Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Օգոստոս 16,2008 00:00

Վստահ մեկնարկ եւ համոզիչ հաղթանակ

Երեկ Պեկինում ընթացող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում անչափ հաջող մեկնարկեց մինչեւ 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը: Վիճակահանությամբ վանաձորցի բռնցքամարտիկը նախնական փուլում՝ 1/16 եզրափակիչում հանգստանում էր: Այդ պատճառով էլ նա պայքարի մեջ ներգրավվեց միանգամից 1/8-րդ եզրափակիչում: Հայ մարզիկի առաջին մրցակիցը Նիգերիայի ներկայացուցիչ Ռաշիդ Լավալն էր: Հաղթանակն անչափ անհրաժեշտ էր երկու բռնցքամարտիկներին էլ, քանի որ այդ արգելքն անցնելուց հետո հաջողության հասած մարզիկից առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ ապահովելու համար պահանջվում է ընդամենը եւս մեկ մարտ գրանցել իր օգտին: Այդ խնդիրը Հրաչյան երեկ գերազանց լուծեց: Թեեւ նիգերիացին անընդհատ գրոհում էր, սակայն հայ բռնցքամարտիկը մարտի առաջին րոպեից մինչեւ վերջինը նախաձեռնությունը պահեց իր ձեռքում՝ պաշտպանվելով գրագետ (նա այդպես էլ ոչ մի հարված բաց չթողեց) եւ հակագրոհելով դիպուկ հարվածներով: Եվ չորրորդ ռաունդի ավարտին գրանցված 12:0 ընդհանուր հաշիվը (4:0, 4:0, 2:0, 2:0) ասվածի ապացույցն է: Հրաչյա Ջավախյանն արժանի հաղթանակ տարավ եւ իր երկրորդ մենամարտում ուժերը չափելու է կորեացի բռնցքամարտիկի հետ:

Այսօր օլիմպիական ռինգում իրենց երկրորդ մարտն են անցկացնելու նախնական փուլը հաջող հաղթահարած 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):

Խորհուրդները ժամանակին չլսելու հետեւանքը

\"\"Հայաստանի լավագույն ծանրորդուհիներից մեկը՝ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, երեկ օլիմպիական խաղերում հանդես եկավ իր հնարավորություններից անհամեմատ ցածր եւ 12 հոգու պայքարում նրա գրաված նախավերջին տեղն անսովոր է: Սակայն այդպիսի արդյունքն այնքան էլ անսպասելի չէր եւ դրա համար Եվրոպայի չեմպիոնուհուն քննադատել պետք չէ, ավելի ճիշտ, կարելի է՝ որոշ վերապահումներով: Մարզասերները լավ են հիշում, որ օլիմպիական խաղերում աղջիկների մասնակցությանը ընդամենը մեկ տեղ էր հատկացված Հայաստանին եւ այդ ուղեգիրը 63 կգ քաշային Մելինե Դալուզյանինն էր: Վերջին ամիսներին էլ օլիմպիական կոմիտեի, մարզաձեւի ֆեդերացիայի եւ հավաքականի մարզիչների գործադրած բոլոր ջանքերը նպատակաուղղված էին հենց գյումրեցի մարզուհուն պատշաճ մակարդակով Խաղերին նախապատրաստելուն: Այդ նպատակով դեռեւս հուլիսին նրա համար հատուկ ուսումնամարզական հավաք էր կազմակերպվել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում, որտեղից էլ Մելինեն պետք է մեկներ Պեկին: Սակայն մարզուհին անակնկալ հիվանդացավ եւ բժիշկները (մեր տեղեկություններով՝ Մելինեին հետազոտել են անգամ Կրեմլի հիվանդանոցի մասնագետները) խորհուրդ չտվեցին նրան մեկնել Չինաստան: Եվ մեր ազգային ֆեդերացիան հարկադրված շտապ կարգով նրան փոխարինեց Հռիփսիմե Խուրշուդյանով, որը դրան պատրաստ չէր թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն:

Սակայն, կարծում ենք, Հռիփսիմեին հանդիմանել, այնուամենայնիվ, արժե: Բոլորս էլ տեղյակ ենք, թե ինչպես եւ որքան ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ ծանրամարտի ֆեդերացիան բանակցություններ էին վարում ՄՕԿ-ի, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի եւ օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ, որպեսզի Հռիփսիմեի համար Հայաստանին մեկ տեղ էլ ավելացնեն: Որքան տեղյակ ենք, անգամ պատրաստ էին դրա համար հրաժարվել տղաների նվաճած հինգ ուղեգրերից մեկից: Եվ այդ բանակցությունները շարունակվեցին մինչեւ հնարավոր վերջին օրը: Այդ ընթացքում հատկապես մեր ֆեդերացիայի նախագահը մշտապես Հռիփսիմեին հորդորում էր լրջորեն մարզվել, պահպանել առավելագույն լավ մարզավիճակ, ասելով, որ հրաշքներ կարող են լինել: Ճիշտ է, Խուրշուդյանը մարզվում էր, բայց ոչ պահանջվածի պես, այլ՝ թեթեւ: Ու երբ Պեկին մեկնելու հնարավորությունը եղավ, մնացած մի քանի օրերի ընթացքում կորցրած մարզավիճակը վերականգնել արդեն հնարավոր չէր: Դրա համար էլ նրա ցուցանիշներն այդքան համեստ եղան. պոկումում՝ 105 կգ, հրումում՝ 130 եւ երկամարտում՝ 235 կիլոգրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել