Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկա՞նն է հարկային դաշտ «մտցնում»

Օգոստոս 15,2008 00:00

Կապանի ոստիկանները հարկային տեսուչների գործն են ստանձնել

Վերջին 10 օրերին Կապանի ոստիկանները քաղաքի մի շարք մթերային ու շինանյութի խանութներում, հացի փռերում, պահեստներում եւ սպասարկման այլ օբյեկտներում հարկային «ռեյդ» են իրականացնում: «Առավոտին» դիմած կապանցի տնտեսվարողների հավաստմամբ, համազգեստով ոստիկանները, առանց որեւէ սանկցիա ներկայացնելու, ներխուժում են օբյեկտներ ու ստուգում հաշվապահական մատյանները, ապրանքների առաքման ցուցակները, աշխատակիցների թիվը եւ այլն:

Տնտեսվարողների խոսքերով՝ «Գալիս ու հրամաններ էին արձակում՝ արի՛, թղթերդ բե՛ր, քանի՞ աշխատող ունես, քանի՞ մեշոկ ալյուր ունես: Եթե առարկեինք՝ գործներս ավելի կբարդանար, դրա համար էլ ինչ ասում էին՝ սուս ու փուս ենթարկվում էինք: Բայց մինչ օրս նման ստուգումներ միայն հարկայինն էր անում ու նման բան չէր պատահել, որ որեւէ ոստիկան գար ու հարկայինի պես ստուգումներ աներ»: Մեզ հետ զրույցում ոստիկանության ստուգումներին ենթարկված տնտեսվարողները չցանկացան անուններով հանդես գալ՝ մտավախություն ունենալով, որ հետագայում խնդիրներ կունենան: Տնտեսվարողները մեզ պատմեցին, որ ոստիկանության «դրբի» տակ են ընկել նաեւ Հանրապետական կուսակցության Կապանի տարածքային գրասենյակի նախագահ Ռոմա Սարգսյանի փուռն ու մեկ այլ «ղափանցի թափով դեմքի»՝ Մարատ Գրիգորյանի խորովածանոցը. «Ոնց էլ լինի՝ նրանք իրենց գլխի ճարը կտեսնեն, թիկունք ունեն, մեջտեղը մենք ենք տուժելու, ոչ թիկունք ունենք, ոչ էլ փող»:

Թե ինչո՞ւ են Կապանի ոստիկանները հարկային տեսուչների գործը ստանձնել ու օբյեկտներում հարկային ստուգումներ իրականացրել՝ «Առավոտի» հարցին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Գարիկ Կարապետյանն ասաց, որ դա ոչ թե ստուգում է, այլ՝ հետաքննություն: Նրա ներկայացմամբ, իրենք «ահազանգ եւ ինֆորմացիա» են ստացել, որ այսինչ օբյեկտը անօրինական աշխատանքներ է անում. «Եթե մեզ հայտնել են, որ երկար ժամանակ այսինչ օբյեկտը աշխատում է եւ ոչ մի հարկային տեսուչ մոտ չի գալիս ու իր լիազորությունները չի կատարում, այդ ժամանակ ես իրավունք ունեմ ասել՝ գնացե՛ք ստուգեք: Մեր ոստիկանները գնում են մի հիմնարկ ու տեսնում են, ասենք, թե այդ փուռը խախտումներ ու վարչական պատասխանատվության ենթարկվող բաներ է անում: Էդ բոլորը տեղում արձանագրվում է ու կատարվում է հետաքննություն, հետո՝ ուղարկվում դատախազություն: Եթե պարզվում է հարկային խախտում է՝ գործն ուղարկում ենք հարկայինին, եթե տեղական ինքնակառավարման մարմիններին է հարցը վերաբերում՝ ուղարկում ենք նրանց: Տվյալ դեպքում նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվելու են հարկայինին եւ արդեն իրենց իրավասության սահմաններում կնշանակվեն պատիժներ: Բա պետք է հարկային դաշտ մտցնենք, բա ի՞նչ պետք է անենք»:

Իսկ թե ինչու են ոստիկաններն առանց սանկցիայի «հարկային հետսաքննություններ» անցկացրել՝ պարոն Կարապետյանը վստահորեն պատասխանեց, որ «ահազանգն ու ինֆորմացիան» լրիվ բավարար էր, որպեսզի իրենք առանց համապատասխան փաստաթղթի այցելեն ցանկացած օբյեկտ: Նա իր ասածները հիմնավորելու համար անգամ օրինակ բերեց. «Որ ոստիկանը մտնում է մի ինստիտուտ ու տեսնում մի պլանքաշի կամ մի բան, որ ակնհայտորեն խախտում է, չբռնի՞ դրան»:

Երեկ «Առավոտը» Հարկային պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ են, որ Կապանում հարկային տեսուչների գործը ոստիկաններն են անում: Կապանում անցկացվող ստուգումների մասին հարկայինը որեւէ տեղեկություն չուներ: Հարկային ծառայությունից պարզաբանեցին, որ իրենք ոտիկանության հետ համատեղ որեւէ ստուգում չեն իրականացնում:

Նշենք, որ, ըստ սահմանված կարգի, եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ հարկային պարտավորությունները չի կատարում կամ ստվերային գործունեություն է ծավալում, ապա դրանով զբաղվում է հարկայինի օպերատիվ հետախուզության վարչությունը, այլ ոչ թե ոստիկանությունը, իսկ եթե ոստիկանությունը ահազանգ կամ հիմքեր է ունենում տնտեսվարողի հարկային խախտումների վերաբերյալ, ապա պետք է այդ մասին տեղյակ պահի հարկայինին:

ՀՀ ոստիկանությունից էլ մեր հարցերին խոստացան պատասծանել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել