Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ «ԲԱՐԵՆՊԱՍՏ» ՉԷԻՆ

Օգոստոս 16,2008 00:00

\"\"Այսպես գնահատեց մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանության կողմից թփերի տակ կամ խոտերի մեջ «բացահայտված» իրեղեն ապացույցները փորձաքրեագիտական վարչության պետը:

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ստեփան Մանուկյանի բացատրություններից հետո պարզ դարձավ, որ դրանք «բարենպաստ» չեն իշխանությունների համար, քանի որ դրանցից որեւէ մեկի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, որոնցով կապացուցվի, որ Ազատության հրապարակում հայտնաբերված 5 փայտե, 72 մետաղյա ձողերը, 2 ռետինե մահակները, 3 ատրճանակները, «ոզնիները», 2 «մոլոտովյան շշերը» եղել են Ազատության հրապարակում նստացույցի մասնակից մարդկանց ձեռքին եւ ոչ թե՝ ոստիկանների կամ այլ անձինք են դրանք այդտեղ նետել: Նկատենք, որ բոլոր այն տեսաժապավեններում, որոնք 20 օր շարունակ եւ դրանից հետո եւս ցուցադրում էին հեռուստաընկերությունները, չէր երեւում, որ դրանք ցուցարարների ձեռքին են, հիմնականում այդ ատրճանակները, ձողերը եւ «դուբինկաները» իրենց ձեռքում շուռումուռ էին տալիս ոչ թե ցուցարարները, այլ՝ ոստիկանական ծառայության աշխատակիցները: Ըստ գնդապետի. «Այդ օրն առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք՝ երեք ատրճանակ, նռնակներ, մետաղական ձողեր, դանակ, շշեր՝ հրավառ հեղուկներով: Ինչպես գիտեք, կազմվում է արձանագրություն, որտեղ ֆիքսվում են բոլոր հայտնաբերված առարկաները, իրեղեն ապացույցները»: Մանրամասնորեն պատմելով, թե ինչպես են այդ ամենի վրա «փոշի լցրել», փաթեթավորել, կնքել եւ հանձնել քննիչին, ասաց. «Ես կարող եմ ասել, որ այդ իրեղեն ապացույցները, բոլորը՝ իհարկե, ոչ բարենպաստ իրեղեն ապացույցներ էին, նրանց վրա մատնահետքերի արտատպման առումով, ատրճանակների մակերեսները հետքի արտատպման առումով շատ սահմանափակ էին: Բազմաթիվ հետքեր կային, ֆրագմենտներ, հետքի մասեր, բայց այդ բոլոր առարկաների վրա պիտանի մատնահետքեր կամ ձեռքի հետքեր մասնագետների կողմից չեն հայտնաբերվել»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ազատության հրապարակում հայտնաբերված իրերն անգամ իրեղեն ապացույց չեն եւ ոչ էլ կարող են սառը զենք համարվել (բացի «ոզնիներից»):

Արամ Հարությունյանի հարցին՝ բացի այն, որ ոստիկանները ասում են, թե այդ զենքերը կապ ունեն ցուցարարների հետ, որեւէ այլ ապացույց կա՞, որ դրանք ցուցարարների հետ կապ ունեն, պարոն գնդապետն ասաց. «Այդ զենքերի այդտեղի առկայությունը միայն կարող է ասել, որ այդ զենքերը այդտեղ դրված են եւ հայտնաբերված են»: «No coment»՝ կասեր անկողմնակալ ունկնդիրը: Ի դեպ, այս դեպքում եւս (հիշենք, որ Հովիկ Թամամյանի ներկայացրած պատմությունների դեպքում եւս պատմածների իսկությունը ապացուցող տեսաժապավեններ չկային) տեղազննություն եւ փորձաքննություն անցկացնելու պահը ոստիկանությունը չի նկարահանել, եւ ոստիկանության պատմածներին մնում է հավատալ միայն «պապայի արեւ»-ի մակարդակով: Ս. Մանուկյանի մեկ այլ հայտարարությունից եւս պարզ է դառնում, որ Ազատության հրապարակի գիշերային օպերացիային ոստիկանությունը նախապատրաստվել էր վաղուց. «Ինձ անձամբ ասել են դրա նախորդ օրը, ասել են՝ եղիր պատրաստ»: «Միշտ պատրաստ»-ը, պարոն գնդապետի փոխարեն, հնչեց պատգամավորների կողմից:

Հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեց նաեւ ՀՀԿ-ական կալանավորված պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի փաստաբանի, տիկնոջ եւ հարազատների դիմումը, որում վերջիններս խնդրում էին պատգամավորի առողջական լուրջ խնդիրները հաշվի առնելով՝ միջնորդել, որ նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ինքն այս հարցով արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր մտահոգությունը հայտնելով պատգամավորի առողջական վիճակի հետ կապված, առաջարկվել է ձեռնարկել «գործուն միջոցներ»:

Անդրադարձ եղավ նաեւ ԵԿՄ Վայքի տարածաշրջանի կառույցի ղեկավար, Վայքում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, այժմ՝ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Աղասի Մկրտչյանի գործին, որը իր դատավարության ժամանակ հացադուլ է հայտարարել, լքել է նիստերի դահլիճը եւ պահանջել, որ իրեն հանդիպեն ժամանակավոր հանձնաժողովի անդամները: Դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին եւ արդարադատության նախարարին: Երեկ Սամվել Նիկոյանը եւ Արծվիկ Մինասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին հանդիպել են Աղասի Մկրտչյանին: Ս. Նիկոյանի ներկայացրածով, պարոն Մկրտչյանը չի ընդունում, որ ինքը ընտրակաշառք է բաժանել, այդ գումարը ինքը տվել է ընտրական կարիքների համար: Վստահ է, որ իրեն «քաղաքական նպատակներով են պահում» մեկուսարանում: Ս. Նիկոյանը առաջարկեց, որ դատարանը հաշվի առնի Աղասի Մկրտչյանի ծառայությունները ղարաբաղյան պատերազմում, նրա առողջական վիճակը, անչափահաս երեխաների հայր լինելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել