Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է»

Օգոստոս 16,2008 00:00

\"\"Ասում է քուրդ երգչուհի Այնուր Դողանը

«Գարդեշ թուրքուլեր» համույթի 15-ամյակին նվիրված համերգին մեզ հրավիրեցին ամուսիններ Գայանե Չալըքյանը եւ Ժան Գավրիլովը: Համերգը կայացավ Բոսֆորի ափին, բացօթյա «Արենա» համերգասրահում: Լեման Սամի կատարմամբ հայերեն հնչեց նաեւ «Բինգյոլը»: Հայերեն, թուրքերեն, քրդերեն, արաբերեն, գնչուերեն երգեր էին, եւ փոթորկուն դահլիճ: Համերգի գրեթե ամբողջ ընթացքում դահլիճը ոտքի վրա ձայնակցում, ծափահարում, իսկ երիտասարդները պարում էին: Համերգից հետո կիսում էինք ստացած տպավորությունները, ես ասացի, որ ամենատպավորիչը քրդերեն երգող Այնուրն էր: Գայանեն հարցրեց. «Կուզե՞ս հետը հանդիպել»: Ասացի՝ այո, եւ մի քանի օրից Ստամբուլի սրճարաններից մեկում հանդիպեցինք Այնուր Դողանի հետ: Զրույցի սկզբում նա ասաց. «Մենք՝ քրդերս, երախտապարտ ենք Հայաստանին, ամենաշատ երգերը պահպանել է Հայաստանի ռադիոն»: Ես գիտեի, որ դեռեւս խորհրդային տարիներին հայկական ռադիոյում կային քրդերեն հաղորդումներ: Եվ միայն Ստամբուլում հասկացա, թե դա ինչ մեծ նշանակություն ուներ քրդերի համար: Այնուրին հարցրի ազգության մասին. «Ազգությամբ քուրմանջի եմ, կրոնս՝ ալեւի»: Ալեւիները մուսուլմաններ են, սակայն մզկիթ չեն գնում: Թուրքիայում տեւական ժամանակ նրանք նույնպես ճնշումների են ենթարկվել: Այնուրը նաեւ երգերի բառերի եւ երաժշտության հեղինակն է:

– Ե՞րբ սկսեցիք երգել:

– Տասնհինգ տարի է՝ Ստամբուլում եմ: Աստեղ սկսեցի իմ կարիերան: Գիտե՞ք, մեզ մոտ ավանդույթ կա. լացող կանայք կան, ովքեր հուղարկավորությունների ժամանակ ողբում են: Դրանք իմ ականջներում էին մանկությունից, իմ երգը նրանցից է սկիզբ առել, գյուղում ես էլ էի երգում այդ կանանց հետ: Ալեւիների պաշտամունքն արդեն երգ ու պար է: Մենք դրա մեջ շաղախված ենք: Այդ ձեւով ենք մեծացել: Ջուր խմելու պես սուրբ գործ է երաժշտությունն ինձ համար:

– Իսկ ալեւիների պաշտամունքի ժամանակ կանայք եւ տղամարդիկ միասի՞ն են լինում:

– Ալեւիները մյուս մուսուլմանների նման չեն: Կինը մայր է, ընտանիքի գլուխն է, տղամարդու հետ հավասար: Մեզ մոտ մի ավանդույթ կա. երբ կինը գլխաշորը գետնին է նետում, նշանակում է՝ ամեն ինչ պետք է դադարի, եթե կռիվ, վեճ կա: Վերջին խոսքը կնոջն է:

– Թուրքիայում քրդերի հետ դեռեւս խնդիրներ կան, ինչպե՞ս եք դուք կարողանում համերգներ տալ:

– Ժամանակին քրդերենը արգելված լեզու էր, այդ արգելքը օրենքով վերացրին՝ Եվրոպայի ճնշման տակ: Չորս-հինգ տարի առաջ ճնշումները սկսեցին թուլանալ: Հիմա գոնե կարողանում ենք հասարակության առաջ քրդերեն ելույթ ունենալ: Պետությունը ոչ մի ձեւով չի օժանդակում, հակառակը՝ բազում խոչընդոտներ է ստեղծում: Մշակույթի նախարարությունը շարունակում է զանազան արգելքներով խոչընդոտել մեր մշակութային կյանքի զարգացմանը: Աշխարհի բազմաթիվ երկրների բեմերում երգել եմ, սակայն Թուրքիայում անհատական համերգ չեմ ունեցել, չեմ կարողացել: Նախ՝ հովանավոր չունեմ, երկրորդն էլ՝ պետության աջակցությունը չունեմ:

– Թուրքերե՞ն էլ եք երգում։

– Այո, մի քանի երգ երգում եմ, այդ լեզվով եմ մեծացել: Բայց իմ ինքնությունը, իմ ներքինը քրդերենն է:

– Ո՞վ է քո հանդիսատեսը Թուրքիայում:

– Ես երգում եմ քրդական գյուղերում, փոքր քաղաքներում: Մեծ քաղաքներում չեմ կարողացել համերգներ տալ: Թուրքիայից դուրս բացառիկ ճանաչում ունեմ: Այստեղ մեծ քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում չեմ կարողացել համերգ տալ: Այդպես էլ չեմ կարողացել հասկանալ, թե ո՞վ է իմ հանդիսատեսը այս երկրում:

– Որտե՞ղ եք համերգ տալիս Թուրքիայից դուրս:

– Իրաքում, եվրոպական երկրներում, Ռումինիայում մեծ քրդական համայնք կա՝ այնտեղ: Ի դեպ, Կանարյան կղզիներում Պիտեր Գաբրիելի փառատոնին եմ մասնակցելու այս տարի:

– Ինչի՞ մասին են ձեր երգերը:

– Քրդական երգը պատերազմ է, սեր, ողբ: Ընդհանրապես, քրդական երաժշտությունը բազմազան է. Իրան գնաս՝ բոլորովին այլ է, Իրաքում՝ այլ, Հայաստանում՝ այլ, Թուրքիայի գյուղերում, Սիրիայում՝ այլ են, ամեն վայր իր առանձնահատկությունն ունի: Եվ այս ամենին ինչ-որ բան ավելացնելն արդեն ինձ կաշկանդում է: Կարծես թե ամեն ինչ ասվել է արդեն: «Սիրուց խելագարված եմ, կկարծեն խենթ եմ, բայց սիրուց եմ խենթացել: Ում ասում եմ ճշմարիտ խոսքը, կարծում են՝ շղթաներից ձերբազատված խենթ եմ». այս խոսքերն ասվել են հարյուրավոր տարիներ առաջ: Մեր պատմության մեջ շատ առեղծվածներ կան, մեզ շատ քիչ բան է հասել: Բայց վերջին տարիներին, մասնավորապես հայերի եւ քրդերի մի քիչ գլուխ բարձրացնելը մեծ մշակութային պայթյուն եղավ: Իրականության մեջ, եթե թողնեն, ավելի մեծ պայթյուն պիտի լինի: Եվ դա Թուրքիայի համար լավ է լինելու, որովհետեւ ամենահարուստ երկիրն է՝ տարբեր մշակույթների մեկտեղված հող լինելով: Սյունի-քեմալիստ-թուրք պետք է լինես այս երկրում: Այս մեկ տիպարի վրա մարդ ստեղծելու տենչը Թուրքիայում շատ բաների համար արգելք է հանդիսացել:

– Ձեր հարազատներից եղե՞լ են զոհեր:

– Շատ: Մասնավորապես Դերսիմից շատ են կորուստները: Պարտադիր չէ արյունակից լինել, ամենքս էլ բարեկամներ ենք, հարեւանն էլ եթե մեռնում է՝ մոտ մարդ ես կորցնում:

– Այնուր, կարո՞ղ ենք ասել, որ մշակույթը դարձել է պայքարի միակ միջոցը Թուրքիայում:

– Այո, այդպես է, ամենաամուր ամրոցներն են մշակույթը, երգը, գիրը: Քրդական դպրոցներ չկան: Ազգի մշակույթը եթե պետական օրենքի տակ չլինի, օրենքից դուրս լինի՝ պահպանելը շատ դժվար է: Լեզվով գոնե մենք պահպանում ենք:

– Որպես մշակույթի մարդ՝ Թուրքիայի ապագան ինչպե՞ս եք տեսնում:

– Թուրքիան ստերի վրա կառուցված երկիր է, շատ ժամանակ է պահանջվում ինչ-որ բաներ փոխելու համար: Հավաքականությունների՝ իրար հետ խաղաղ լինելը շատ կարեւոր է: Եթե նույնիսկ համակարգը շտկվի՝ ժողովրդի միջից նախապաշարումները շատ դժվար է հանելը:

Ես Ստամբուլում հայաշատ թաղամասում եմ ապրում՝ Քուրդուլուշ: Բոլորը գիտեն, որ այն հայաշատ թաղամաս է: Եվ ազգայնամոլությունն այդտեղ շատ են բարձրացրել: Դրոշակներով պտտող մարդիկ, նույնիսկ հայերի տները քարկոծող մարդիկ եմ տեսել: Ստամբուլի ոչ մի թաղամասում չեմ տեսել, որ ամեն օր հոսանքը անջատեն, ջրերը կտրեն:

– Մտադրություն ունե՞ք Հայաստան գալ:

– Իհարկե, եթե հրավեր լինի՝ կգամ: Ես արդեն ասացի, որ ուզում եմ գալ եւ ձեր ռադիոյի արխիվներում փնտրել մեր երգերը, քրդական երգերի համար եմ նախ ուզում գալ: Դա միակ տեղն է, ուր պահպանվել են մեր երգերը, եւ այդտեղից են քրդերը վերցրել շատ երգեր: Եթե հրավեր լինի՝ անպայման կգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել