Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը իր նպատակին չի հասել

Օգոստոս 16,2008 00:00

Պատերազմի աշխարհաքաղաքական հետեւանքները

Ռուսաստանը, իր նախագահի անունից հայտարարելով «խաղաղություն պարտադրելու» օպերացիայի սկիզբը, փաստորեն դարձավ հակամարտող կողմերից մեկը (իսկ աբխազական ճակատի ձեւավորմամբ՝ երկուսը): Ըստ այդմ, վրացական ռազմական բազաները ռմբակոծած ռուսական կողմի գործողությունները Արեւմուտքին, ինչպես նաեւ աշխարհի մյուս երկրներին, ստիպեցին հարցականի տակ դնել ռուսական խաղաղարար առաքելության արդյունավետությունը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, իսկ ընդհանրապես՝ ԱՊՀ երկրների մյուս թեժ կետերում եւս։ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կարծիքով, երկնագույն սաղավարտավորները չեն կարող չեզոք լինել, ուրեմն եւ՝ խաղաղարար կոչվելու իրավունք չունեն:

– Ռուսական ղեկավարությունը չհասավ իր գլխավոր նպատակին՝ Սահակաշվիլու հրաժարականին, Վրաստանում քաղաքական ռեժիմի փոփոխությանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Վրաստանի մտադրությունից հրաժարվելուն։ Ավելի շուտ՝ հակառակը: Վրաստանի ռազմական կորուստներն ավելին են, քան Ռուսաստանինը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ֆինանսական, արտաքին քաղաքական, բարոյական կորուստները շատ ավելի մեծ են, քան Վրաստանինը:

– Ռուսաստանը դարձավ միջազգայնորեն ճանաչված ագրեսոր՝ ներխուժելով ՄԱԿ-ի անդամ այլ պետության տարածք: Վրաստանը, փաստորեն, միջազգայնորեն ճանաչված ագրեսիայի զոհ է:

– Նոր իրավիճակում վրաց հասարակությանը կարող է հնարավորություն ընձեռվել լեգիտիմացնելու Վրաստանի դե-ֆակտո կորուստները՝ Հարավային Օսեթիան եւ Աբխազիան:

– Ռուսաստանը գործնականում լիովին հայտնվել է արտաքին քաղաքական մեկուսացման մեջ: Ռուսաստանի գործողությունները Վրաստանում պաշտպանել է միայն Կուբան: Ո՛չ Իրաքը, ո՛չ Վենեսուելան, ո՛չ Ուզբեկստանը, ո՛չ էլ նույնիսկ Բելառուսը ոչինչ չասացին հօգուտ Ռուսաստանին:

– Քաղաքական «ութնյակը» դե-ֆակտո վերածվեց «յոթնյակի»: Ռուսական ղեկավարության արտաքին քաղաքականության պարբերական ձախողումները՝ սկսած 2003 թ. «վարդերի» եւ 2004 թ. «նարնջագույն» հեղափոխություններով, որը շարունակվեց ՆԱՏՕ-ի 2008 թ. ապրիլին կայացած բուխարեստյան գագաթաժողովով, լրացվեց եւս մեկով:

– Իր սցենարով տեղի ունեցած պատերազմը դարձավ ռուս ուժայինների կողմից երկար պատրաստված եւ հաջող անցկացված փայլուն սադրանք՝ գործնականում ամբողջովին վերարտադրվելով մեկ այլ թատրոնում եւ ուրիշ ժամանակում՝ «Բասաեւի արշավը Դաղստան», եւ չեչենական երկրորդ պատերազմի սկիզբը 1999 թ.:

– Ռուսական ղեկավարությանը «հաջողվեց» գլխավորը՝ ներկայիս աշխարհը չէր կարող (չէր ուզում) հավատալ «ռուսական արջի» առջեւ վախի վերածննդին: Այս վախը եւ այս անզորությունը (թեկուզեւ՝ ժամանակավոր) աշխարհը դեռ երկար կհիշի:

– ՌԴ քաղաքացիները՝ զրկված լինելով ինֆորմացիոն այլ աղբյուրներից, բացի պաշտոնականից, ամբողջովին հայտնվել են ինֆորմացիոն մեկուսացման մեջ: Հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աստիճանը, ինչպես նաեւ նրան զանգվածային հիստերիայի հասցնելու արագությունն ու աստիճանը կարելի է համարել ռուսական ռեժիմի անհերքելի ձեռքբերումը, որը հղի է անվիճելի եւ անկանխատեսելի հետեւանքներով:

– «Ինստիտուցիոնալ» աղետ, որի գլխավոր (բայց ոչ միակ) զոհերն են Ռուսաստանի քաղաքացիները:

– Պատերազմը օգնեց բացահայտելու որոշ «լիբերալների» եւ «դեմոկրատների», այսպես կոչված, իրական դեմքերը, որոնք մինչ այդ դատապարտում էին «պոստիմպերիական սինդրոմը», բայց պատերազմն սկսվելուն պես շտապեցին խոնարհվել իշխանության առաջ, կոչ անելով՝ «արշավ դեպի Թբիլիսի» եւ պահանջելով ուժային կառույցների ամրապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել