Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները նորից շատացել են

Օգոստոս 15,2008 00:00

\"\"Ըստ «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի, նրանց հայաստանյան այցելությունների պատճառը, որոշ առումով,

վրաց-օսեթական իրադարձություններն են:

«Սկսվել են Էրեբունի քաղաք-ամրոցի միջնաբերդի արգելափակիչ պարսպի որոշ հատվածների, Խալդ աստծո տաճարի վերականգնման, վերանորոգման աշխատանքները… Այս տարվա հունիսին հայ-ռուս-ամերիկյան համատեղ հնագիտական արշավախումբ ունեինք, որը պեղումներ էր կատարում միջնաբերդի տարածքում, քաղաքային թաղամասում: Պեղումները ղեկավարում էր թանգարանը, մասնակցում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագիտության ինստիտուտի աշխատակիցներ, Բերկլիի համալսարանի հնագետ Դեյվիդ Սթրոնալդը՝ իր ջոկատով եւ երեք հոգի՝ Էրմիտաժից»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտնեց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Նրա խոսքերով՝ պարզվել է, որ մինչ 1968 թ. հիմնական աշխատանք տարվել է միայն միջնաբերդում ու կան հատվածներ, որոնք դեռ ուսումնասիրության եւ վերաիմաստավորման խնդիր ունեին. «Մասնավորապես Խալդ աստծո տաճարի հատվածում կատարված հետազոտությունները թույլ են տալիս նախնական ենթադրություն անել, որ Վանի թագավորության անկումից հետո, մինչեւ Աքեմենյան տիրապետության հաստատումը, տաճարն արդեն կառուցված է եղել եւ, հավանաբար, Երվանդունիների շրջանին է վերաբերում: Իհարկե, սա շատ նախնական հաղորդում է, բայց մինչ այժմ հուշարձանը ներկայացվում է որպես Աքեմենյան ժամանակաշրջանի կառույց»:

Ըստ թանգարանի տնօրենի, այժմ ուսումնասիրվում է Խալդ աստծո տաճարի առջեւ հսկայական կարասային սրահի տարածքը, որովհետեւ պեղումներն ու արձանագրությունները ցույց են տալիս, որ վերջինս մինչ կարասային սրահ դառնալը՝ դահլիճ է եղել: «Մեկ շաբաթից պեղումներ ենք կատարելու նաեւ բլրի դիմացի բարձունքի վրա, որը մինչ այսօր հնագիտական հուշարձան չի համարվել: Այստեղ կարծես ձեռակերտ գործունեության արդյունք կա, որն անպայման ուսումնասիրելու ենք»,- հավելեց բանախոսը:

Նա նաեւ նշեց, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում մասնակցել է թանգարանային մենեջմենթի թեմայով միջազգային գիտաժողովի, որտեղ հանդիպելով Էրմիտաժի տնօրենին, նրա հետ մի շարք հարցեր է քննարկել ու ձեռք բերել նախնական պայմանավորվածություն, որ Էրմիտաժը, «Էրեբունի» ու Հայաստանի պատմության թանգարանները համատեղ կհրատարակեն Կարմիր բլուր հնավայրի հնագիտական նյութերի ամփոփ ցուցակը: Վերջինս մինչ այսօր ամբողջությամբ հրատարակված չէ: «Էրմիտաժի ղեկավարությունը խոստացավ գիրքը հրատարակել իրենց միջոցներով: Պայմանավորվեցինք նաեւ այս տարի հոկտեմբերին «Էրեբունի» թանգարանում կազմակերպել միջազգային գիտական նստաշրջան, որին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, ՌԴ-ի, Վրաստանի եւ Հայաստանի մասնագետներ: Գիտաժողովը կնվիրվի Բորիս Պիատրովսկու ծննդյան՝ 100 եւ «Էրեբունի» թանգարանի՝ 40-ամյակներին»,- տեղեկացրեց Ա. Փիլիպոսյանը: Նաեւ հայտնեց, որ թանգարանում արդեն բացվել է հնամարդաբանական, ռեստավրացիոն լաբորատորիաներ: Վերջինիս շնորհիվ, ըստ տնօրենի, վերականգնվում են հայտնաբերված հնագիտական նյութերը. «2009-ին երկու վերականգնողներ, որոնցից մեկը որմնանկարների մասնագետ է, մեկնելու են Սանկտ Պետերբուրգ՝ Էրմիտաժում մեկ ամիս վերապատրաստվելու»: Տնօրենը նաեւ հիշեցրեց, որ թանգարանում գարնանը սկսվել էին ուրարտերենի դասընթացները, որոնք շարունակվելու են սեպտեմբերին: Եվ փաստեց, որ մարտյան դեպքերից հետո զբոսաշրջային խմբերը, որոնք հաճախ այցելում են թանգարան, պակասել էին, ու հատկապես գերմանական խմբերն են հրաժարվել գալ Հայաստան:

Նրա խոսքով, այժմ ամեն ինչ կարծես կարգավորվել է. «Oրինակ, երկու օր առաջ թանգարանը 1000 այցելու ուներ: Հատկապես վրաստանյան դեպքերից հետո՝ զբոսաշրջային խմբեր կան, որոնք Վրաստանից միանգամից գալիս են Հայաստան ու իրենց ժամանակն այստեղ են անցկացնում»: Թանգարանում արդեն գործում է փոքրիկ կրպակ, որտեղից կարելի է ձեռք բերել հուշանվերներ, գրքեր, արդեն կա առաջին հայկական փազլը՝ գունավոր լեգոյի տեսքվ, որը հավաքելիս ստացվում է ուրարտական որմնանկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել