Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ը ԿՎԵՐԱՃՇԳՐՏԻ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Օգոստոս 16,2008 00:00

Ռուս-վրացական հակամարտությունը քննարկելու նպատակով երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնել է Ռուսաստան, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ Վրաստան: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:

Թեեւ պաշտոնական Բեռլինը Եվրամիության արտգործնախարարների նիստում չպաշտպանեց ԵՄ մի քանի անդամների առաջարկը՝ Ռուսաստանի գործողությունները խստորեն դատապարտելու վերաբերյալ, այդուամենայնիվ, երեկ նա մտադիր էր Մոսկվային ներկայացնել իր սկզբունքային անհամաձայնությունը երկու հարցերի վերաբերյալ: «Առաջինը Վրաստանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունն է, երկրորդը մեզ համար անընդունելի է, երբ կասկածի տակ են դնում Վրաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների լեգիտիմությունը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Թոմաս Շտեգը: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե պաշտոնական Մոսկվան բանակցությունների սեղանի շուրջ չի նստի Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հետ, եւ առաջարկել էր վերջինիս հրաժարվել պաշտոնից:

Վրաստանի իշխանություններին օժանդակելու ընդգծված նպատակ ունի Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի այցը Թբիլիսի: «ԱՄՆ-ը հստակորեն արձանագրել է, որ կանգնած է Վրաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության կողքին»,- այցից առաջ հայտարարել է պետքարտուղար Ռայսը եւ հավելել. «Հիմա 1968 թվականը չէ, եւ սա էլ Չեխոսլովակիայի դեպքը չէ, երբ Ռուսաստանը կարող էր անպատիժ սպառնալ հարեւանին, գրավել մայրաքաղաքն ու գահընկեց անել կառավարությանը: Իրադրությունն այժմ փոխվել է»: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, իր հերթին, հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հետ չկանգնի իր «ագրեսիվ» քաղաքականությունից եւ չդադարեցնի ռազմական գործողությունները Վրաստանի դեմ, կարող է վնաս հասցնել ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչը «զգալի կլինի առաջիկա տարիների ընթացքում»: «Առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացքում պաշտպանության դեպարտամենտը կուսումնասիրի ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ մեր փոխադարձ գործողությունների ողջ համալիրը, եւ մոտ օրերս, Ռուսաստանի կատարած քայլերից կախված, որոշակի փոփոխություններ կձեռնարկի՝ ըստ անհրաժեշտության եւ համարժեքության»,- ասել է Ռոբերտ Գեյթսը:

Վրաստանի նախագահ Սահակաշվիլին նախօրեին հայտարարել է, թե չի պատրաստվում զիջումների գնալ, եւ ռուս-վրացական հակամարտությանը վերջ տալու շուրջ բանակցությունները պետք է վերաբերեն միայն Ռուսաստանի «օկուպացիոն ուժերի» դուրսբերմանը: Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Սահակաշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստան ներխուժումը ամիսներ շարունակ հանգամանորեն նախապատրաստելու եւ Հարավային Օսեթիայի վրա Վրաստանի հարձակումը որպես պատրվակ օգտագործելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել