Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԸ՝ ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Օգոստոս 15,2008 00:00

\"\"Առաջին անգամ ԼՂՀ-ն, իբրեւ առանձին երկիր, «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական անսամբլով ներկայացել է միջազգային փառատոնի:

Մերձբալթյան երկրներում 1991-ից ավանդաբար անցկացվում է «Բալթիկա» միջազգային ազգագրական փառատոնը: Վերջերս այն կայացել է Վիլնյուսում, որը հռչակվել է 2009թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Փառատոնին 11 երկրների թվում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը ներկայացել է իբրեւ առանձին երկիր՝ «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական անսամբլի մասնակցությամբ:

«Առավոտը» հանդիպեց մենեջեր Ալեքսան Զաքյանին, որը պարբերաբար կազմակերպում եւ իրականացնում է հայաստանյան մշակութային խմբերի արտերկրյա համերգային շրջագայություններ:

«Մշակույթը մեծ զենք է, բայց, ցավոք, ոչ հաճախ ու ճիշտ ժամանակին ենք կարողանում այն օգտագործել: Մեջբերեմ միայն Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասի հետեւյալ խոսքերը՝ ուղղված հայերիս. եթե գնայիք ու գրավեիք թեկուզ ադրբեջանական տասը գյուղ, այն էֆեկտը չէր ունենա, ինչ ընդունելություն ու հաջողություն ունեցավ ղարաբաղյան այս անսամբլը: Ի դեպ, Ռատուշայի հրապարակում, որտեղ տեղի էր ունենում փառատոնի բացման արարողությունը, ընդամենը 50-60 մետրի վրա էր գտնվում Թուրքիայի դեսպանատունը, բայց դա բնավ չխանգարեց, որպեսզի ավելի բարձր ծածանեինք Արցախի դրոշը եւ ավելի զիլ ու խրոխտ հնչեցնեինք հայկական երգն ու պարը»,- տեղեկացրեց Ա. Զաքյանը: Նա հայտնեց նաեւ, որ Արցախի անսամբլի ներկայությունը փառատոնում մեծ խանդավառություն էր առաջացրել Լիտվայի շուրջ 2000 հոգանոց հայ համայնքի շրջանում. «Համայնքի ղեկավար Արայիկ Թունյանի ներկայությամբ տեղի հայերը խնդրեցին միջնորդել, որ Հայաստանից ավելի հաճախակի լինեն երաժշտական կոլեկտիվների եւ անհատ կատարողների այցելություններ: Նրանք ցուցաբերեցին հային հատուկ հյուրընկալություն ու աջակցություն»: Հետաքրքրությանը, թե ինչպե՞ս են իրենց զգում մեր հայրենակիցները Լիտվայում, Ա. Զաքյանը բերելով մեկ-երկու, գոնե մեզ համար «հեքիաթ» օրինակներ եւ նշելով, որ նման քաղաքակիրթ երկրում վատ զգալու տարբերակ չկա, փաստեց. «Օրինակ, նախկին վարչապետներից մեկը ժամանակին հեռացվել է աշխատանքից՝ ոչ աշխատանքային օր իր ծառայողական մեքենայով սեփական ամառանոց մեկնելու համար: Մեկ այլ նախարար էլ «գահընկեց» է արվել այն բանից հետո, երբ թերթում հայտնվել է նրա լուսանկարը՝ մեքենայում ծխելիս…»:

«Բալթիկա-2008» փառատոնի կազմակերպչական աշխատանքների մասին էլ, որ մենեջերը սկսել էր դեռեւս այս տարվա սկզբին, հայտնեց հետեւյալը. «Այս նախագիծը ներկայացրել էի ԼՂՀ մշակույթի նախկին նախարար Նորեկ Գասպարյանին: Վերջինս լուրջ չընդունեց այն հանգամանքը, որ արտերկրյա փառատոնին Արցախը կարող է ներկայանալ որպես առանձին երկիր, եւ դա անվանեց ֆանտաստիկա: Լիտվայից վերադառնալուց հետո մեզ ջերմ ընդունեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հավաստիացնելով, որ առաջիկայում ԼՂՀ կառավարությունը աջակցություն կցուցաբերի Արցախի մշակութային կոլեկտիվների արտերկրյա շրջագայություններին, կարեւորելով մշակույթի դերն ու նշանակությունը Ղարաբաղի՝ «դրսում» ճանաչվելու գործընթացում»:

Տեղեկացնենք, որ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական անսամբլը օգոստոսի 10-17-ը հրավիրված էր Հունաստան՝ Սալոնիկում անցկացվելիք ամենամյա միջազգային փառատոնին, սակայն, Ա. Զաքյանի փոխանցմամբ, ձեռնարկը չի իրականացել վրաց-օսեթական պատերազմի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել