Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋԵՑ

Օգոստոս 15,2008 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: Արձանագրելով, որ «Համաժողովրդական շարժումը խորապես անհանգստացած է հարեւան Վրաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար արդեն իսկ առաջացած, ինչպես նաեւ իրադարձությունների հնարավոր ոչ ցանկալի զարգացման պարագայում քաղաքական, սոցիալական եւ հումանիտար նոր բացասական հետեւանքներով», Կոնգրեսը տարակուսանք է հայտնել «ակնհայտ մարտահրավերի ու դրանց հաղթահարման խնդիրների առջեւ կանգնած մեր երկրի գործող իշխանության մարմինների ոչ համարժեք պահվածքի» կապակցությամբ, ինչի ամենացայտուն արտահայտությունը համարել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի տեւական բացակայությունն ու «անվրդով հանգիստը Չինաստանում»։ Դատապարտելով «վտանգաշատ այս անգործությունը»՝ Կոնգրեսը ՀՀ «դե ֆակտո իշխանությունից պահանջում է անհապաղ ձեռնարկել հետեւյալ միջոցառումները. պետական մակարդակով ցավակցություն հայտնել հակամարտության հետեւանքով առկա զոհերի կապակցությամբ, հանդես գալ միջազգային հանրության կողմից նախաձեռնած միջնորդական ջանքերին սատարելու հայտարարությամբ: Դրանում հարկ է նաեւ ընդգծել ուժի կիրառման միջոցով ազգամիջյան վեճերը կարգավորելու անթույլատրելիությունը, հայտարարել հակամարտության հետեւանքով տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, անհապաղ պատրաստակամություն հայտնել երկու կողմերի տուժած, բժշկական օգնության կարիք ունեցողներին Հայաստանում ընդունելու՝ համապատասխան բժշկական եւ այլ օժանդակություն տրամադրելու նպատակով, անհապաղ նախաձեռնել ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների այց Ռուսաստան եւ Վրաստան՝ ՀՀ արտաքին մատակարարումների անխափան ընթացքի ապահովման նպատակով համապատասխան կառույցների հետ աշխատելու համար, ապահովել Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը պետության հաշվին (մինչ այժմ դա արվել է քաղաքացիների հաշվին, երբեմն 3-4 անգամ ավելի թանկ գնով), սահմանային կետերում անհարկի կուտակումներից եւ քաղաքացիներին անհարմարություններ պատճառելուց խուսափելու նպատակով ժամանակավորապես մտցնել սահմանի հատման առավել ինտենսիվ եւ պարզեցված ընթացակարգ՝ մինչեւ խաթարված ենթակառույցների ամբողջական վերականգնումը, հանդես գալ Կարս-Գյումրի երկաթուղու ժամանակավոր ապաշրջափակման կոչով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել