Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՀԱՆԱՎԱՆՔԻ ԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 16,2008 00:00

Օհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանը է՛լ ատյան չի մնացել, որ չդիմի

ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլոց է դիմել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանը: Նա գրում է, որ ունի 4 ուսանող զավակ, որոնցից մեկը ծառայում է բանակում: Ըստ տիկնոջ նամակի. «17 տարի պետական եւ դատական մարմինների զոհն եմ: 1990-ից մինչ օրս մշակում եմ իմ տնամերձ հողամասին առընթեր մի հողակտոր, որը ձեռք բերելու համար դիմել եմ Արագածոտնի մարզպետարան, սակայն գյուղապետարանը չարամտորեն չի ձեւակերպում այն, դեռ ավելին՝ գյուղապետ Նշան Միսակյանը այդ հողամասի մի կտորը հատկացրել է ոմն Աշոտ Հակոբյանի: Վեճի պատճառով Աշոտի եղբայր Արմեն Հակոբյանը կուրացրել է 17-ամյա որդուս: Աշտարակի առաջին ատյանի դատարանն էլ վճռել է միայն տուգանք»: Դիմելով երկրի առաջին դեմքերին, տիկինը խնդրում է ուսումնասիրություններ անցկացնել Օհանավանում՝ հողերի վաճառքի «մասով», ու պնդում, որ Հովհանավանքի պատմական գերեզմանոցի տարածքը տնամերձ են դարձրել ու բաժանում են մեծ գումարներով:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը իսկապես 2006թ. փետրվարի 15-ին Օհանավանի գյուղապետ Ն. Միսակյանին ուղարկած նամակում փաստել էր, որ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը, ելնելով Օհանավան գյուղի Հովհանավանքի հուշարձանախմբի պահպանական գոտու քարտեզ-սխեմայից, գտել է, որ Աշոտ, Արմինե, Ելենա եւ Սյուզաննա Հակոբյաններին սեփականության իրավունքով հատկացված 1000 քմ հողամասը նշված հուշարձանախմբի պահպանական գոտու մասն է հանդիսանում: Ըստ ծառայության նույն նամակի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Հայկ Խաչատրյան) Աշոտ Հակոբյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման, բավարարել է՝ առանց Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքի, Հողային օրենսգրքի որոշ հոդվածներ ու կառավարության որոշումներ հաշվի առնելու:

Այդ նամակում նաեւ նշվում է, որ ՏԻՄ-ի կողմից չի ապահովվել Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքի պահանջների կատարումը: Ինչ վերաբերում է Սուսաննա Գաբրիելյանի խնդրին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Ասլանյանի, Աշտարակ քաղաքում 25.03.08թ. դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղգործ Ս. Գաբրիելյանի հայցի՝ ընդդեմ Օհանավանի գյուղապետարանի՝ հողամասի տրամադրումը ձեռքբերման վաղեմությամբ իրեն հատկացնելու պահանջի մասին՝ վճռեց մերժել: Իսկ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 22.10.2007թ. որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհանավանքի եկեղեցուն կից Քասախի կիրճի մոտ գտնվող հողատարածքի վերաբերյալ կիրառված հայցի ապահովման միջոցը՝ արգելանքը, վերացվել է: ՀՀ վճռաբեկ դատարանն էլ, նախագահությամբ Հ. Մանուկյանի, այս տարվա հուլիսի 16-ին գտել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են եւ որոշել է վերադարձնել Ս. Գաբրիելյանի բողոքը: Օհանավանցի կինը, սակայն, հայտարարում է, որ շարունակելու է պայքարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել