Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԿՐՃԱՏՈՒՄ» ԵՆ

Օգոստոս 15,2008 00:00

ՀՀ կառավարությունը մեր հանրապետությունում գործազուրկների թիվը կրճատելու փոխարեն ավելացնում է

Շուտով գործազուրկների բանակը կհամալրվի եւս մի քանի հարյուրով, քանի որ ՀՀ մի շարք նախարարություններում, կառավարության որոշմամբ, ամբողջ բաժիններ են փակվելու, ինչի արդյունքում բազմաթիվ մասնագետներ մնալու են անգործ: Վերջերս էկոնոմիկայի նախարարությունում կրճատվել է մոտ 50 աշխատակից։ Կառավարությունը սա բացատրում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը՝ էկոնոմիկայի նախարարություն վերանվանելու հանգամանքով: «Առավոտի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության արդեն նախկին աշխատակիցները վստահեցրին, որ իրենց առանց նախազգուշացնելու են աշխատանքից հեռացրել: Նրանց պատմելով՝ իրենք սովորականի նման գնացել են աշխատանքի եւ աշխատանքային օրվա գրեթե ավարտին են միայն տեղեկացել, որ հաջորդ օրվանից աշխատանքից ազատված են։

Նկատենք, որ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ եթե գործատուն ցանկանում է աշխատակիցներից որեւէ մեկին հեռացնել կամ կրճատել, ապա պարտավոր է առնվազն 2 ամիս առաջ նրան գրավոր տեղյակ պահել, ինչը, կրճատված աշխատակիցների հավաստմամբ, չի արվել: Նրանց խոսքերով, աշխատանքից ազատվել են հիմնականում այն մարդիկ, որոնք 5 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեն. «Մի 2 ամիս առաջ նախարարության բոլոր աշխատակիցների միջեւ հարցում է անցկացվել, թե մենք պետության համար ի՞նչ կարեւոր առաջարկություններով ենք հանդես եկել, բայց այդ ամենը բանավոր էր, ոչ մի գրավոր փաստաթուղթ չի եղել։ Ինչպե՞ս կարելի է այդքան տարիների փորձ ունեցողներին պարզապես վերցնել ու դուրս թողնել»: Մեր տեղեկություններով, այս նախարարությունում կրճատումներն այսքանով չեն սահմանափակվելու եւ եւս մի քանի տասնյակ մարդ աշխատանքից ազատվելու է։ Նախկին աշխատակիցներին մտահոգում է նաեւ այն, որ վերջնահաշվարկ կատարելիս հաշվապահները չեն հաշվարկելու իրենց վերջին աշխատանքային օրը, չնայած այդ օրն էլ են աշխատել։

Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը կրճատումների առնչությամբ «Առավոտի» հարցին պատասխանեց, որ իրենք ստիպված են եղել դիմել այդ քայլին, քանի որ նախարարության մի քանի բաժիններ անցել են այլ նախարարություններին: Ըստ Է. Տարասյանի՝ օրինակ, Կոնցեսիոն գործակալությունն անցել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը. «Մենք առաջնորդվում ենք մեր նախարարության առջեւ դրված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, այդ պարտավորությունները կատարելու համար մեզ ավելի քիչ թվով աշխատողներ են պետք»:

Ինչ վերաբերում է կրճատումների մասին տեղեկացնելուն, ապա, ըստ Է. Տարասյանի՝ իրենց նախարարության բոլոր աշխատակիցները՝ սկսած նախարարի խորհրդականներից մինչեւ շարքային աշխատողները, դեռ այս տարվա մայիսին ստացել են ծանուցագրեր, որոնց մեջ նշված է եղել, որ տվյալ մարդը կարող է ազատվել աշխատանքից նախարարությունում կատարվող փոփոխությունների պատճառով. «Այնուամենայնիվ, աշխատանքից ազատվածների մեծ մասը քաղծառայող է, որոնց անպայման չէ նախազգուշացնել աշխատանքից ազատելուց առաջ, քանի որ առաջին հերթին այդպես է նախատեսում քաղծառայության մասին օրենքը, երկրորդ՝ նրանք իրենց աշխատավարձի չափով մոտ 6 ամիս էլ գումար են ստանալու: Նշեմ նաեւ, որ սրանք կառուցվածքային փոփոխություններ չեն, այլ ընդամենը հաստիքների կրճատում: Ընդհանուր առմամբ, մենք կրճատել ենք 35 աշխատողի եւ 7 թափուր հաստիք»:

Պարոն Տարասյանը վստահեցրեց, որ կրճատված լավ մասնագետներին հնարավոր է, որ կրկին իրենց մոտ տեղավորեն աշխատանքի. «Մեզ մոտ բացվելու են նոր բաժիններ եւ թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին կարող են մասնակցել նաեւ ազատված աշխատակիցները: Օրենքը թույլ չի տալիս հաստիքների տեղափոխություն, այդ իսկ պատճառով մենք ազատում ենք աշխատողներին, սակայն նրանք կարող են էլի մեր կամ ուրիշ նախարարություններում անցնել աշխատանքի: Լավ բառ չէ օպտիմալացումը, բայց մենք օպտիմալացրել ենք՝ ի շահ արդյունավետ աշխատակազմի: Մեզ վրա մի շարք միջազգային պարտավորություններ են դրված, որոնց արդյունքները մյուս տարվանից պետք է ցույց տանք»: Մեր հարցին, թե կրճատումների ժամանակ հաշվի առնվե՞լ է մասնագետների աշխատանքային ստաժը, պարոն Տարասյանը պատասխանեց. «Եթե լինեին կառուցվածքային փոփոխություններ, ապա հաշվի կառնեինք, բայց այս դեպքում՝ ոչ»: Անդրադառնալով նախքան կրճատումները աշխատակիցների շրջանում անցկացրած բանավոր հարցումներին, նա ասաց, որ դրանք արվել են, որպեսզի պարզ դառնա՝ բոլոր աշխատակիցնե՞րն են նախարարության համար պիտանի աշխատողներ, թե՝ ոչ: Ըստ Է. Տարասյանի՝ այդ հարցերի մեծամասնությանը կրճատված աշխատակիցները չեն կարողացել պատասխանել. «Իսկ դրանք ընդամենը սովորական հարցեր էին, ասենք՝ ի՞նչ նախաձեռնություններով են հանդես եկել իրենց գործունեության ընթացքում կամ մտահոգվո՞ւմ են, արդյոք, գների բարձրացումներից: Նրանք զարմացած մեզ էին նայում»:

Մեր տեղեկություններով՝ նույն »ձեւակերպումներով« կրճատումներ են սպասվում նաեւ ֆինանսների նախարարությունում, քանի որ այս նախարարության անվանումն էլ է փոխվել:

Բնապահպանության նախարարությունը, ճիշտ է, չի անվանափոխվել, բայց կառավարությունը որոշել է այստեղ էլ փոփոխություններ անել եւ երկու բաժին կրճատել: Նախարարության լրատվական ծառայությունից «Առավոտին» հայտնեցին, որ իրենց մոտ էլ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունները անցել են արտակարգ իրավիճաների նախարարությանը, օգտակար հանածոների պաշարների եւ երկրաբանական գործակալություններն էլ անցել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը: Հիշեցնենք, որ երբ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը բաժանվեց երկու նախարարությունների, կրճատումներ եղան նաեւ այդ ժամանակ, ինչի արդյունքում բազմաթիվ մասնագետներ պարզապես դարձան գործազուրկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել