Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամներին ճնշում են

Օգոստոս 15,2008 00:00

Հայաստանը մեր միակ հայրենիքն է, որը չես կարող հետդ տանել ուրիշ երկիր, հեռացնել ճանապարհիցդ, չտեսնելու տալ։ Դրանում համոզվելու համար բավական է խոսել հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի հետ։ Այդուհանդերձ, կարելի է վստահաբար ասել, որ այսօրվա Հայաստանը մի երկիր է, որտեղ ապրելը հարմարավետ չէ կամ, որ Հայաստանի քաղաքացի լինելը շահավետ չէ։ Սա է պատճառը, որ բազմաթիվ մարդիկ ստիպված դարձան ուրիշ երկրների քաղաքացիներ, երբեմն անգամ՝ ոչ թե քաղաքացի, այլ քաղաքացիությունից զուրկ վտարանդիներ։

Իմ եւ ընտանիքիս համար եւս, սկսած 1991 թվից, Հայաստանի քաղաքացի լինելը դարձավ անհնարին։ Մենք բնակվեցինք ԱՄՆ- ում՝ անկախ եւ ազատ հայրենիքի երազանքը մեր սրտերում։ Հայրենիքում կատարվող ամեն մի իրադարձություն, ինչպես հազարավոր դրսում ապրող հայերի, այնպես էլ մեր ընտանիքի ուշադրության կենտրոնում էր։ Հավատում էինք, որ Հայաստանը կամաց-կամաց կդառնա այն երկիրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ապրել ազատ ու արժանապատիվ, ուր կտրվի մարդկային ու քաղաքացիական իրավունքները հարգելու հնարավորություն։

Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին եւ դրան հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը, քաղաքացին չի ապրում այն երկրում, ուր կարող է իրեն զգալ ազատ՝ բռնապետական ուժերի կողմից՝ իրեն ներշնչված վախի, գործադրվող ապօրինությունների, ճնշումների պատճառով։

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում ապրող Հայաստանի շատ ու շատ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնով միացան անարդարության զոհ դարձած հայրենակիցներին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ ու ցույցեր, որոնք շարունակվում են մինչ օրս։

Սակայն ահավորն այն է, որ հեռավոր ԱՄՆ-ում ընդդեմ անարդարության բողոքի ցույցերին իմ մասնակցության համար՝ Հայաստանում բնակվող իմ ազգականների նկատմամբ սկսվեցին հետապնդումներ։ Անհայտ անձինք ահաբեկել ու ծեծի էին ենթարկել իմ բարեկամներից մեկին, որի անունն ու հասցեն առայժմ չեմ հրապարակում՝ ելնելով ազգականիս նկատմամբ հնարավոր հետապնդումները կանխելու նկատառումներից։ Այդքան կարեւոր չէ կատարվածի մանրամասները, որքան այն կրկնակի վիրավորանքը, որ ապրել եմ ես։ Ամեն մի հայի անհատական որոշումն է մասնակցել զանգվածային միջոցառումներին՝ ցույց տալու իշխանություններին, որ պետության ուժը ազատ քաղաքացիների մեջ է։ Լռեցնել արդարության եւ ազատության ձգտումը մարդու մեջ՝ շատ դժվար է։

Հայոց աշխարհը սպասում է դրական փոփոխությունների։ Դրական փոփոխությունների սպասում է նաեւ դրսում, օտար երկրներում ապրող ամեն մի հայ։ Քանի դեռ ազգովի, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, չենք սովորել քննադատաբար մոտենալ սեփական սխալներին, քանի դեռ չենք տեսնում իրականությունը՝ չենք դառնալու սեփական պետություն ունենալու արժանի լիարժեք ազգ։ Իսկական ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ մեր երկրում իշխում է սուտը, կեղծիքը, տիրում է վախի ու ահաբեկության մթնոլորտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել