Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԿՆՈՐՍԻ ԵՎ ՁԿԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՊԸ

Օգոստոս 15,2008 00:00

Տարօրինակ է մարդ արարածի բնույթը, որ սկսում է աղոթել այն ժամանակ, երբ դժվարության-նեղության մեջ է, աղոթում է փրկության համար, այնինչ, թերեւս պետք էր աղոթել լիության, խաղաղության պահին, փառաբանել կյանքն ու Տիրոջը՝ արդեն ունեցածի համար… Երեք օր առաջ հասցեագրված աղոթքն ու տագնապը իմ ներսում՝ գնացի Ջավախք, ուր իմ հայրն է, հայրական տունը եւ մանկությանս կորուսյալ օրերի անշիրիմ, անհուշարձան պատկերներն են ապրում: Սկսված պատերազմը արթնացրել, տեղահանել էր իմ մեջ դեռեւս ապրող պատանուն, որի աչքերում շարունակում էին ապրել իր Ջավախք փոքրիկ հայրենիքի զարմանալիորեն կենդանի պատկերները: Դրանք այն պայծառ տարիներն էին, երբ մեր դպրոցները լիքն էին երեխաներով եւ գյուղերը՝ ջահելությամբ, եւ ես դեռեւս չգիտեի, թե ինչո՞ւ են ձորերը շարունակ խորանում՝ իջնելով մայր հողի սիրտը՝ իրենց ափերին բացելով քարանձավներ, ինչո՞ւ են քարերը վերեւից իջնում ներքեւ եւ ինչո՞ւ էին ծառերն ու թփերը շարունակ բարձրանում ձորերն ի վեր: Եվ հիմա, այսքան տարի հետո միայն, զգալով իմ ծննդավայր-հայրենիքին մոտեցող պատերազմի տագնապը՝ հասկացա, որ հոսող ջրերը ձորերի խորքում քարանձավներ էին բացում, որ մարդը մեծ տերությունների թելադրած քաղաքակրթությունից փախուստի, ապաստանի տեղ ունենա, քաղաքակրթություն, որը հայտնվում է պատերազմի դեմքով: Եվ այդ տերությունների խոստում-օգնությունը փոքր երկրներին իրենց քաղաքական շահերի անեծքն է միայն, ձկնորսի եւ ձկնիկի հավերժական կապը, որը, որպես կանոն, ավարտվում է խայծը կուլ տալու դասական ողբերգությամբ…

Ջավախքում, սակայն, ամեն ինչ խաղաղ էր, բայց թվացյալ խաղաղությունն այդ իմ մեջ խորացնում էր երկյուղը, վախը օրեցօր դատարկվող գյուղերի, դպրոցների եւ կարծես ստվերների վերածվող անվերադարձ կողպված տների փակ դռների համար: Ու նայելով ամենօրյա ծանր աշխատանքից անթրաշ եւ աննկատելիորեն ծերացող իմ հայրենիքին՝ ես հստակ տեսա, որ տեղաբնիկ ժողովուրդներից-ցեղերից ազատվելու միակ ձեւը պատերազմը չէ, այլ կա մի ուրիշ, չհայտարարված կռիվ, որտեղ չեն կրակում, բայց մի ամբողջ ազգ են տեղահանում սեփական երկրից ու տներից: Ինչի համար ես չէի ուզենա օգնություն խնդրել մեծ տերություններից: Մտածում էի նաեւ, թե ինչ դժվար է Հայաստանի վիճակը՝ վերեւ թքի բեղերն են, ներքեւ՝ թքի մորուքը, եզրակացրի նաեւ, որ ճիշտը սափրվելն է, որ դառնաս քո դեմքի, քո դիմագծերի տերը… Հետո, արդեն գիշերով, երբ վերադառնում էի Հայաստան, ճամփեզրի Կարմիր լճի զուլալ ջրերում՝ դեռ չբոլորած լուսնի պատկերի կողքին, տեսա ալիքների վրա ճոճվող վրացական ռազմական ուղղաթիռի տարտամ ստվերը, որ կտրում էր լճից դեպի ափ ձգվող լուսնային արծաթագույն ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել