Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉ «ՓՈՇԻՆ ԱՆՑՆԻ», ԱՄՆ ԶԻՆՈՒԺԸ ԿՄՏՆԻ ՎՐԱՍՏԱՆ

Օգոստոս 15,2008 00:00

«Հայաստանը կարող է նպաստել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում կանցնեն փոշին ու հույզերը, Հայաստանի ղեկավարության համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել՝ կարգավորման գործում որտեղ եւ ինչպիսի դեր կարող է խաղալ ինքը»: Երեկ այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը՝ վրաց-օսեթական հակամարտության կարգավորման հանձնաժողովի ռուսաստանյան մասի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Պոպովի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումն արագացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, Նիկոլայ Պավլովը չցանկացավ համեմատություններ անցկացնել այդ հակամարտությունների միջեւ: «Ղարաբաղյան կարգավորման միակ ընդունելի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, այլ ձեւաչափի կարիք չկա»,- ասաց նա: Դեսպանը նաեւ շեշտեց, թե տարածքային ամբողջականության խնդիրը ուժային ճանապարհով լուծելու՝ Վրաստանի ղեկավարության փորձը դաս կլինի բոլոր այն քաղաքական գործիչների համար, ովքեր տարածքային հարցերը ուժային ճանապարհով լուծելու հույս էին փայփայում:

Յուրի Պոպովն, իր հերթին, ասաց, որ դժվար է պատկերացնել, թե վրաց-օսեթական հակամարտության շուրջ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան: Մեկնաբանելով Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դիրքորոշման աջակցության բացակայությունը՝ Յուրի Պոպովը նշեց. «Գործողություններն ու հայտարարությունները պետք է խղճի մտոք անել»: Այս համատեքստում Պոպովն ընդգծեց, որ Ռուսաստանին համերաշխություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Տեղեկացնենք նաեւ, որ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, Սարգսյանը «իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Մեդվեդեւին՝ վերջին օրերի ընթացքում Հարավօսեթիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում խաղաղ բնակչության, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների եւ ռուս խաղաղապահների շրջանում տեղ գտած մեծաթիվ զոհերի կապակցությամբ»: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը չի ցավակցել Վրաստանի ղեկավարությանը: Բազմաթիվ տեղեկությունները վկայում են, որ այնտեղ եւս քիչ չեն խաղաղ բնակիչների շրջանում արձանագրված զոհերը:

Թեմայի համատեքստում հավելենք, որ «մի քանի օրից ամերիկացի զինվորականները կմեկնեն Վրաստան»: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը՝ դիմելով Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին: «Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարար Բոբ Գեյթսին՝ Վրաստանի ժողովրդին աջակցելու նպատակով մարդասիրական գործողություն սկսել այնտեղ, որը կգլխավորեն ԱՄՆ զինված ուժերը: Մենք միանշանակորեն աջակցում ենք Վրաստանի դեմոկրատական կառավարությանը»,- ասել է Բուշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել