Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիկտոր Համբարձումյանը արժանի չէ՞ թանգարանի»

Օգոստոս 15,2008 00:00

Տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը կարծում է, որ իր հիմնարկը պիտի ինքնուրույն կառույց լինի

«Բյուրականի աստղադիտարանի մասին ասելու լավ բան չունեմ,- երեկվա ասուլիսում հայտարարեց Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը եւ շարունակեց,- աստղադիտարանում ոչ մի դրական բան չկա, այնինչ՝ ժամանակին այն եղել է փառավոր հիմնարկ: Երբ 1950-ականներին արտերկրից մարդիկ էին այցելում այնտեղ, ասում էին, թե եկել են աշխարհի աստղագիտության մայրաքաղաք: Աստղադիտարանը այն ժամանակ հզոր էր՝ շնորհիվ իր գիտնականների: Հիմա ոչ նրանք, ոչ էլ հիմնարկի վաղեմի փառքը չկա»: Գ. Բրուտյանը մեկ ամիս առաջ ունեցած ասուլիսում հայտարարել էր, որ չնայած աստղադիտարանի աշխատակից է՝ իրեն աշխատավարձ չեն տալիս: Այս կապակցությամբ նա երեկ տեղեկացրեց. «Այժմ աստղադիտարանի աշխատակից չեմ»: «Առավոտի» հարցին, թե իր դիմումո՞վ է դուրս եկել, թե՞ ազատել են, պրն Բրուտյանը պատասխանեց. «Ես աքսորված եմ աստղադիտարանից: Ազատեցին աշխատանքից՝ պատճառաբանելով, որ աշխատանքի չեմ ներկայանում, այնինչ՝ դա այդպես չէր»:

Սեպտեմբերի 18-ին կնշվի Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը, սակայն մեծ գիտնականի տուն-թանգարանի խնդիրներից ոչ մեկը դեռ լուծված չէ, աստղադիտարանի բակում էլ ներկայումս չորքոտանիներ են արածում: Գ. Բրուտյանը մանրամասնեց. «Տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1950-ին, այն վթարային է, առաջին հարկի հատակը ճոճվում է, կարիք կա հիմնանորոգման: Թանգարանը նաեւ նոր հաստիքների կարիք ունի, դրանք սահմանափակ են՝ տնօրեն, գիտաշխատող, ֆոնդապահ եւ 2 պահակ, այնինչ՝ թանգարանում կա մեծածավալ աշխատանք: Միայն Համբարձումյանի եւ նրա հոր արխիվի մշակումը մի քանի տարվա աշխատանք կպահանջի: Այս խնդիրների լուծման համար դիմել եմ համապատասխան մարմիններին, սակայն առայժմ՝ ձայն բարբառո հանապատի»: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված այդ անտարբերությունը: «Այս վիճակը ձեռք է տալիս բոլորին, բոլորն էլ հարմարվել են՝ լավ է, էլի, յոլա ենք գնում»,- հնչեց պատասխանը: Թանգարանի կարգավիճակն էլ է խնդրահարույց: «Թանգարանը ՀՀ ԳԱԱ նախագահության ստորաբաժանում է, իսկ ըստ իս՝ դա թանգարանի աշխատանքին խոչընդոտում է: Մի՞թե Վիկտոր Համբարձումյանն արժանի չէ ինքնուրույն թանգարան ունենալու՝ լիարժեք հաստիքներով համալրված: Լուրեր են պտտվում, թե հնարավոր է թանգարանի կարգավիճակն ավելի իջեցվի՝ կցվի Բյուրականի աստղադիտարանին»,- ասաց Գ. Բրուտյանը: Նա նաեւ մտահոգ է մեր հասարակության մեջ գիտնականի վարկանիշի անկմամբ. «Գիտնականը Հայաստանում հարգված մարդ չէ, հարգված են փողատերերը: Արժեհամակարգն է փոխվել: Մարդիկ հաճախ վախենում են ասել, որ գիտնական են, քանի որ խեթ կնայեն իրենց վրա: Վիճակը կարող է շտկել միայն պետությունը, պիտի պետական պատվեր լինի՝ ոչ միայն փողի առումով, այլեւ գաղափարախոսության»:

Ըստ բանախոսի, Վ. Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը նշելու համար ոչ հանձնաժողով է ստեղծվել, ոչ էլ հոբելյանական հիմնադրամ: Տուն-թանգարանը իր ուժերով գիտնականի հոբելյանը կնշի «Համբարձումյանական լսումներով»՝ սեպտեմբերի 19-ին, իսկ աստղադիտարանը՝ միջազգային գիտաժողովով, սեպտեմբերի 15-ից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել