Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃՈՒՐԴԸ ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ 5 ՏԱՐԻ ԱՆՑ

Օգոստոս 15,2008 00:00

Ի՞նչ մեղք ունի բարեխիղճ գնորդը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 2003թ. իր հերթական աճուրդն անցկացրեց: Աճուրդում դրված Երեւանի Սասունցի Դավթի 13 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 245,41 քմ ոչ բնակելի տարածքի մեկնարկային գինը կազմեց 2 միլիոն ութ հարյուր ութսուն հազար ՀՀ դրամ: Այդ գումարը վճարեց եւ տարածքը ձեռք բերեց աճուրդում հաղթած Վարդիթեր Եղիազարյանը: Նրան տրվեց անշարժ գույքի սեփականության գրանցման վկայական: Այնուհետեւ Վ. Եղիազարյանը իր ունեցվածքի 84,9 քմ տարածքը վաճառեց Ալիսա Շիրինյանին (առուվաճառքի պայմանագրով), որի անվամբ նույնպես կատարվեց սեփականության իրավունքի պետական գրանցում:

Սակայն վերջերս Երեւանի քաղաքացիական դատարան դիմեց «Ուրարտու» արտադրական միավորման մսի կոմբինատ ԲԲ ընկերության բաժնետեր Ռազմիկ Դարբինյանը: Նա պահանջեց անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ Վարդիթեր Եղիազարյանի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաեւ դրա հիման վրա Ա. Շիրինյանի անունով կատարված իրավունքի պետական գրանցումը: Ռ. Դարբինյանը պահանջում էր աճուրդի հաղթողից «Ուրարտու» արտադրական միավորմանը վերադարձնել նշված անշարժ գույքը: Ըստ նրա՝ այդ գույքը տիրապետվել է «ապօրինի»:

Գնորդ Ալիսա Շիրինյանն իր հերթին պնդում էր, որ ինքը անշարժ գույքը ձեռք է բերել օրենքի տառին համապատասխան, բարեխղճորեն, իսկ Վ. Եղիազարյանը գտնում էր, որ 5 տարի առաջ մասնակցել է հրապարակային աճուրդի, որտեղ հաղթել է: Նշված աճուրդի մասին կառավարությունը հայտարարություն է տվել «Հայացք տնտեսությանը» թերթի 11.07.03թ. համարում: Աճուրդի ժամանակ եւ դրանից հետո ոչ ոք չի վիճարկել իր հաղթանակը եւ չի ահազանգել, թե աճուրդի ժամանակ որեւէ խախտում է տեղի ունեցել:

Հայցվորի փաստարկները հետեւյալն են: Դատարան ներկայացված գործի նյութերում կա Ռ. Դարբինյանի կողմից վավերացված թիվ 13 ակտը, ըստ որի՝ 1995թ. մարտի 28-ին այս օբյեկտի գինը եղել է ընդամենը 41 հազար դրամ եւ պատկանել է մսի կոմբինատին: Դարբինյանն ու նրա ներկայացուցիչը քաղաքացիական դատարանում պնդել էին, թե ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը խախտել է գործող օրենսդրությունը, քանի որ 1996-ին սեփականաշնորհվող օբյեկտի գինը կազմել է 100 միլիոն 300 հազար դրամ, որը եւ վճարվել է Ռ. Դարբինյանի կողմից: Այդ աստղաբաշխական գումարը վճարելուց հետո ինչո՞ւ է պարոն Դարբինյանը տարածքը հանձնել պետությանը եւ թույլ տվել, որ աճուրդ անցկացվի՝ դժվար է բացատրել:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դատարանում պնդեց, որ աճուրդը եւ պայմանագրերը անցկացվել եւ կնքվել են օրենքին համապատասխան: Այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Նշված տարածքը պատկանել է Էրեբունու շրջխորհրդին, ապա՝ կառավարությանը: Վարչության ներկայացուցիչը նշեց նաեւ, որ հայցը չպիտի ընդունվեր, քանի որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, եւ, հետեւաբար, Դարբինյանն էլ պատշաճ հայցվոր չէ: Սակայն Երեւանի քաղաքացիական դատարանը որոշեց աճուրդով ձեռք բերված տարածքը վերադարձնել մսի կոմբինատին՝ չնայած գործի նյութերում առկա ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կիրակոսյանի պաշտոնական գրությանը, թե «ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 20-ի թիվ 550 որոշման համաձայն՝ Էրեբունու թաղապետարանի Ս.Դավթի 13 հասցեում գտնվող տարածքը հանձնվել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը, նշված տարածքը ՀՀ կառավարության 2003թ. մարտի 20-ի թիվ 692-ն որոշման համաձայն ներկայացվել է դասական աճուրդի, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Վ. Եղիազարյանը»:

Եթե իրականում տարածքը պատկանել է Դարբինյանին ու մսի կոմբինատին, ապա ինչո՞ւ է անցկացվել աճուրդ: Ինչո՞վ են մեղավոր աճուրդին հավատացածները, որոնք մասնակցել եւ հաղթել են: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463 հոդվածի համաձայն, աճուրդի կազմակերպիչ հանդես գալու իրավունք ունի միայն գույքի սեփականատերը, գույքային իրավունքներ տիրապետողը: Տվյալ դեպքում՝ կառավարությունը: Նշենք, որ թե՛ Վ. Եղիազարյանը, թե՛ Ա. Շիրինյանը նշված տարածքում կատարել են հիմնանորոգում, վճարել շինության հետ կապված գույքահարկի գծով բոլոր հարկերը:

Ա. Շիրինյանն ու Վ. Եղիազարյանը դիմել են ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել