Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՆՈՒՅՆՊԵՍ «ԲՐՈՆԶ» ՆՎԱՃԵՑ

Օգոստոս 15,2008 00:00

\"\"Գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը Պեկինում անցկացվող ամառային օլիմպիական խաղերում երեկ հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանին պարգեւեց չորրորդ բրոնզե մեդալը:

Խոստումը կատարեց

Չինաստան մեկնելու ճանապարհին Մոսկվայի «Շերեմետեւո 2» միջազգային օդանավակայանում հանդիպելով առավոտցիներին, Յուրին խոստացել էր, որ Պեկինից առանց մեդալի չի վերադառնա:

Օգոստոսի 14-ին Հայաստանի մարզիկներից օլիմպիական մրցասպարեզ մտնելու էին միայն 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը եւ Դենիս Ֆորովը (84 կգ): Մեր երկու ըմբիշների համար մեկնարկը հաջող դասավորվեց: Պատրիկեեւը որակավորման առաջին փուլում վիճակահանությամբ ազատ էր: Նա պայքարի մեջ ներգավվեց 1/8 եզրափակիչից ու հենց առաջին գոտեմարտում 12:1 հաշվով բացահայտ հաղթանակ տարավ եգիպտացի Յասեր Սակրի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում համառ պայքարում 1:4 հաշվով տանուլ տվեց կուբացի Լոպեսին, որը, ի վերջո, նվաճեց նաեւ չեմպիոնի կոչումը: Վերջինիս եզրափակիչ մտնելու հանգամանքն էլ Պատրիկեեւին բրոնզի համար պայքարը շարունակելու հնարավորություն ընձեռեց, որից գերազանց օգտվեց անցած տարի Բաքվում կայացած աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիրը: Նա, այսպես կոչված, սփոփիչ մենամարտում նախ պայքարից դուրս թողեց բելառուսցի Սերգեյ Արտյուխինին, այնուհետեւ առավելության հասավ շվեդ Յալմար Շյոբերգի նկատմամբ եւ նվաճեց օլիմպիական խաղերի իր առաջին, իսկ Հայաստանի համար՝ Պեկինում չորրորդ բրոնզե մեդալը:

Դենիս Ֆորովը նույնպես պայքարն սկսեց վստահ՝ որակավորման փուլում 10:2 հաշվով առավելության հասնելով ճապոնացի Շինգո Մացումոտոյի նկատմամբ: Հետո նրան անձնատուր եղավ ամերիկացի Բրեդ Վերինգը, որը պարտվեց 2:8 հաշվով: Բայց քառորդ եզրափակիչում Ֆորովը զիջեց Շվեդիան ներկայացնող գյումրեցի Արա Աբրահամյանին՝ 3:5: Եթե դրանից հետո Արան կիսաեզրափակիչում հաղթեր նաեւ իտալացի Անդրեա Մանգուչիին, Դենիսը նույնպես կմնար պայքարի բովում ու կաշխատեր տիրել օլիմպիական «բրոնզին»: Սակայն կողմնակալ մրցավարությունը Աբրահամյանին պարտություն գրանցեց 2:3 հաշվով, որի հետեւանքով Արան զրկվեց ոսկու համար մարտնչելու հեռանկարից, իսկ Հայաստանի մարզիկը վերածվեց հանդիսականի:

Բայց Արա Աբրահամյանը հետո ապացուցեց, որ ինքն ավելի արժանի էր եզրափակիչում հանդես գալուն: Ճիշտ է, նա նվաճեց բրոնզե մեդալ, սակայն գյումրեցու պատվախնդրությունը անարդարությանը համակերպվել թույլ չէր տալիս: 84 կգ քաշայինների պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արան բարձրացավ պատվո պատվանդան, ՖԻԼԱ-ի պաշտոնյայից ստացավ մեդալը եւ հենց նույն պահին այն հանելով վզից՝ նետեց հատակին եւ ի նշան կողմնակալ մրցավարության դեմ բողոքի՝ լքեց դահլիճը: Սա, թերեւս, օլիմպիական խաղերում գրանցված ամենաաղմկալի սկանդալն է:

Մրցավարները՝ հայերի դե՞մ

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերում նույնպես մրցավարությունն օբյեկտիվությամբ առանձնապես աչքի չի ընկնում, չնայած կազմակերպիչները խոստանում էին, որ Պեկինում կլինի ամենաազնիվ մրցավարությունը՝ օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Սակայն արդեն գրանցվել են մրցավարական մի քանի կամայականություններ, որոնք վերաճել են սկանդալի ու լուրջ քննարկումների հիմք հանդիսացել: Եվ ամենատարօրինակն այն է, որ գրեթե բոլոր դեպքերում ապօրինությունները մեծամասամբ կատարվել են՝ ի վնաս տարբեր երկրների դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարզիկների: Շվեդիան ներկայացնող Արա Աբրահամյանի հետ կատարվածն արդեն ներկայացրինք: Ռուսաստանի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ իրենց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակն իր վրդովմունքն է հայտնել 48 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հայրապետյանի դեմ կողմնակալ մրցավարությունից, ինչի հետեւանքով մարզիկը մեկնարկային մարտից հետո վերածվեց հանդիսականի: Իսկ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին պաշտոնական բողոք է ներկայացրել հունահռոմեական ըմբշամարտի մրցավարական հանձնաժողովի համակարգող ամերիկացի Մարիո Սալետնիգի դեմ, որը միանձնյա չեղյալ է համարել գորգի մրցավարների՝ օլիմպիական չեմպիոն, 74 կգ քաշային Վարդերես Սամուրգաշեւին շնորհած երեք միավորը (դա ՖԻԼԱ-ի կանոնակարգի կոպիտ խախտում է), ինչի հետեւանքով հայազգի մարզիկը տվյալ մենամարտը տանուլ է տվել:

Խաղերի կազմակերպումից եւ մրցավարներից դժգոհել է նաեւ ռուսաստանցի ծանրորդ՝ 77 կգ քաշային Օլեգ Պերեպեչենովը: Նա լրատվամիջոցներին հայտարարել է, թե ծանրամարտում գիտակցված կերպով արված է այնպես, որպեսզի ոսկե մեդալները բաժին հասնեն ասիացիներին: Ընդ որում, Պերեպեչենովը գրեթե թափանցիկ ակնարկել է, որ ասիացի ծանրորդները դոպինգով են հաղթում:

Այդուհանդերձ, Հայաստանն առաջատարն է

Ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» հեղինակավոր պարբերականը, վերլուծելով Պեկինի օլիմպիական խաղերի առաջին վեց օրերի արդյունքները՝ մասնակից երկրների բնակչության մեկ շնչի հաշվով, եկել է եզրակացության, որ առաջատարն իրականում Հայաստանն է: Թերթը գրել է, թե Չինաստանն իր 1,3 միլիարդ բնակչությամբ պետք է օլիմպիական խաղերում շահած մեդալների թվով առաջինը լիներ: Բայց մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր նվաճած երեք բրոնզե մեդալներով գլխավորում է օլիմպիական խաղերի մասնակից երկրների ցանկը:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, «Լոս Անջելես Թայմսի» կազմած աղյուսակում երկրորդը՝ 2 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ նվաճած 4,6 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանն է: Իսկ առաջին եռյակը եզրափակում է Ավստրալիան, որն ունի 20,5 միլիոն բնակչություն եւ նվաճել է 16 մեդալ, որից 5-ը՝ ոսկե:

Եթե հաշվենք նաեւ երեկ նվաճած չորրորդ բրոնզե մեդալը, ստացվում է, որ Հայաստանն ավելի է ամրապնդել առաջատարի իր դիրքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել