Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՁԵՌՔԻՑ ԽԼԵԼ ԵՆ

Օգոստոս 16,2008 00:00

\"\"Գեներալ Սեյրան Սարոյանն ու նրա մերձավորներն Իշխան Սարգսյանի ընտանիքին ահաբեկել են եւ երկրից հեռացնելով՝ նրանց տունը յուրացրել:

Նորություն չէ, որ մեր երկրում բարձր պաշտոններ զբաղեցնելն ու գեներալական կոչումներ ունենալը լայն հնարավորություններ է ընձեռում թե՛ տվյալ պաշտոնյային, թե՛ նրա «ազգուտակին»: Վերջիններս իրենց պաշտոնեական դիրքն ու հեղինակությունն օգտագործելով, շատ դեպքերում չինովնիկների հետ համաձայնության գալով, անգամ ապօրինի գործարքների միջոցով են իրենց հարցերը լուծում: Սույն հրապարակմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրում ենք նման մի դեպքի վրա։ Խոսքը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հովանավորությամբ գործող նրա մերձավորներից մեկի՝ Փարաքար գյուղի բնակիչ Մնացական Գրիգորյանի մասին է: Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել Երեւան քաղաքի բնակիչ Իշխան Սարգսյանը՝ հայտնելով, որ Մ. Գրիգորյանի եւ Երեւանի քաղաքապետարանի ու Աջափնյակի կադաստրի աշխատակիցների անօրինական գործողությունների արդյունքում Աջափնյակի Կարապետյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող իր տնից զրկվել է: Մեր խմբագրությունում առկա փաստաթղթերից, նյութերից դատելով՝ գեներալ Ս. Սարոյանն ու Մնացական Գրիգորյանը Իշխան Սարգսյանի հետ համատեղ բիզնես են սկսել եւ, չբավարարվելով ու նրան խաղից դուրս թողնելով, անօրինական ճանապարհներով խլել են նաեւ Ի. Սարգսյանի ընտանիքին պատկանող առանձնատունը: Օգտվելով առիթից, որ Ի. Սարգսյանի տան նորակառույց հատվածը դեռեւս սեփականաշնորհված չէ, իսկ տանտերերը գտնվում են Ռուսաստանում, Մ. Գրիգորյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ առանձնատունն իր անունով սեփականաշնորհելու: Ուշագրավ է այն, որ Մ. Գրիգորյանից առանձնապես ջանքեր չեն էլ պահանջվել ուրիշի ունեցվածքը սեփականացնելու: Չնայած 1987-ից մինչ օրս այդ հասցեում բնակվել է Սարգսյանների ընտանիքը (այդ մասին են վկայում Աջափնյակի թաղապետի տված տեղեկանքը, հարեւան բնակիչների շուրջ 250 ստորագրություն, տարիներ ի վեր գազի, լույսի, ջրի համար մուծած վարձերի կտրոնները), Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր թիվ 772-Ա որոշմամբ 25.02.

2008-ին, առանց որեւէ հիմք ունենալու, Սարգսյանների առանձնատունը հատկացրել է Մ. Գրիգորյանին: Մինչդեռ, Ի. Սարգսյանի խոսքերով. «Մնացականն անգամ 1 ժամ այդ տանը չի բնակվել»: Նկատենք, որ տունը սեփականաշնորհելու համար Մ. Գրիգորյանը քաղաքապետարանին պետք է ներկայացրած լիներ Աջափնյակի թաղապետից, տարածքի լիազորից տեղեկանքներ, ըստ որի՝ տվյալ առանձնատունն ինքն է կառուցել եւ 10 տարուց ավելի բնակվում է այդ հասցեում: Պետք է ունենար նաեւ հարակից սեփականատերերի համաձայնությունը, որ իրենք չեն առարկում, որպեսզի իրենց հարակից ապօրինի կառույցը սեփականաշնորհվի Մ. Գրիգորյանին: Ի. Սարգսյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանի հավաստմամբ, այդ փաստաթղթերից որեւէ մեկը գոյություն չունի, ուստի զարմանալի է, թե քաղաքապետարանն ինչի հիման վրա է առանձնատունը հատկացրել Մ. Գրիգորյանին: Նշենք նաեւ, որ քաղաքապետի որոշման մեջ արդեն Մ. Գրիգորյանին պատկանող տան հասցեն գրված է ոչ թե Աջափնյակի Կարապետյան փող. թիվ 5, այլ՝ 5/2:

Այս խնդրի վերաբերյալ մի շարք այլ մանրամասներ էլ կան՝ օրինակ, թե քաղաքապետարանի եւ Աջափնյակի կադաստրի աշխատակիցները, հնարավորություն չունենալով առանձնատուն մտնել, իրենց ապօրինի գործարքն ավարտին հասցնելու համար ինչպես են չափագրումներն արել դրսից եւ այլն, պարզապես դրանք չենք տպագրում՝ բացառապես ընթերցողին չծանրաբեռնելու համար:

Ի. Սարգսյանի ներկայացմամբ, այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ ՌԴ-ում գտնվող իր կինը, երբ հեռախոսով լսում է իրենց տան՝ նոր տերեր ունենալու մասին լուրը, տեղում սրտի կաթված է ստանում ու մահանում՝ 2 երեխաներին թողնելով ամուսնու խնամքին:

Իսկ ամեն բան, Ի. Սարգսյանի պատմելով, սկսվել է նրանից, երբ ինքը գեներալ Սեյրան Սարոյանի եւ նրա ընկեր Մնացական Գրիգորյանի հետ ՌԴ-ում հագուստի բիզնես են սկսել. «Սեյրան Սարոյանը $60 հազար էր ներդրել գործի մեջ, որպեսզի ապրանք գնենք ու վերավաճառենք: Նա այդ 60 հազարից 30 հազարը իմ տեղն էր դրել: Փոխարենը՝ այդ գումարի դիմաց նրան որպես գրավ հանձնել էինք ընկերոջս՝ Գագիկի Աջափնյակի Մազմանյան 18 շենքում գտնվող 60 հազար դոլար արժողությամբ բնակարանը՝ պայմանով, որ ապրանքը վաճառենք՝ գեներալի 30 հազար պարտքը վերադարձնեմ»: Իշխան Սարգսյանի պատմելով, ընկերոջ բնակարանը Ս. Սարոյանը առուվաճառքի պայմանագրով ձեւակերպում է իր վարորդի՝ Սուրիկի անունով:

«Ապրանքը գնելուց հետո այն պետք է տայինք գեներալի մորաքրոջ որդուն՝ Նորիկին, որը բնակվում է Սանկտ-Պետերբուրգում: Սակայն Նորիկը, ապրանքը տեսնելով, հրաժարվում է վերցնել, ասելով, որ այդ քուրջ ու փալասն ինքը չի կարող վաճառել: Ստիպված մենք ենք սկսում գնորդներ փնտրել: Չինացիներն այդ ապրանքը $110 հազարով ուզում են գնել, բայց իմ գործընկեր Մնացականը հրաժարվում է վաճառել: Մերժում է նաեւ ադրբեջանցիների՝ 100 հազարով գնելու առաջարկը, պատճառաբանելով, թե ինքը գեներալին խոսք է տվել $120 հազարով վաճառել: Ես Մնացականին ասացի, որ հրաժարվում եմ իմ եկամուտից, միայն թե կարողանանք ապրանքն արագ վաճառել եւ գեներալի պարտքը վերադարձնել: Սակայն Մնացականն այդպես էլ չի համաձայնում»,- պատմեց Ի. Սարգսյանը: Տեսնելով, որ ապրանքն այդպես էլ չի իրացվում, Ի. Սարգսյանն ու Մ. Գրիգորյանը ՌԴ Վլադիմիր քաղաքում պահեստ են վարձում եւ օրական $2500 վարձ են վճարում: Ի. Սարգսյանի խոսքերով, պահեստի վարձը վճարելու համար ստիպված են լինում ապրանքից որոշ բաներ վաճառել: Որոշ ժամանակ անց Մ. Գրիգորյանը, Ի. Սարգսյանին թողնելով ՌԴ-ում, վերադառնում է Հայաստան. «Նա գեներալին ասում է, թե իբր ես իրենց բոլորին քցել եմ, ապրանքն իրացրել եմ ու գումարները վերցնելով՝ փախել: Համոզվելու համար գեներալն իմ ընկեր Գագիկին ուղարկում է ինձ մոտ: Գագիկը գալիս է եւ իր աչքով տեսնում է, որ ապրանքը տեղում, է եւ այդ մասին հայտնում է Ս. Սարոյանին»,- պատմեց Ի. Սարգսյանը։ Նրա պատմելով, հենց այդ ժամանակ էլ Ս. Սարոյանն ու Մ. Գրիգորյանը սկսում են Հայաստանում գտնվող իր ընտանիքի անդամներին ահաբեկել. «Անգամ 17-ամյա տղայիս՝ Գեւորիկին են փորձում առեւանգել: Եվ Գագիկն այդ ամենը տեսնելով՝ Ս. Սարոյանին առաջարկում է այդ գրավ դրած բնակարանը վաճառել եւ այդ գումարով Ի. Սարգսյանի պարտքը մարել: Ես գեներալին $30 հազար եմ պարտք լինում, բայց Ս. Սարոյանը բնակարանը $58 հազարով վաճառում է եւ ողջ գումարը վերցնում»:

Չնայած Ի. Սարգսյանն այլեւս Ս. Սարոյանի հետ պարտք ու պահանջ չի ունենում, սակայն Ի. Սարգսյանի պատմելով, գեներալը չի համակերպվում այն մտքին, որ, այնուամենայնիվ, ապրանքի մեծ մասը դեռ մնում է, եւ շարունակում է Ի. Սարգսյանի ընտանիքին ահաբեկել: Այդ ամենը տեսնելով՝ Ի. Սարգսյանը ստիպված ընտանիքին էլ է Ռուսաստան տեղափոխում. «Ինձ հայտնում են, թե գեներալը բոլորին հրահանգել էր, որ Իշխանին որտեղ բռնեն՝ խփեն»:

Հենց այդ ժամանակ էլ սկսվում են Սարգսյանների առանձնատան նկատմամբ՝ Ս. Սարոյանի եւ Մ. Գրիգորյանի հավակնությունները: Վերջիններիս գործողություններից միառժամանակ հետո՝ Ի. Սարգսյանը դիմում է ՀՀ նախագահին եւ իրավապահ մարմիններին, սակայն Մ. Գրիգորյանը, քրեական պատասխանատվությունից վախենալով, կրկին շանտաժի միջոցով, Ի. Սարգսյանին ստիպում է, որպեսզի հաշտության պայմանագիր կնքեն, եւ սեփականաշնորհման գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցնելով՝ Մ. Գրիգորյանը Սարգսյանների տունը վաճառում է մեկ այլ անձի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել