Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նորաշենի հին ու նոր հոգսերը

Օգոստոս 16,2008 00:00

Ռեպորտաժ՝ գյուղից

\"\"Շիրակի հարթավայր, ծովի մակերեւույթից 2000մ բարձրություն, Երեւանից մոտ 100 կմ հյուսիս-արեւմուտք, խորհրդանիշը՝ Շարայի սարը, Սբ. Հովհաննես հնամենի մատուռով, բնակչությունը՝ 1200-ից ավելի. սա Նորաշենի հակիրճ բնութագիրն է, որն ամբողջացրին մեր զրուցակիցները՝ նորաշենցիները: Նորաշենի երկարամյա բնակիչ, գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ռաֆիկ Հարությունյանը պատմում է. «Գյուղը հիմնադրվել է ռուս-թուրքական պատերազմից հետո՝ 1829-ին: Այդ ժամանակ Արեւմտյան Հայաստանից 70 հազար հայերի թույլատրվեց վերաբնակվել Արեւելահայաստանում: 1830-ից սկսվեց գյուղի բնակեցումը, մինչ այդ տարածքն ամայի էր: 1841-ին եկեղեցի կառուցվեց, 1860-ականներին՝ դպրոց: 1984-ին նշեցինք դպրոցի հիմնադրման 100-ամյակը, բայց հետագա ուսումնասիրությունների արդյունքում եւ այդ ժամանակի լուսավորության նախարար Հախումյանի վկայությամբ պարզվեց, որ այն ավելի հին պատմություն ունի»: Ռ. Հարությունյանը այնուհետեւ փաստեց. «Նորաշենցիները զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Երաշտից եւ կարկուտից ապահովագրված չեն: 1 հա ցանելիս 100 հազար դրամի աշխատանք են կատարում, ինչը բնական աղետը վայրկյաններում հողին է հավասարեցնում: Գյուղացու համար այստեղ մնալը շահագրգռող պայմաններ են պետք: Օրինակ՝ մանկապարտեզը փակվեց, չեն մտածում վերաբացելու մասին: Գյուղացին իր արտադրածը չի կարողանում իրացնել: Միջնորդները, որ կաթ, միս ու բուրդ են գնում, ավելի մեծ շահույթ են ստանում: 0.5 լ խմելու ջուրը ավելի թանկ է, քան 1 լ կաթը. այն ամենաշատը 100 դրամ արժե: Բուրդն էլ մթերող չկա, 1կգ-ն ընդամենը 800-1000 դրամ է, իսկ մեկ կապոց խոտը 1000 դրամ արժե»:

Նորաշենում ոչ մի մշակութային օջախ չկա, հատկապես երիտասարդների համար առօրյան միապաղաղ է: Այս եւ այլ խնդիրներից խոսեցինք գյուղապետ Արթուր Կարապետյանի հետ: «Խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կարիք կա, 1950-ականներին կառուցված ջրագիծը շարքից դուրս է եկել: Ջրամբարից ջուր ստանում ենք 100%-ով, իսկ գյուղացուն հասնում է 30-40%-ը: Դիմել ենք վերադասներին, խոստացել են խնդիրը լուծել, բայց 8 տարի է՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով ոչինչ չեն արել: Գազի գլխավոր հոսքագծից խողովակ է գալիս դեպի դպրոց, բայց չգիտենք՝ գազը երբ կգա: Պատասխանատուներն ասում են, որ սեպտեմբերից կսկսեն աշխատանքները: Մարզի գլխավոր ճարտարապետն էլ ասում է, որ մշակույթի տան նախագծման աշխատանքներն են արդեն կատարվում: Բայց դա 70-100 մլն դրամի գործ է, իսկ պետությունը դեռ այդ միջոցները չունի: Պետական միջոցներով 2000 մետրանոց ոռոգման ջրագծի ծրագրի շրջանակներում 500 մ խողովակ է անցկացվել, ջրագիծը ամբողջությամբ փորվել է, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները կասեցվել են»,- տեղեկացրեց Ա. Կարապետյանը եւ հավելեց, որ նորաշենցիների վիճակը փոքր-ինչ բարելավվել է. գյուղում շատացել են արտասահմանյան մեքենաները: Նորաշենի՝ Ռաֆիկ Հարությունյանի անվան դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանն էլ փաստեց. «Ունենք 164 աշակերտ, որոնց թիվը նվազում է՝ պայմանավորված բնական աճի պակասով եւ արտագաղթով: Նախկինում բոլոր դասարանները զույգ էին, իսկ հիմա՝ ոչ: Տարրականում նույնիսկ 7 հոգանոց դասարաններ ունենք: Դասագրքերի խնդիր չկա, իսկ ուսուցչի առավելագույն աշխատավարձի մեկ դրույքաչափը 67 հազար դրամ է: Շենքը ջեռուցվում է էլեկտրաէներգիայով, պետական միջոցներով կաթսայատուն է կառուցվել, բայց դեռ որոշ զոդման աշխատանքներ կան՝ 3 մլն դրամի ներդրմամբ: Մարզպետը խոստացել է գազը գյուղ մտնելուն պես՝ այդ հարցերը լուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել