Լրահոս
Օրվա լրահոսը

7 տարվա ազատազրկում

Օգոստոս 16,2008 00:00

Օպերատիվ տեղեկություններ տվողը հրաժարվել է

«2007թ. նոյեմբերի 14-ին 6-րդ բաժնի աշխատակիցներն ինձ առեւանգել են փողոցից: 5 ժամ պահեցին նվաստացուցիչ պայմաններում, ստիպում էին, որ ես վերադարձնեմ ինչ-որ դեղի գումար: Կամ էլ՝ դեղամիջոց: Նրանք ինձ նկարներ էին ցույց տալիս, ասում էին անուններ, որ ես գրեմ անհասկանալի բաների մասին: Վախեցնում էին՝ չգրելու դեպքում կամ կնստացնեն ինձ, կամ էլ բանակում ծառայող տղայիս գլխին մի բան կսարքեն»,- «Առավոտին» ուղարկած նամակում գրել էր արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայումս գտնվող, վերջերս 7 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Գալաքսի» սուպերմարկետին կից արտադրամասի առաքիչ Լեւոն Մարգարյանը:

Երեւանի քրեական դատարանը նրան հուլիսի 8-ին դատապարտեց թմրանյութ (0,79 գրամ «ափիոն») ձեռք բերելու եւ իրացնելու համար: Բացի ազատազրկումից, դատարանը վճռեց բռնագրավել նրա անձնական գույքի 30%-ը, տուգանեց 70 000 դրամով:

Մեղադրանքի հիմքում դրվել էր նաեւ այն, որ Լ. Մարգարյանը 20 000 դրամով թմրանյութ է վաճառել Աշտարակի բնակիչ Արտավազդ Սիմոնյանին:

Խոսքն այն Արտավազդ Սիմոնյանի մասին է, որը նոյեմբերի 29-ին դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ ոստիկանների կողմից ենթարկվել է խոշտանգումների: Իրոք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ահազանգից հետո գնացել էին Արտավազդ Սիմոնյանի մոտ, որին ուղեղի կաթվածով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանները ստիպել էին ցուցմունք տալ Լեւոնի դեմ, կոտրել էին նրա ողնաշարը, որի հետեւանքով փշրվել էին կողոսկրերն ու թուլացել ոտքերը: Օմբուդսմենն այս կապակցությամբ դեռ անցյալ տարվա նոյեմբերին հանդես էր եկել հատուկ հաղորդագրությամբ:

Արտավազդ Սիմոնյանը դատաքննության փուլում քրեական դատարանին ուղարկել էր իր «ցուցմունք-հայտարարությունն» այն մասին, որ մեղադրվում է ապօրինի՝ թմրամիջոց օգտագործելու եւ ձեռք բերելու մեջ. «Հայտնում եմ, որ չեմ ճանաչել Լեւոնին: 6-րդ վարչությունում են ինձ ստիպել, որ գրեմ՝ թե թմրամիջոցը վերցրել եմ Լեւոնից: Այլ ելք չունենալով, բառացիորեն գրել եմ նրանց թելադրածը»: Նշենք, որ անկողնուն մինչ օրս գամված Սիմոնյանի մասով գործն առանձնացվել է, կասեցվել:

Լ. Մարգարյանը դատարանին տեղեկացրել էր, որ նախաքննության մարմնից պահանջել է «պաշտպան կամ լրագրող, քանի որ զգում էի, որ գլխիս սարքում են»: Մինչ պաշտպան ունենալը՝ Մարգարյանը չի տվել ցուցմունք, չի ստորագրել որեւէ տողի տակ:

Լ. Մարգարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռազմիկ Թովմասյանը քրեական դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեղադրանք առաջադրելու պահին (այն արձանագրված է ոստիկանների կողմից) Լ. Մարգարյանը գտնվել է աշխատատեղում, որպես առաքիչ ապրանք է տեղափոխել խանութներ: Պաշտպանական կողմը միջնորդել էր դատարան կանչել նրա աշխատանքային ընկերներին, որպեսզի հաստատեին կամ հերքեին Մարգարյանի «ալիբին»: Սակայն միջնորդությունը մերժվել էր:

Ռ. Թովմասյանը դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ բողոքում պաշտպանը գրում է, որ վերծանվել են Լ. Մարգարյանի ձեռքի հեռախոսազանգերը: Սակայն վերծանման արդյունքները մինչ օրս հայտնի չեն։ «Գործում չկան վերծանումները, թե ինչու՝ հասկանալի չէ: Կարելի է ենթադրել, որ խոսակցություն չի եղել Լ. Մարգարյանի եւ Ա. Սիմոնյանի միջեւ: Հետեւաբար, Լ. Մարգարյանի մեղադրանքը շինծու է ու անհիմն: Ստացվում է, որ Լ. Մարգարյանը որպես մեղադրյալ ինքը պետք է ապացուցի իր անմեղությունը, որը չի բխում օրենքից»,- ասաց պաշտպանը:

Անհասկանալի է այն, որ Սիմոնյանի մասով գործն անջատվել եւ կասեցվել է, իսկ Մարգարյանի մասով՝ ոչ: Դա նշանակում է, որ գործի լրիվությունը չի ապահովված, եւ դատավճիռը ապացույցների օբյեկտիվ գնահատականների արդյունք չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել