Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԿՏԱԿԸ

Օգոստոս 16,2008 00:00

Քրգործի մասին հայտնի դարձավ 4 տարի հետո

\"\"Այս տարվա փետրվարի 21-ին ՀՀ փորձագիտական կենտրոնի փորձագետ Վ. Գրիգորյանը դատափաստաթղթաբանական փորձաքննության ենթարկեց 1983-ից ԽՍՀՄ քաղաքացիությունից հրաժարված, ԱՄՆ քաղաքացի Անդրանիկ Դնգիկյանի անվամբ կազմված կտակը: Բազմաթիվ դատարաններ դատակոչված այս չարաբաստիկ կտակի հիման վրա դեռ 1997թ. հուլիսի 4-ին Երեւանի Կենտրոն նոտարական գրասենյակի կողմից Գեւորգ Դնգիկյանի (Անդրանիկ Դնգիկյանի որդու) անվամբ տրվել է ժառանգության իրավունքի վկայական՝ Պռոշյան 19 հասցեի նկատմամբ: Նշենք, որ կտակը, ըստ այն հաստատած Կենտրոնի նոտարի՝ Ելենա Սարգսյանի, վավերացվել է ԱՄՆ-ում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսի կողմից, ապա՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության:

Փորձագետը բեկում մտցրեց այս գոր ծում այն պահից, երբ ստորագրեց մի եզրակացության տակ, ուր նշված էր. «Փորձաքննությանը տրամադրված Անդրանիկ Դնգիկյանի կտակում (անգլերեն) եւ կտակի համաձայնությունում (անգլերեն) առկա մյուս բոլոր ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները չեն կատարվել անմիջապես գրչով, այլ կատարվել են պատճենահանող սարքավորման կամ լազերային տպիչ սարքավորման միջոցով»: Երեւանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Հիշեցնենք, որ մինչ այդ քաղաքացիական հայցերով դատարան են դիմել նախ այդ տան սեփականատեր Էմմա Թելոյանն ու նրա ներկայացուցիչը, ապա՝ Դնգիկյանի լիազորված անձինք: «Քրեական գործի նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեւորգ Դնգիկյանը եւ նրա ընկերը՝ Գագիկ Խուդավերդյանը (դատավոր Կարինե Հակոբյանի ամուսինը), օգտագործելով կեղծ կտակը, կատարել են խարդախություն: Այն է՝ Գ. Դնգիկյանը կեղծ կտակը լիազորագրով հանձնել է ընկերոջը՝ Գ.Խուդավերդյանին, վերջինս այդ կեղծ փաստաթուղթը ներկայացրել է դատարան, որն էլ հիմք ընդունելով՝ դատարանի կողմից ճանաչվել է Դնգիկյանի սեփականության իրավունքն առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 30.000.000 ՀՀ դրամ արժողության Պռոշյան 19 հասցեի գույքի եւ 960 քմ հողատարածքի նկատմամբ»,- այդ ամենն արձանագրել էր Կենտրոնի ոստիկանության քննիչ Տիգրան Կիրակոսյանը:

Որ ՀՀ ԱԳՆ խողովակով անցած փաստաթուղթը պատշաճ չէ, հաստատվում է նրանով, որ կտակը եւ այլ պաշտոնական փաստաթղթերը պետք է դրոշմվեին հատուկ «ապոստիլ» կնիքով, որը կտակի վրա չի եղել:

ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության բաժնի կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն, Ա. Դնգիկյանի «վերջին կամքը եւ կտակագիրը հրապարակայնորեն գրանցված չէ», այսինքն՝ ըստ ԱՄՆ օրենսդրության, համարվում է անվավեր: Կտակի վրա դրված կնիքները դրվել էին դատարկ էջի վրա, մինչդեռ քրեական գործի նախաքննության փուլում ԱԳՆ նախկին աշխատակից Ա. Յավրոյանը հայտարարել էր. «Ես երբեք դատարկ էջի վրա կնիք չեմ դրել»: Թերեւս սկանդալային բացահայտումն այն էր, որ Թելոյանները քննիչներին ներկայացրին ԱՄՆ-ում վավերացված Ա. Դնգիկյանի կտակը: Այն «վավերացրած» փաստաբան Բերնարդ Ռոմի որդին՝ Դավիդ Ռոմը գրել էր. «Կտակում առկա ստորագրությունը հորս՝ Բերնարդ Ռոմինը չէ»:

Նկատենք, որ «հայ-ամերիկյան» արտադրության կտակի բնօրինակ առհասարակ գոյություն չունի: Թե ոստիկանությունը, թե դատախազությունը, թե ՀՀ նախագահի վերահսկողական վարչությունը Դնգիկյանից պահանջել են այն ու մինչ օրս չեն ստացել:

Հաստատվեց նաեւ, որ Գ. Դնգիկյանն ու Գ. Խուդավերդյանը խարդախությամբ փորձել են ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերել: Գործն այս մեղադրանքով հասավ Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը որոշեց իր գործընկերոջ ամուսնու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ քրեական գործով վարույթը կարճել: Ոստիկանության քննիչի՝ Տ. Կիրակոսյանի վրա հետեւած ճնշման արդյունքում նա կարճման որոշում կայացրեց ու մեղքը բարդեց ԴԱՀԿ աշխատակիցների կողմից Դնգիկյանի օգտին գործողություններ չիրականացնելու վրա: ԴԱՀԿ-ականներ Գագիկ Հովհաննիսյանը, Արամ Իսրայելյանը եւ Մարատ Բաղդասարյանը մեղադրվեցին դատական ակտը չկատարելու մեջ: Հետագայում նրանց նկատմամբ էլ հետապնդումը դադարեցվեց՝ «դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել» պատճառաբանությամբ:

Օրեր առաջ՝ հուլիսի 23-ին, Արաբկիր եւ Քանաքեռ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Էմմա Թելոյանի հերթական հայցը: Պարզվեց, որ 2008թ. հուլիսին Թելոյանի փաստաբանին՝ Լ. Սարգսյանին, Թելոյանի նախկին հարեւանները հանձնել են դեռ 2004-ին կայացված մի որոշում, որից ողջ այս քաշքշուկի ժամանակ Թելոյանները եւ նրանց փաստաբանը տեղյակ չեն եղել, կայացվել է 2004-ին: Պարզվում է, 4 տարի առաջ հարուցված է եղել քրեական գործ՝ Դնգիկյանի եւ Խուդավերդյանի նկատմամբ, որը կարճվել է: 2004թ. որոշումը պահվել է գաղտնի, բնականաբար՝ այն չի բողոքարկվել: Որոշումը բողոքարկելու ժամկետը բաց թողնելը 2008-ի դատարանը համարեց հարգելի եւ բավարարեց Թելոյանի պահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել