Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱԴԱՎԱՏԻ» ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 16,2008 00:00

Միգուցե մենք էլ հայկական մուֆլոնի մարդ տեսակն ենք

Քաղաքացի դարձած մեր ընդդիմադիր հատվածը 2 խնդիր ունի լուծելու՝ իշխանություն վերցնելը եւ ժողովրդի այլասերված զանգվածին մարդկային նորմալ հարաբերությունների դաշտ վերադարձնելը: Իմ կարծիքով, իշխանություն վերցնելն ավելի դյուրին կարող է լինել, քան տականքից մաքրվելը: Եթե ամեն ստորության պատրաստ սափրագլուխների, ոստիկանների, քննիչների, փողատերերի, գեներալների, դատախազների, դատավորների, հարկահավաքների, ահել ու ջահել կեղծ կուսակցականների ու հազար ու մի այլ պորտաբույծների հսկա բանակներ կան Հայաստանում, ապա ո՞վ եւ ինչպե՞ս է այդ հեղեղի դեմն առնելու: Ախոռ հռչակելն ու դիցաբանական երեւակայությամբ այն մաքրելը մի բան է, իսկ իրական, այլասերված մարդկային հեղեղի դեմն առնելը՝ մի այլ բան: Հայ ընտանիքն է մեր այդ սեփական գարշելիների բուծարանը: Հայ մայրն է այդ հսկա զանգվածին ծնել, փայփայել, աճեցրել, ուղղորդել ու սարքել տականք: Երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է դատավոր, քննիչ, ոստիկան, թաղապետ, պատգամավոր դառնալու: Կաշառքով՝ դիպլոմ, հետո էլ պաշտոն գնելու: Սրանց մայրերն ու հայրերն էլ քնում եւ արթնանում են նույն ստոր մտայնությամբ: 17 տարի է անցել Սովետի կործանումից, բայց աղքատիկ ու միկրոսկոպիկ այս երկրի «պադավատի» մեքենաները, դրանց տերերն ու շոֆերները մնացել են ու բազմացել: «Պադավատի» մեքենայի տերը, մեքենան, շոֆերն ու դրանց հանդուրժող հասարակությունը մի ամբողջ փիլիսոփայություն է, երեւի միակ զուտ հայկական եւ համապարփակ փիլիսոփայությունը: Փորձենք զննել այն պարզագույն տրամաբանական եւ հոգեբանական ոսպնյակներով:

Հասարակության կտրվածքով. «Պադավատի» մեքենայի տերը, մեքենան ու շոֆերը հասարակության պատմական հիշողությամբ օրինականացված մի համույթ են: Բացատրությունը պարզունակ է՝ Սովետի օրոք դրանք կային, հիմա էլ մնացել են: Ժամանակակից երկրներում «պադավատ» ասվածը առհասարակ գոյություն չունի: Ամեն պաշտոնյա ինքն է վարում իր անձնական մեքենան: Հայաստանում մի ստրուկ ունեցողն էլ է «պադավատի» մեջ նստած: Հայ հասարակությունը այս հարցի մեջ երբեք կարեւորություն չի դրել ու մտածել է, թե ժամանակները կփոխվեն՝ դա էլ կանցնի: Հասարակությունը չի տեսնում, զգում, հասկանում, որ իրեն ստորադաս դարձնելու առաջին եւ հիմնական գործիքը հենց «պադավատն» է եղել ու կա: Սա ի տես աշխարհի՝ տեր-ծառա հրապարակային հարաբերություն է, որը միայն մեզանում է պահպանվել որպես անշառ կամ նույնիսկ օրինաչափ սկզբունք:

Մեքենայի տիրոջ կտրվածքով. «Պադավատի» մեքենայով պաշտոնյան առաջին հերթին հնարավորություն է ստանում մեկուսանալ հասարակությունից, զատվել նրա հոգսերից ու կարիքներից: Եթե Սովետի օրոք դա գործիք էր, ապա այժմյան Հայաստանում դա նպատակ է: «Դառնամ պաշտոնյա, նստեմ «պադավատի» մեջ ու թքած ունենամ բոլորի վրա»: Ստորին պաշտոնյայի համար մեքենայի պատուհանի ապակին ու շոֆերն էլ բավարար են շրջապատից զատվելու եւ ապահով լինելու համար: Բարձր պաշտոնյայի դեպքում որակական փոփոխություն չկա: Մի մեքենայի փոխարեն նա ունի տասնյակ, հարյուրավոր մեքենաներ, զրահամեքենաներ, իսկ շոֆերի փոխարեն էլ ունի սափրագլուխների ոհմակ կամ էլ վարձու ու նույնիսկ պետական բանակ: Էությունը սրանից չի փոխվում: 1991 թվի մեր ժողովրդավարական իշխանությունը հենց «պադավատի» ֆենոմենի պատճառով կործանվեց: Առաջին նախագահն էլ մինչեւ այժմ այդ հարցը նորովի քննարկած չկա: Տարօրինակն այն է, որ երբ մարդը հասարակության շարքային անդամ է, նրա մտքով էլ չի անցնում, թե պաշտոն ստանալիս ինչ գայթակղիչ տեսիլքներ են իրեն այցելելու: Նախապես նա միայն մշուշոտ է հասկանում, որ ինչ-որ մոգական ուժ կա հայկական «պադավատ-պաշտոնի» մեջ: Պաշտոն ու «պադավատ» ստանալով, նա իսկույն դառնում է չինական հավերժ հաղթանակող վիշապի հայկական տարբերակը՝ տգետ, չտես ու արյունախում: Սա անհամեմատելի է ռուսական «Յա նաչալնիկ՝ տի դուռակ, տի նաչալնիկ՝ յա դուռակ» հարաբերական սկզբունքին: Հենց վիշապի տարբերակն է մերը՝ դիմացինին իրապես, ֆիզիկապես հոշոտելու վերջաբանով:

Մեքենան. Մեքենայի մակնիշը, գինն ու տարիքը նույն իմաստն ունեն՝ ինչ վերնախավային հարսնացուինը: Մեքենայի մեջ միատեղվում եւ միաժամանակ արտացոլվում են պաշտոնյայի թե չտեսությունը, թե տգիտությունը եւ թե ողջ սնանկությունը: Մեքենայի նույնիսկ մի պտուտակ արտադրելու ունակությունից զուրկ պաշտոնյայի ու նրա շրջապատի կյանքն է դա, էությունը, երջանկությունը, դիրքի ապացույցը, միակ նպատակն ու ապրելաձեւը: Մեքենան սրանց ամեն ինչն է: Հիշում եմ, տարիներ առաջ փոքր-ինչ տկարամիտ մի հարեւան ունեինք: Սա մերթընդմերթ մոտենում էր մեծ բակում կանգնած որեւէ մեքենայի, շոյում էր այն ու հոգոց հանելով ցածրաձայն հառաչում էր՝ մաշինա՜~, մաշինա՜~, մաշինա՜:

Շոֆերը. Շոֆերը դա վերը քննարկված միասնության հիմնական նյութն է, հիմքը: Շոֆեր ասածը դա ժամանակակից հայ ժողովրդի հավաքական կերպարն է: Ում էլ մի լավ տնտղես՝ մեջը շոֆեր կա նստած՝ «պադավատի» շոֆեր: Ինչո՞ւ չէ: Շեֆի կողքին, քարտուղարուհու հետ կոֆե խմելով, միլիցեքից անվախ, շրջապատի մեջ՝ հարգվող: Հենց շոֆերն է այն կիզակետը, ուր այրվում ու փոշիանում է հայի ցանկացած բարձր միտք ու ձգտում: Բոլորն են շոֆեր: Թե սափրագլուխները, թե փողատեր դարձածները, թե ոստիկանը, թե դատավոր ու տեղակալ եւ թե մնացածը: Մի տեր կա՝ նախագահի աթոռին նստածը: Մնացածը շոֆեր են: Տարբեր տրամաչափի ու գործածության: Շոֆերի գերագույն նպատակն է տվյալ օրը կուշտ ուտելը: Այլ նպատակ այդ ուղեղը ընկալել չի կարող: Եթե շատ սոված եղավ՝ շեֆի թույլտվությամբ հարեւանին կհոշոտի, հետո էլ հանգիստ կքնի: Այդ շոֆեր կոչվածը մեր մեջի ստրուկն է, որը դուրս է պրծել մեզանից ու դարձել մեր կուռքն ու գաղափարը: Շոֆեր-շեֆ զույգը դա ֆեոդալական վասալ-իշխան հայտնի զույգը չէ: Դա շատ ավելի ցածր, ստրուկ-ստրկատեր, նախնադարյան ոհմակի ավագ-ստորին անդամ հարաբերությունն է: Քանզի միայն ստրուկն ու տհասը կարող է սափրել գլուխն ու այն որպես զենք օգտագործել: Միայն ստրուկը կարող է ոստիկանի, դատավորի, գեներալի, հարկահավաքի համազգեստ հագնել ու օրը ցերեկով, ի տես ամենքի, թալան սարքել կամ կեղծ ցուցմունք տալ: Միայն ստրուկը կարող է բանակի թիկունքում թաքնված հոխորտալ:

Երեւի թե հայ մարդ արարածը այլ արարած է: Չէ՞ որ կենդանիների մեջ էլ կան տեղայնացված տեսակներ: Օրինակ, կա կենդանի մնացած հայկական մի 2-3 մուֆլոն: Դրանք մուֆլոն են, բայց ուրիշ մուֆլոն են, հայկական մուֆլոն են: Միգուցե մենք էլ մարդ ենք, բայց ուրիշ մարդ ենք, հայկական մարդ ենք: Միգուցե ավելի ճիշտ կլինի մեզ դուրս վռնդել Եվրոպայից, բայց եւ ընդունել, որ մենք էլ ուրիշ տեսակի մարդ ենք՝ տհաս մարդ, ապրում ենք մեր սարերում: Ի՞նչ վատ բան կա սրանում: Չէ՞ որ ասում են, թե ավելի լավ է լինել մկան գլուխ, քան առյուծի պոչ: Հիմա որ մենք մեզ հռչակենք մարդկային զարգացումը վաղուց վերջացրած առանձին մարդկային տեսակ՝ տոհմատիրական-ստրկատիրական պրիմիտիվ կենցաղով, ինչ է, մոլորակը կկործանվի՞: Հակառակը, մեզ դրսից կպարսպապատեն, կկերակրեն, կբազմացնեն, վերջապես՝ տուրիստներ կգան մեզ դիտելու եւ մեզանով հիանալու կամ դաս քաղելու:

Ամեն քայլափոխի գովում ենք մեր իբր սրբազան եկեղեցին, իսկապես արժանավոր լեզուն, հատ ու կենտ միջակ գիտնականներին ու դեռ կանգուն քարե մի քանի կոթողները: Եթե սրան գումարենք առանձին մարդկային տեսակ լինելու փաստը, մեր կայֆին էլ կայֆ չի հասնելու: Գլուխը պատով էլ եթե տան հեռու եւ մոտիկ մեր հարեւան-թշնամիները, նրանք անվերադարձ տանուլ տված են մեր դեմ պայքարում:

Ես կարծում եմ, որ սրանից ավելին երազելն անհեռատեսություն է ու իրապես տհասություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել