Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականին կվտարեն

Օգոստոս 16,2008 00:00

\"\"Ծափաթաղի գյուղապետը տարածքը վաճառել է՝ Մարո Սարգսյանի ընտանիքին թողնելով անտուն

«Ես Աբովյանից հարս եմ գնացել Ղարաբաղի Մարտակերտի Չայլու գյուղ: Արցախյան պատերազմի ժամանակ փախել-եկել ենք Վարդենիսի շրջանի Ծափաթաղ գյուղ, բայց այստեղ էլ հանգիստ չունենք: Թուրքերը մեզ հետ այդպես չէին վարվում, ինչպես մեր գյուղապետ Թագուհի Բոյախչյանն է անում: Տարիներ առաջ տեղավորվել ենք թուրքերի թողած տներից մեկում, սակայն այսօր այդ 4 պատից էլ են մեզ զրկել ու թողել փողոցներում»,- օրերս նման բողոքով Վարդենիսից «Առավոտի» խմբագրություն էր եկել Մարո Սարգսյանը: Նրա խոսքերով՝ 15 տարուց ավելի ինքն այդ տարածքը խնամել ու բարեկարգել է. «Շատ անգամ եմ դիմել այդ տունը սեփականաշնորհելու համար, գումարը վերցրել են ու չեն արել՝ պատճառաբանելով, թե այդ տարածքը համայնքինն է: 6-7 տարի այդ գործին եմ, 60 հազար դրամ եմ տվել: Տեսա՝ բան չեն անում, դիմեցի Գեղարքունիքի մարզպետարան, մի քանի տարի հետո 50 հազարս վերադարձրին, իսկ 10 հազարը պահեցին, իբրեւ թե մաղարիչն էր»:

Մ. Սարգսյանին վրդովեցրել էր այն, որ վերջերս գյուղապետը Թուֆենկյան ընկերությանն է վաճառել հողը, որի վրա գտնվում է իր տունը: Նրա տեղեկություններով, Թուֆենկյաններն այդ տարածքը ձեռք բերելու համար գյուղապետարանին կես միլիոն դոլար են վճարել: Տիկնոջ պատմելով՝ իրենց գյուղապետը, պաշտոնն օգտագործելով, ինչ ուզում՝ անում է:

Մ. Սարգսյանը պատմում է, որ Թագուհի Բոյախչյանը, ինչ դարձել է համայնքի ղեկավար, բարեգործության անվան տակ Ծափաթաղի բնակարանները բաժանում կամ էլ բավականին էժան գներով վաճառում է միայն իր մտերիմներին, իսկ իրեն դեմ արտահայտվողներին կամ էլ աղքատներին միայն փաստաթղթերի առկայության պարագայում է բնակարան հատկացնում. «Մեր անունով ինչ-որ տեղ գրանցված տուն կա, քրոջս ու մորս վրա էլ է բնակարան գրանցել, բայց մենք ոչ այդ տների տեղը գիտենք, ոչ էլ երբեւէ այդտեղ ապրել ենք: Գյուղապետը ժամանակին ինձ իմ ուզած տունը չտվեց, ես էլ գնացի քրոջս, մորս ու հորս հետ մի ազատ հողատարածք վերցրեցի ու միասին փոքր-մոքր տուն սարքեցինք, որտեղ էլ մի կերպ տեղավորվում ենք, բայց դա էլ մեզնից խլեցին»: Մ. Սարգսյանը պատմեց նաեւ, որ ճանապարհ կառուցելու պատրվակով գյուղապետը մի շարք ծափաթաղցիներից սեփական հողերը վերցրել է ու վաճառել, իսկ դրանց փոխարեն այդ մարդկանց հատկացրել է ավելի վատ հողատարածքներ:

Մարո Սարգսյանի ներկայացմամբ, նախկինում էլ իրենց գյուղապետը եղել է Թագուհու հայրը՝ Սյոմա Բոյախչյանը, որի օրոք իրենք նույնպես «օր ու արեւ» չեն տեսել. «Մենք մի քանի ամիս ապրել ենք թիվ 6 տանը: Երկու քույրերով կով ենք պահել եւ այդ տան պարտքերը մարել ենք: Բայց Սյոմիկը երբ դարձավ գյուղապետ, մեզ այդ տնից հանեց: Գյուղապետարանին երբ բողոքում եմ, ասում են՝ գնա քո Ղարաբաղը, ինչի՞ ես եկել այստեղ: Ինձ սպառնում է, որ եթե մի քիչ էլ խոսեմ, բողոքեմ, գլխիս տերը չեմ լինի: Թագուհին ասում է, որ իր հայրը շատ բարի է եղել մեր հանդեպ, եւ հիմա ինքն այդ սխալն ուղղում է: Ես էլ ստիպված դիմել եմ մարզպետարան, բայց այստեղից էլ ինձ ասում են, թե ինչքան օգնություն կա՝ դուք եք ստանում, բայց ես դրա երեսը չեմ տեսել, չեմ էլ իմացել, որ ինձ օգնություն է հասնում»:

Մեզ հետ զրույցում տիկին Սարգսյանը ներկայացրեց նաեւ իրենց սոցիալական վիճակը. «Ամսական ընդամենը 27 հազար դրամ աղքատության նպաստ եմ ստանում: Մեկ տան մեջ 10 հոգով ենք ապրում: Տղաս քոծություն է անում, մի քանի կոպեկ աշխատում, որ ապրենք: Էշի վրա էր բեռները կապում, որ շալակած չտանի, էն էլ գայլերը դռանը կապած էդ էշին եկել-կերել են»:

Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանից մեզ չհաջողվեց որեւէ պարզաբանում ստանալ, քանի որ Գեղարքունիքի մարզպետարանից մեզ տրամադրած՝ գյուղապետի 3 հեռախոսահամարներն էլ չէին պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել