձ հունից հանել, որովհետեւ էս անգամվա հարձակվողներից երեքը ոչ միայն բանաստեղծ են, այլեւ, այսպես կոչված, ընկեր, ու էդ երեքից մեկը մեր ամսագրերից մեկում սեւով սպիտակի վրա գրել է, որ մեր բանաստեղծներն էնքան են հաբռգել, որ նույնիսկ թղթախաղի մասին են պոեմ գրում, եւ չնայած անունս նշված չէր, բայց ես անմիջապես ինձ վրա վերցրի, որովհետեւ, ցավոք սրտի, մեր բազմադարյան պոեզիայի մեջ ինձանից բացի որեւէ մեկը թղթախաղի մասին պոեմ չի գրել. նկատի ունեմ «Poker» պոեմս, ու հաստատ բանաստեղծ ընկերս էլ էդ պոեմս նկատի ուներ, եւ չնայած իր էդ հոդվածը համառորեն չէի կարդում, բայց գրական մյուս հոգատար ընկերներս էնքան զանգեցին ու զահլես տարան, որ ստիպված ճարեցի ամսագրի էդ համարն ու մի տարի ուշացումով տեղեկացա, որ անտիպոեզիան նույն անտիաստվածն է, որովհետեւ Աստված պոեզիա է. նաեւ իմացա, որ չի կարելի թղթախաղի մասին պոեմ գրել, որովհետեւ թղթախաղը նույնպես անաստված զբաղմունք է, եւ էս ամենի մասին տեղեկանալով՝ իսկապես սրտնեղեցի՝ ո՛չ թե էն պատճառով, որ առ էսօր էլ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մի բանաստեղծ մեկ այլ բանաստեղծի բանաստեղծության դեմ հոդված գրել, եւ ոչ էլ է՛ն պատճառով, որ առավել եւս չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է երեսունհինգ տարվա բանաստեղծ ընկերը գրիչ վերցնել ու հոդված գրել երեսունհինգ տարվա ընկերոջ բանաստեղծության դեմ, այլ էն պարզ պատճառով, որ երեսունհինգ տարվա բանաստեղծ ընկերս էդ երեսունհինգ տարիներից մեկնումեկում կարող էր, չէ՞, ընկերաբար ու բանավոր խորհուրդ տալ եւ ճիշտ ճանապարհներից ու մայրուղիներից շեղված իր բանաստեղծ ընկերոջն ընկերաբար բացատրել ու հորդորել, որ ոչ միայն թղթախաղի մասին պոեմներ չգրի, այլեւ ընդհանրապես թղթախաղով չզբաղվի, եւ իմ դեպքում էդ հորդորը կարող էր միանգամայն օգտակար լինել, որովհետեւ ես թղթախաղի մեջ ավելի շուտ եմ խրված եղել, քան, ուրեմն, պոեզիայի, եւ ինքս ինձ համար դեռեւս չեմ պարզել՝ էդ երկուսից որն է առավել անաստված զբաղմունք, մինչդեռ եթե սրտացավ ընկեր ու խորհրդատու ունենայի, միգուցե վաղուց պարզած լինեի, ու հասկանալով, որ պոեզիայի տարածքներում առանձնապես անելիք չունեմ, ո՛չ թե ընդամենը վեց տարի առաջ ինձ էդ ասպարեզից կհեռացնեի, այլ միգուցե տասնվեց կամ քսանվեց տարի առաջ, եւ եթե սրտացավ ընկեր ունենայի, միգուցե վաղուց տեղեկացված լինեի, որ թղթախաղի մասին չի կարելի պոեմ գրել, եւ պոեզիայի տարածքում մնալով ու էդ զբաղմունքը չարատավորելով՝ կարող էի հանգստյան օրերին պարբերաբար այցելել Էջմիածին կամ Սուրբ Սարգիս եւ չափածո ռեպորտաժներ գրել կիրակնօրյա պատարագներից, մինչդեռ անհավատս սրտացավ ընկեր չունենալու պատճառով էդ ու այլ պատարագներին առանց բլոկնոտի եւ առանց թուղթ ու գրիչի է առ էսօր ներկայացել. այսինքն, անհավատս կոչումով ու ծնունդով ոչ թե բանաստեղծ է եղել, այլ ընդամենը՝ սովորական խաղամոլ, բայց քանի որ սովետական տարիներին խաղամոլությունը քրեական օրենսգրքի թիվ 227 հոդվածով խստիվ էր արգելված, ես ինձ անմնացորդ նվիրեցի պոեզիային, եւ քանի որ խաղամոլությունը հոգուս մեջ ոչ լեգիտիմ ներծծված էր ու կար, ի վերջո նաեւ իմ պոեզիայի տարածք սողոսկեց, բայց էս պահին ինձ համար կարեւորը ոչ թե էդ հանգամանքն է, այլ այն, որ երեսունհինգ տարվա ընկերս երեսունհինգ տարի շարունակ իմանալով, որ թղթախաղով զբաղվելն ու մանավանդ թղթախաղի մասին պոեմ գրելն անաստված զբաղմունքներ են, երեսունհինգ տարվա մեջ գեթ մեկ անգամ ինձ ընկերաբար չի նախազգուշացրել. այսինքն, թողել է կործանվեմ, որպեսզի տարիներ անց էդ ամսագրում սառնասրտորեն արձանագրի ու ազդարարի վերջնական կործանումս, եւ եթե հոգատար գրչակից ընկերներիցս մյուսը համառորեն ամսագրի էդ համարն ինձ չհրամցներ, առ էսօր կործանումիս անտեղյակ էի մնալու, բայց բարեբախտաբար հոգատարը հոգ տարավ, եւ էս պահի դրությամբ ուղղվելու ու ճիշտ ճանապարհին հայտնվելու լիքը շանսեր ու տարբերակներ ունեմ՝ բացառությամբ մի տարբերակի. ես երբեք չեմ կարող թղթախաղի մասին բանաստեղծություն կամ պոեմ չգրել, որովհետեւ արդեն վեց տարի է՝ ընդհանրապես բանաստեղծություն ու պոեմ չեմ գրում եւ մտադիր էլ չեմ երբեւէ վերադառնալ էդ, ուրեմն, աստվածային զբաղմունքին, եւ ահա էրեկ իրիկուն էս մտահոգություններս հարցազրույցի շրջանակներում նաեւ Վիոլետին հայտնեցի, բայց հիմա արդեն հստակորեն հասկանում ու գիտակցում եմ, որ էս մտահոգություններս հարցազրույցի համար չեն, այլ միայն՝ վեպի, մանավանդ որ՝ Հրաչին արդեն խոստացել եմ՝ էդ հարցազրույցում սատանայական ու անաստված մտքեր չարտահայտել, մինչդեռ էս մտահոգություններս ու խորհրդածություններս միանգամայն հակաքրիստոնեական են, որովհետեւ ինձ համար քրիստոնեական բոլոր հորդորներն ու պատվիրաններն ընդունելի են՝ բացառությամբ «ատամն ընդ ատաման»-ի, եւ «ատամն ընդ ատամանն» առանձնապես էս պահին է ինձ համար անընդունելի ու հակացուցված, որովհետեւ էս պահին բերանումս ընդամենը երկու ատամ կա, ու դրանք էլ պրոտեզիս համար եմ պահել ատամնաբույժի հորդորով, ու իմ բախտից ատամնաբույժս հորաքրոջս որդի Միքայելն է, այլապես մեկ ուրիշն էս երկու շարժվող ատամներս էլ չէր թողնի, մինչդեռ Միքայելը խոստացավ, որ ժամանակի ընթացքում էդ երկուսը, հնարավոր է, չօգտագործվելով պնդանան եւ, ուրեմն, պրոտեզիս համար նորմալ կապ հանդիսանան, եւ հիմա էս անատամ վիճակում մտածում ու արդեն հասկանում եմ, որ ժամանակին ոչ միայն զբաղմունքս եմ պատահականորեն ընտրել, այլեւ՝ ընկերներիցս շատերին, որովհետեւ ուրիշ բանաստեղծ ընկերներ էլ ունեմ, որ էս բազմահոգս օրերին «Անտիպոեզիաս» իրենց համար հիմնական հոգս են դարձրել ու զանազան հեռուստաալիքներով շարունակաբար էդ թեմայով զռզռում են, բայց սրանց ավանակ չեմ անվանի, որովհետեւ Հրաչին խոսք եմ տվել չափս ճանաչել, եւ հիմա Հրաչին տված խոստումս հիշելով՝ ուզում եմ նաեւ նշել, որ էս կոլեգաներիցս ստացած վնասն ավելի քիչ է, քան՝ օգուտս, որովհետեւ սրանց էս զռզռոցների առաջին փուլից անմիջապես հետո «Անտիպոեզիայիս» տպաքանակն անմիջապես սպառվեց, ու անմիջապես եւս հինգ հարյուր օրինակ տպել տվի, ու էդ երկրորդ հրատարակությունն էլ անմիջապես սպառվեց, որովհետեւ զռզռոցների երկրորդ փուլն արդեն սկսվել էր, եւ քանի որ էս զռզռացողները հոգնել էլ ունեն եւ ընդամենը փուլ առ փուլ են զռզռում, առայժմ էդ լղարիկ բրոշյուրիս երրորդ հրատարակության մասին չեմ մտածում. էնպես որ, եթե ոմանք կարծում են, թե Հայաստանում ռեկլամ կոչվածը չի աշխատում, առնվազն իմ ու սրանց առումով չարաչար են սխալվում, ու սրանք էնքան մարտունակ են, որ, համոզված եմ, էսպես փուլ առ փուլ էլի են շարունակելու, առանց հասկանալու, որ իրենց էդ զռզռոցներով ոչ միայն չեն հաջողացնում ինձ էս նոր զբաղմունքիցս կտրել, այլեւ, ահա, համալրում ու հեշտացնում են բուն գործս, մինչդեռ ինքներդ եք վկա, թե Վիոլետի հարցազրույցից հետո ինչքան էի կաշկանդված, եւ հիմա արդեն ազատորեն ու անկաշկանդ զռզռում եմ սրանց էդ շարունակական զռզռոցների մասին, որովհետեւ դեռեւս չի հայտնվել էն հոգավորը, որն ինձ սթափեցնելով կասի՝ «ա՛յ ախպեր, իսկական էշը դու ես, որ երեսունհինգ տարում նոր-նոր ես մարդկանց ճանաչում», էլ չեմ ասում, որ ավելի ուրույն մի հոգավոր կարող է հայտնվել ու ինձ ասել՝ «ինչքան ուզում եք՝ իրար կերեք, բայց խի՞ ես ձեզ էդ բարի, անմեղ ու ազնիվ կենդանիների հետ համեմատում», եւ ամենազավեշտականն էն է, որ թունավորվածի ու դիվոտվածի էս մտահոգություններս, որ զոքանչիս կարի մեքենայի պատվանդանի վրա մանրից գրի են վերածվում, «Առավոտում» տպագրվելու են ամենաշուտը մի տարի հետո, երբ թունավորվածությունս ու դիվոտվածությունս լրիվ գոլորշիացած են լինելու, եւ երբ էս մտահոգություններս մի տարի հետո «Առավոտում» տպվեն, ես միանգամայն այլ մտահոգություններով եմ բեռնված լինելու, ու էս արդեն հաստատ եմ ասում, որովհետեւ, ի տարբերություն բանաստեղծ ընկերներիս, ես միշտ կարծել եմ ու հիմա էլ եմ կարծում, որ կյանքում պոեզիայից ավելի բարձր ու պոեզիայից ավելի էական բաներ կան, եւ եթե Աստված կամենա, որ բանաստեղծ ընկերներս էլ էդ բանը հասկանան, վերստին կհանգստանանք ու կխաղաղվենք եւ միգուցե եւս երեսունհինգ տարի ընկերություն անենք. եթե, իհարկե, Աստված կամենա:

Էս պահին Աստված կամեցել է, որ Աբոն վերջապես ավարտի Կայարանի մեր տան վերանորոգումը, բայց տարօրինակն էն է, որ ես ամենեւին չեմ շտապում մեր տուն վերադառնալ, որովհետեւ Կայարանի մեր կերպարանափոխված տան մեջ արդեն բուն անելիքս չեմ պատկերացնում, ու ես՝ որ ընդամենը մի քանի օր առաջ զոքանչանոցի պայմաններից էի նեղսրտում, հիմա արդեն եւս մի քանի օր էստեղ մնալու պատճառներ եմ փնտրում, որովհետեւ զոքանչիս շուշաբանդին ու էս պայմանական գրասեղանիս հիմնավորապես ու վերջնականապես հարմարված՝ արդեն, փաստորեն, հաջողությամբ առաջ եմ տանում էս վեպս ու հիմա արդեն էս նոր պայմաններն եմ տհաճությամբ լքելու, որովհետեւ էս նոր պայմաններն ինձ համար ընդամենը հարաբերականորեն են նոր, եւ իսկական նորն արդեն Աբոյի ձեռամբ վերանորոգված Կայարանի իմ բնակարանն է լինելու, ու ես՝ զոքանչանոցի պայմաններին արդեն լրիվ համակերպված, հիմա էլ զրոյից պիտի Աբոյի առաջացրած պայմաններին ու նոփնոր գրասեղանիս վարժվեմ, ու էս պահին զրոյից սկսելն ամենեւին էլ սրտովս չի, որովհետեւ, էս վեպիցս բացի, նաեւ Վիոլետին տվածս հարցազրույցը պիտի ծայրեծայր փոխեմ, քանի որ Վիոլետին ասածներս ընդամենը թունավորվածի ու դիվոտվածի արտահայտություններ էին, եւ չնայած էդ ասածներս Վիոլետին շատ էլ դուր են եկել, բայց իր հարցերը նույնությամբ թողնելով՝ պատասխաններս պիտի ծայրեծայր փոխեմ ու նորից շարադրեմ, որովհետեւ արդեն Վիոլետի ձայնագրիչի սեփականությունը դառած պատասխաններս ոչ միայն իմ էությանը չեն համապատասխանում, այլեւ հակասում են «սիրիր թշնամուդ» հորդորին. այսինքն, Վիոլետի միջոցով միանգամայն արժանի հակահարված եմ տվել ինձ հանիրավի ու անմեղ տեղը կպնողներին, բայց հիմա, երբ Աբոն զանգեց ու ավետեց, որ տանս վերանորոգումն ամենաուշը երկու օրից վերջնական կավարտի, սիրտս միանգամից բացվեց, ու միանգամից ինձ համար հասկանալի դարձավ, որ բնակարանի վերանորոգումն էնքան էլ սարսափելի բան չի՝ ինչքան ինձ էր թվում, եւ հիմա վերջնականապես եմ հասկանում, որ բնակարանի վերանորոգումը սարսափելի չի հատկապես էն դեպքում՝ եթե հյուրասեր ու հյուրընկալ զոքանչի տեր ես, ու հիմա նաեւ հասկանում եմ, որ եթե բնակարանիդ վերանորոգումն ավարտված ու սիրտդ էլ բոլորեքյան բացված է, թշնամիներիդ չսիրելը պարզապես ավելորդ շռայլություն է, եւ հիմա կենտրոնանալով ու հիշողությունս լարելով՝ մանրից սկսում եմ նաեւ հասկանալ, որ իրենց թշնամի համարող էդ երեքից առնվազն մեկն իսկապես ընկերս է, վատագույն դեպքում՝ նախկին ընկերս, ու չնայած զուգահեռաբար նաեւ հասկանում եմ, որ երեսունհինգ տարի շարունակ իրար ու նաեւ ինքներս մեզ ենք խաբել՝ թե ընկեր ենք, այդուհանդերձ, իրեն թշնամի համարելն իմ կողմից առնվազն էշություն է, որովհետեւ ես ընկերություն կոչվածին եւ մանավանդ գրչընկեր կոչվողներին անվերապահ հավատացողներից չեմ. ավելին, հիմա նույնիսկ սկսում եմ մտածել, որ երեսունհինգ տարվա մեր էդ համատեղ ինքնախաբեությունն իր բովանդակությամբ ու տարողությամբ անհամեմատ ավելին է, քան՝ սովորական ընկերությունը, եւ էս բանն առաջին անգամ մտածելով՝ երկրորդ անգամ եմ զանգում Վիոլետին ու երկրորդ անգամ եմ նախազգուշացնում, որ ձայնագրիչի պարունակությունը տպագրության չհանձնի, քանզի ոչ միայն ասված է՝ «սիրիր թշնամուդ», այլեւ ասված է՝ «մի՛ սպանաներ», մինչդեռ Վիոլետին ասածներս, հիմի եմ հասկանում, միանգամայն սպանիչ են՝ էնքանով, ինչքանով իմ մասին իրենց գրածներն ու ասածներն են սպանիչ, ու ես էսքան դիմացել ու էսպես հաջողությամբ շարունակվում եմ ոչ թե էն պատճառով, որ էրեսս պադոշ է, այլ էն պատճառով, որ գրականությունը, պոեզիան ու մանավանդ անտիպոեզիան ոչ թե իմ կյանքն են, այլ ընդամենը՝ կյանքիս բաղկացուցիչները, ընդ որում՝ միանգամայն երկրորդական եւ միգուցե ավելորդ բաղկացուցիչները, ու որ ասում եմ՝ իմ մասին իրենց գրավոր ու բանավոր ասածները սպանիչ են, ամենեւին էլ պոեզիայիս մասին իրենց ասածները նկատի չունեմ, այլ միայն՝ անտիպոեզիայիս, որովհետեւ էդ երեքից մեկը, որի հետ միեւնույն բեմում երեսունհինգ տարի դերասանություն արել ու ընկեր եմ խաղացել, իմ էդ չարաբաստիկ «Անտիպոեզիան» գրավոր ու սեւով սպիտակի վրա անվանել է հակաքրիստոնեական՝ երկարբարակ բացատրելով, որ պոեզիան ու Քրիստոսը նույն երեւույթներն են, եւ իր էդ ասածն ինձ պես աստվածավախ մեկի համար իրոք սպանիչ էր, չհաշված՝ իմ մասին իր ու մյուս երկուսի մյուս ասածները, ու ես իրենց էդ հարվածներին էսպես հաջողությամբ դիմացել ու դիմանում եմ ոչ միայն էն պատճառով, որ Քրիստոսին ու քրիստոնեությունը ոչ թե պոեզիա եմ համարում, այլ ընդամենը՝ կյանք, այլեւ էն պատճառով, որ ինձ էլ երբեւէ պոեզիայի ու գրականության հետ չեմ նույնացրել, եւ, եթե կուզեք ամենաճիշտն իմանալ, գրականությունն ու գրական միջավայրն ինձ համար ամենախորթ ու ամենակեղծ տարածքներն են, եւ չնայած երեսունհինգ տարի շարունակ էդ տարածքներում եմ դերասանություն արել եւ չնայած միշտ էլ հասկացել եմ, որ դա ոչ թե կյանք է, այլ՝ բուն կյանքից էական ու կտրուկ շեղում, այդուհանդերձ, իներցիայով ու մշտապես շարունակել եմ մոլեռանդորեն խաղալ ու շեղվել, որովհետեւ սովետական հոնորարներն ինձ ու գործընկերներիս թույլ չէին տալիս ուրիշ կողմեր նայել, եւ հիմա, երբ էդ անսահման ու անմարդկային հոնորարներն այլեւս գոյություն չունեն, ես նորածնի պես զարմացած շուրջբոլորս եմ նայում եւ զրոյից եմ սկսում մտածելու փորձերս եւ զրոյից սկսելով՝ հետզհետե սկսում եմ հասկանալ, որ երեսունհինգ տարի անընդմեջ խաղացածներիս հոգիներում ավելի քիչ կյանք կա, քան նույնիսկ՝ ամենահետին առեւտրականի մեջ, որովհետեւ, եթե առեւտրականը հանուն փողի է իր ստանձնած դերը խաղում ու ձգում, գրագետներս էդ նույնն անում ենք հանուն ոչնչի, որովհետեւ, եթե փողը գոնե ձեռի կեղտ է, սովետական հոնորարներից ազատ էս դժվարին ու բարդագույն ժամանակի մեջ փառքն ու փառասիրությունը կատարյալ ոչինչ են, եւ դրանցով ապրողներս ու ոգեւորվողներս՝ կատարյալ ոչնչություն. այսինքն, փառքով ու փառասիրությամբ տոչորվողներիս հոգիներում կյանքն ավելի է բացակա, քան նույնիսկ՝ կյանքը միայն փողի առկայությամբ իմաստավորող ու սահմանափակող հաստափորների թափաններում, եւ եթե հակառակը լիներ, երբեք չէի ասի, թե իմ մասին գրագետների էդ ասածներն ու իրենց մասին Վիոլետին ասածներս միանգամայն ու երկուստեք սպանիչ են, եւ սա հենց էն դեպքերից է, որոնց մասին «Առավոտի» իրավական էջի պատասխանատու Մինասյան Ռուզանն ասում է՝ «սպանություն ա գնում», ու մեր էս երկուստեք մահափորձերի վկաներն էլ շնից շատ են, որովհետեւ, չնայած սովետական գերհոնորարները վերացել են, ոչ միայն գրողներն ու գրագետներն են իրենց փառասիրական մոլուցքներով հանդերձ պահպանվել, այլեւ մեկին մեկ զմռսված պահպանվել են մերձգրական, ավելի ճիշտ՝ մերձգրողական միավորները, որոնց միակ ու անփոփոխ կացութաձեւը երկու գրողների միջեւ առաջացած արանքում խցկվելն ու գոյատեւելն է, եւ սրանց միակ ու անփոփոխ մտահոգությունն ու հոգսն էն է, թե՝ ո՞ր գրողն է որից ավելի քանքարավոր, եւ Շիրազի ու Սեւակի արանքում ժամանակին լիքը էդպիսի միավորներ կային, եւ Սեւակի ու Մահարու արանքում էլ դրանց պակասն առանձնապես չէր զգացվում, եւ Հրանտի ու Վարդգեսի միջեւ էլ էին լիքը, եւ Վարդգեսի ու Մելքոնյան Հովհաննեսի միջեւ էլ կային, եւ իմ ու գրչընկերներիս միջեւ էլ էին շնից շատ, ու ես, որ առաջներում գրողական էս արբանյակների առկայությունն ու գոյությունն անվտանգության մարմինների գոյության հետ էի կապում, հիմա սկսում եմ մտածել, որ մերձգրական էս միավորները ոչ թե իներցիայով են իրենց գոյությունը շարունակում, այլ՝ ճակատագրով ու միանգամայն անշահախնդիր, որովհետեւ գրողական էդ մշտական ճեղքվածքներն էս միավորների մշտական ու անփոփոխ ապրելատեղն ու հայրենիքն են, եւ եթե մի ժամանակ կարծում էի, թե սրանց միակ հայրենիքն անվտանգության մարմինն է, հիմա արդեն համոզված եմ, որ սպասարկու էդ տեսակն անվտանգության մարմնից էլ է ճկուն ու երկարակյաց, եւ հիմա, երբ մարմինն արդեն աչքաթող է արել գրողներին ու սրանց, սրանք նույն ջանասիրությամբ շարունակում են իրենց առաքելությունը նույն էդ գրողական ճեղքվածքներում, որովհետեւ, չնայած սովետական գերհոնորարները չկան, գրողական փառասիրությունը կա, շարունակվում ու իր մեջ նորանոր ճեղքվածքներ է առաջացնում՝ մշտապես ապահովելով էս սպասարկու անձնակազմի վաթանի առկայությունը, եւ քանի որ սպասարկուներն, ըստ ամենայնի, արդեն որեւէ մեկից չեն վճարվում, հիմա սկսում եմ կարծել, որ սրանց գործունեությունն ու ինքնագործունեությունը միանգամայն անանձնական են, որովհետեւ սովետական գերհոնորարներն արդեն չկան, եւ գրողների հնարավորություններն արդեն էն չեն, եւ գրողներն էս սպասարկուներին ոչ միայն մարդավարի պատիվ չեն տալիս, այլեւ դեմները մի շիշ գարեջուր կամ մի բաժակ սուրճ էլ չեն դնում, եւ եթե դնում էլ են, միայն էն գրողները, որոնք անկախության էս վերջին տարիներին հաջողացրին որեւէ բիզնես կպցնել, ինչպես նաեւ էն գրողները, որոնք առանց էդ սպասարկուների՝ սովոր չեն ապրել, եւ սրանք հիմնականում էն գրողներն են, որոնք գլավլիտի փակվելուց հետո ամեն ինչով զբաղվել են՝ գրականությունից բացի, եւ չնայած գրելուց բացի ամեն ինչին չափազանց լուրջ են վերաբերվում, գրողական փառասիրությունը սրանց աչքունքից մշտապես անպակաս է, եւ հավերժանալու ու հավերժության մեջ շարունակաբար դեգերելու մարմաջն էլ է սրանց գրողական անփոփոխ հոգիներում մշտապես առկա, եւ չնայած հավերժության հետ սրանց էս մշտական առնչությունները ժամանակ առ ժամանակ հենց իրենց բիզնեսին ու առեւտրային շահերին են ուղղակիորեն խփում, բայց իրենք մշտապես էդ տեսակ ինքնազոհաբերություններին պատրաստ են, քանզի արդեն վերջնականապես են համոզվել, որ իրենց առեւտրային օգուտներն էլ են հանուն իրենց հավերժության իրականանում, եւ իրենց հիմնական բիզնեսը հենց հավերժության հետ է, եւ ահա շարունակաբար էսպես մտածելով՝ հընթացս նաեւ չեն մոռանում մտածել ու վերջնականապես համոզվել, որ գլավլիտից դուրս գրականություն ու պոեզիա գոյություն ունենալ չի կարող, որովհետեւ մեր տեսած ու մեր իմացած էն գլավլիտը՝ որ յոթանասուն տարի գոյություն ուներ, միանգամայն կեղծ ու միանգամայն ժամանակավոր էր, եւ իսկականն ու հավերժականն իրենք են՝ հավերժության դարպասների էս աննկուն պահապանները, եւ մերօրյա էս շարունակական գործընթացում իրենց հիմնական մրցակիցները ոչ թե հարակից առեւտրականներն են, այլ՝ միայն ու միայն էն գրողներն ու հատկապես բանաստեղծները, որոնք գլավլիտից ու էս ամենից հետո էլ համառորեն ու պնդաճակատորեն շարունակում են գրել՝ առանց հասկանալու, որ այն՝ ինչ պիտի գրվի, վաղուց ի վեր գրված ու հաստատված է հավերժության ծանրակշիռ ու վերջնական կնիքով, եւ հավերժությունն ու հավերժականն էս մարդկանց պատկերացման մեջ ավելի ռեալ ու իրական են, քան՝ ներկան ու ներկա ժամանակը, որի մեջ առավոտից իրիկուն ինքնաբավ տոչորվում են՝ անհամբերությամբ սպասելով հավերժական ժամանակին, եւ ներկայի մեջ ինքնաբավ ու ինքնամոռաց տոչորվելով՝ մեծահոգաբար միայն Հիսուսին են ընդունում ու ճանաչում, քանզի հավերժության իմաստով Հիսուսն է սրանց գլխավոր երաշխավորը, բայց մոմավառությանը սկզբունքորեն են դեմ, քանզի իրենց հասույթի ավելացած մասը նախընտրում են ոչ թե մոմավառությանն ու շարքային մուրացկաններին հատկացնել, այլ միայն՝ իրենց անձնական սպասավորներին, եւ եթե հաշվի առնենք, որ սրանց էս սպասավորները մեր նորանկախ ու ինքնիշխան պետությունից որեւէ նպաստ չեն ստանում, պիտի համաձայնվենք, որ, էս պահի դրությամբ, էդ սպասավորներն էլ են արդեն ավարտուն ու վերջնական մուրացկան, բայց եթե հաշվի առնենք, որ մշտապես հավերժություն տենչացող մեր գրագետներից ոմանք իրենց էս անձնական մուրացկաններին միանգամայն սրտանց ու լիաբուռն են մուծվում, պիտի խոստովանեմ նաեւ, որ սրանք իրենց էդ անձնական օգտագործման մուրացկաններին անհամեմատ լավ են նայում, քան մենք՝ մեր շարքայիններին, որովհետեւ սրանց ոչ շարքային ու միանգամայն մեծապատիվ մուրացկանները պերմանենտ վարձատրվում են ոչ միայն հավերժության մայրուղու դարպասները վճարունակների առաջ մշտապես բաց պահելու համար, այլեւ կողմնակիներիս առաջ մշտապես փակ պահելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել