Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Օգոստոս 16,2008 00:00

Նրանց առաջադրված մեղադրանքները դատարանում պաշտպանելը մեղադրողներից մեծ ջանքեր է պահանջում

Այս շաբաթ էլ դատական տարբեր ատյաններում ընթացան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների դեմ դեռ փետրվարի վերջերին, նաեւ մարտի 1-ի իրադարձություններից հետո հարուցված քրգործերի դատաքննությունները:

Դրանք տեղ-տեղ անցնում են լուրջ եւ մտահոգիչ միջադեպերով, լրագրողների մասնագիտական իրավունքների ոտնահարմամբ, նաեւ վկայում են դատվողների դեմ «թխված» գործերի սնանկության եւ շինծու լինելու, նաեւ ոստիկանության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության փնթի ու տնավարի աշխատանքի մասին:

Սմբատ Այվազյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով դատաքննության շրջանակներում արդեն մի քանի դատական նիստեր են եղել, որոնց ընթացքում նրան առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, իսկ դրանք են՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը» եւ «սառը զենք կրելը», որեւէ հիմնավոր ապացույց, ըստ էության, չկա: Փոխարենը Ս. Այվազյանի դատաքննության ընթացքում քրգործի նյութերում առկա ապացույցների ուսումնասիրությունից պարզվեց, որ նրա մասով քրգործը հաստափոր եւ տպավորիչ դարձնելու համար առանձին փաստաթղթեր քրգործում մի քանի անգամ են կարվել-կպցվել: Այսպես, քրգործի նյութերի մի մասում Ս. Այվազյանը բերման է ենթարկվել «ապօրինի զենք կրելու կասկածանքով», բայց մի քանի թերթ հետո պարզվում է, որ կա որոշում, ըստ որի՝ Ս. Այվազյանին բերման են ենթարկել «թմրանյութ օգտագործելու կասկածանքով»: Քրգործում մի քանի տեղ կարված է Ս. Այվազյանին նարկոլոգիական հետազոտության ուղարկելու միեւնույն որոշումը:

Քրգործում նաեւ այլ հակասական նյութեր կան, որոնք վերաբերում են Ս. Այվազյանի ձերբակալմանն ու կալանավորմանը: Օրինակ՝ ներկայացվում է, թե նա ձերբակալվել է հանցագործություն կատարելու պահին՝ փետրվարի 25-ին, եւ մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքին վտանգ չսպառնացող բռնություն կիրառելու համար»: Սրանով, ի դեպ, հաստատվում է, որ նա փետրվարի 24-ին բերման ենթարկվելուց հետո ավելի քան 11 ժամ ապօրինաբար է պահվել ոստիկանությունում՝ իբր, ապօրինի զենք կրելու, հետո էլ՝ թմրանյութ օգտագործելու կասկածանքով, որից հետո առանց կարգավիճակ ունենալու տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա նաեւ՝ նարկոլոգիական փորձաքննության եւ ետ՝ Կենտրոնի ոստիկանություն: Դա, ըստ Ս. Այվազյանի պաշտպանի, արվել է Ս. Այվազյանին հունից հանելու համար, ինչը թեեւ տապալվել է, բայցեւայնպես շնորհիվ երեք «օպերների» գրած զեկուցագրերի, նրան, այնուամենայնիվ, մեղադրանք է առաջադրվել՝ վերջիններիցս մեկի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու համար: Ընդ որում, դատարանում սույն օպերները որեւէ կերպ չկարողացան պատճառաբանել, թե Ս. Այվազյանը ինչո՞ւ պիտի բռնություն գործադրեր իրենց նկատմամբ, եթե նա, էլի «օպերների»՝ դատարանում տված ցուցմունքի համաձայն, առանց դիմադրություն ցույց տալու գնացել է նարկոլոգիական փորձաքննության, հետո առանց դիմադրության ենթարկվել եւ նստել է «օպերների» մեքենան եւ ետ եկել ոստիկանություն եւ միայն ոստիկանության շենքի մուտքի մոտ որոշել է չենթարկվել «օպերների» «օրինական պահանջներին», դուրս չի եկել մեքենայից եւ հետն էլ բռնություն է գործադրել նրանցից մեկի՝ Կարեն Հովսեփյանի նկատմամբ: «Ես էլ չեմ հասկանում», «չգիտեմ». ահա սրանք էին այդ առնչությամբ «օպերների» պատասխանները:

Ս. Այվազյանի քրգործում կան նաեւ մի շարք անստորագիր փաստաթղթեր, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Բերման ենթարկելու որոշման վրա չկա բերման ենթարկելու ամիս, ամսաթիվը: Նրա անձնական ավտոմեքենայի եւ բնակարանի խուզարկության, ինչպես նաեւ նարկոլոգիական հետազոտության նյութերի տակ, իբրեւ ընթերականեր, նշված էին նույն մարդկանց անունները: Մի ամբողջ էջ տրամադրված էր բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված իրեղեն ապացույցին՝ նրա առգրավված անձնագրին: Գործի նյութերում կարված են բոլորովին անհայտ մարդկանց անուններով խափանման միջոցի վերաբերյալ որոշումներ, ընթերակաների վարորդական իրավունքների պատճեններ եւ ընդհանրապես այս գործի հետ առնչություն չունեցող նյութեր:

Պակաս հետաքրքիր չէր նաեւ դատական այն նիստը, որտեղ ցուցմունքներ տվեցին գործով անցնող չորս ոստիկան վկաները, որոնք Ս. Այվազյանին Կենտրոնի ոստիկանությունից փետրվարի 24-ի գիշերը տարել էին նարկոլոգիական փորձաքննության եւ ետ բերել ոստիկանության բաժին: Հիշեցնենք, որ, ըստ նրան ուղեկցած երեք ոստիկանի զեկուցագրերի, հենց այդ ընթացքում էր, որ Ս. Այվազյանը նրանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրեց: Բայց վկաներից մեկի ասելով, դա տեղի էր ունեցել մեքենայի մեջ, մյուսի ասելով՝ ոստիկանության շենքի մուտքի մոտ: Բոլոր չորս ոստիկան վկաների նախաքննական ցուցմունքները ոչ միայն հակասում էին հենց իրենց՝ նախաքննության ընթացքում եւ դատարանում տված ցուցմունքներին, այլեւ՝ մեկը մյուսին: Բայց դրանք բոլորն էլ, ի վերջո, հանգում էին մի բանի՝ Ս. Այվազյանը ՀՀ ոստիկանությունում պահվել է ապօրինաբար, ձերբակալվել եւ կալանավորվել է ՀՀ քրեադատավարական օրենսդրության կոպիտ խախտումներով: Բանն այն է, որ նրանք հայտարարեցին, թե իրենք Ս. Այվազյանին նարկոլոգիական փորձաքննության են ուղեկցել բաժնի հետաքննիչի, վկաներից մեկի ասելով էլ՝ հերթապահ մասի պետի հրահանգով, որն, ի դեպ, գրավոր էլ չի եղել: Վկա «օպեր» Էրիկ Պողոսյանը, որը, իր ասելով, օպերատիվ այդ խմբի ավագն էր ու հայտարարում էր, թե Ս. Այվազյանը ճանապարհին իրենց սպառնացել է՝ «գլուխները ջարդել» եւ հայհոյել է, ի պատասխան դատախազի եւ պաշտպանների հարցին, ի վերջո, խոստովանեց, որ իր մատնանշած սպառնալիքը ընդհանուր բնույթ է կրել եւ կոնկրետ իրենց հասցեագրված չի եղել, եւ որ սեռական բնույթի հայհոյանք չի եղել: Պարզվեց, որ նա հայհոյանք էր համարել Ս. Այվազյանի՝ իրեն անազատության մեջ պահելու դեմ բողոքները: Իսկ ահա դատարանում ցուցմունք տված մյուս «օպերը»՝ Աշոտ Շամիրյանը, որն իր վրա վերցրեց օպերատիվ խմբի ղեկավարի դերը, հայտարարեց, որ Ս. Այվազյանը մեքենայում իրենց մի քանի անգամ ասել է, որ իրեն ապօրինաբար են անազատության մեջ պահում, որ իր նկատմամբ չկա ձերբակալելու կամ կալանավորելու որոշում: Վկան ինքը նաեւ դատարանում հայտարարեց, որ Ս. Այվազյանը իրենց չի հայհոյել, այլ ասել է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են, նաեւ հավելեց, որ փորձաքննության տարվելիս Ս. Այվազյանը ձերբակալված կամ կալանավորված չի եղել: Վկաներից ոչ մեկը չկարողացավ մատնանշել որեւէ իրավական նորմ, որով ղեկավարվելով իրենք իրավունք եւ լիազորություն են ունեցել Ս. Այվազյանին ուղեկցել նարկոլոգիական փորձաքննության եւ առավել եւս՝ ետ բերել ոստիկանության բաժին: Իսկ «տուժող» համարվող «օպեր» Կարեն Հովսեփյանն էլ դատարանում հայտարարել էր, թե ինքը հետաքննիչի հանձնարարականը կատարել է՝ ելնելով «բարոյական» լիազորություններից: Այս առնչությամբ Ս. Այվազյանի պաշտպանը «Առավոտին» ասաց. «Վկաների ցուցմունքներից էլ պարզ դարձավ, որ Ս. Այվազյանի նկատմամբ փետրվարի 24-ի գործողությունները եղել են ապօրինի, նրանք որեւէ իրավունք չեն ունեցել նրան անազատության մեջ պահելու, բայց դա արել են: Նրանք վկայակոչում էին «հետաքննիչի հանձնարարականը», որը, եթե նույնիսկ այդպիսին եղել է, եղել է ապօրինի, որովհետեւ նախ՝ Ս. Այվազյանին բերման ենթարկելուց հետո անազատության մեջ պահելու 3 ժամն այդ պահին անցած է եղել, չի եղել ձերբակալման որոշում, իսկ հետաքննիչն էլ նրան փորձաքննության տանելու ցուցում տալու իրավունք օրենքով չուներ: Իրենք հանդիսանում են հետաքննության մարմին, իսկ հետաքննության մարմնին ցուցում տալու իրավունք ունեն միայն քննիչը եւ դատախազը: Իսկ այս հանգամանքը կարեւոր է այնքանով, որ Ս. Այվազյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), արդեն իսկ գոյություն չունի, որովհետեւ այդ հոդվածի համաձայն, բռնությունը, որն իբր գործադրվել է ոստիկանի նկատմամբ, պետք է կապված լինի ոստիկանի օրինական լիազորություններն իրականացնելու, օրինական պահանջ ներկայացնելու հետ: Եթե նույնիսկ Ս. Այվազյանն այդ պահին ենթարկված չլիներ ոստիկանի՝ իր լիազորություններից դուրս ներկայացված պահանջին, ապա դա 316 հոդվածի մեղադրանքի հատկանիշ համարելն ավելորդ է»:

Պետրոս Մակեյան եւ Աշոտ Զաքարյան

\"\"Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել նաեւ Պետրոս Մակեյանի եւ Աշոտ Զաքարյանի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Դատաքննությունը, սակայն, հետաձգվել է տեղի ունեցած միջադեպի պատճառով: Պ. Մակեյանն ու Ա. Զաքարյանը ընդվզել են, երբ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը իրենց դիմել է «ամբաստանյալ»-ով: «Մեզ ամբաստանյալով չդիմեք, մենք քաղաքական բանտարկյալներ ենք»,- հայտարարել է Պ. Մակեյանը, իսկ Ա. Զաքարյանն էլ հավելել է, թե՝ «ամբաստանյալները մեր դիմաց նստածներն են»՝ ցույց տալով երեք մեղադրողներին՝ Զելիմ Թադեւոսյանի գլխավորությամբ: Դատարանում սկսված թեժ բանավեճից հետո նիստն ընդմիջվել է 20 րոպեով: Նիստը վերսկսելուն պես դատավորը՝ վկայակոչելով Պ. Մակեյանին եւ Ա. Զաքարյանին ուղեկցող վաշտի հրամանատարին, հայտարարել է, որ վերջիններս հրաժարվում են մասնակցել դատական նիստին: Դատը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 20-ը:

Վարդան Ջհանգիրյան

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նաեւ Վարդան Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչին օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»: Նա այդ գործողությունը, ըստ մեղադրողների, կատարել էր իրեն եւ եղբորը՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելու ժամանակ՝ ոստիկանության «6-րդ» գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ: Երեկ դատարանում կողմերը հրապարակել են քրգործում եղած փորձաքննությունների արդյունքները, որոնց առնչությամբ Վ. Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ստիպված է եղել պարբերաբար հանդես գալ հայտարարություններով: Երեկ այս դատական նիստը հետաձգվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ այդ ժամին մեկ այլ քրգործով որպես դատավոր ներգրավված լինելու պատճառով: Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 22-ին:

Վարդգես Գասպարի

Այս շաբաթ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նաեւ Վարդգես Գասպարիի՝ դեռ ապրիլից մեկնարկած դատաքննությունը: Նա էլ երկու ոստիկանի ցուցմունքով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Նրա գործով անցնող ոստիկանության Արաբկիրի բաժնի երկու «օպերները»՝ Գարիկ Հովանյանն ու Էդգար Պետրոսյանը, չնայած մեղադրող կողմի գործուն աջակցությանը, ոչ մի կերպ չեն կարողանում հիմնավորել, որ Վ. Գասպարին իրենց նկատմամբ բռնություն է գործադրել՝ խփել է նրանց ձեռքերին: Այդ ոստիկանների ցուցմունքներում էլ հակասություններ կան: Օրինակ՝ Գարիկ Հովանյանը, որը դեռ մարտի 2-ին ցուցմունք էր տվել, թե իրենց՝ Ազատության հրապարակ գնալու նպատակը եղել է այնտեղ գտնվող ցուցարարներին դուրս հանելը, այս շաբաթ դատարանում հայտարարել է, որ իրենց հանձնարարվել է գնալ հրապարակի շրջակայքը հսկելու եւ այնտեղ մարդկանց մուտքը թույլ չտալու, որովհետեւ այնտեղ պետք է տեղի ունենար օպերատիվ տեղազննություն: Վկա ոստիկանը այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չէր տվել այն բանին, թե ինչպես է Վ. Գասպարին կարողացել միաժամանակ բռնության ենթարկել իրար կողքի կանգնած երկու վկա ոստիկաններին: Եթե հավատանք Գ. Հովանյանին, ապա երբ Վ. Գասպարին իրեն բռնության է ենթարկել, իր կողքին կանգնած մյուս ոստիկան Է. Պետրոսյանը ամբաստանյալին հանգիստ բացատրել է, որ նման բան անել չի կարելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել