Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ տուժել է միայն «ռուս ժողովուրդը»
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը երեկ փորձեց բացատրել, թե ինչու է նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ ցավակցություն հայտնել Վրաստանի տարածքում տեղի ունեցածի համար, իսկ ահա Վրաստանի նախագահին չի զանգել. «Մեդվեդեւին զանգահարել եւ ցավակցություն է հայտնել, որովհետեւ այդ զոհվածների հիմնական մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին»: Իսկ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի նման ցավակցություն հայտնել նաեւ մեր հարեւան Վրաստանի նախագահին, հաշվի առնելով, որ այդ երկրի դերը դժվար է թերագնահատել Հայաստանի համար՝ հարցին արձագանքեց. «Եթե վրաց ժողովրդին նման բան պատահեր, կարծում եմ, կզանգեր նաեւ Սահակաշվիլուն: Այս դեպքում՝ ռուս ժողովրդին է բան պատահել: Հարավային Օսեթիայում ապրող ՌԴ քաղաքացիները դրանք ռուս ժողովուրդ են, Ռուսաստանում ապրող ժողովուրդ են»: Մեր դիտարկմանը, թե Վրաստանի խաղաղ բնակչության շրջանում նույնպես զոհեր են եղել, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց. «Համենայնդեպս, մինչեւ այսօր որեւէ լրատվություն չի արձագանքել, որ Վրաստանում զանգվածային մահացության դեպքեր են եղել»: Լրագրողները քաղաքական գործչին հիշեցրին արդեն հայտնի տեղեկություններն առ այն, որ ռուսական բանակը ռմբակոծել է վրացական բնակավայրերը, տասնյակ գյուղեր, գրավել էին Գորին եւ այնտեղ զբաղված էին սպանություններով ու թալանով: Այնուամենայնիվ, Օսեթիայում կատարվածը գնահատելով որպես զանգվածային սպանդ՝ ՀՀԿ փոխնախագահը դատապարտեց ոչ թե Վրաստանին, այլ ասաց. «Երբ ասում ենք Վրաստան, դա նշանակում է, որ տեղի ունեցածին խառնում ենք ողջ վրաց ժողովրդին, այնինչ՝ խոսքը գնում է վրացական իշխանությունների մասին: Եթե պետք է դատապարտելի խոսք ասել, պետք է ասվի վրացական իշխանություններին, ոչ թե Վրաստանին»: Ամեն դեպքում, վրացական իշխանությանը եւս չդատապարտեց. «Գիտեք, այս պահին դժվար է այսպես վերցնել կացինը՝ սրել ու հարձակվել Վրաստանի իշխանությունների վրա, որովհետեւ ինֆորմացիայի պակասն այնքան թույլ է, որ դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, իմ տրամաբանությունը հասկանալի է: Ես դատապարտում եմ այն մարդկանց, ում ուղեղով անցավ եւ հրահրեցին, որի արդյունքում այդ սպանդը տեղի ունեցավ: Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ՝ արդեն Հաագայի դատարան փաստաթղթեր են գնացել, եւ դեռեւս նրանք չեն կարողանում իմանալ»:
Հ. Գ. «Առավոտը» կատակով տվեց հետեւյալ հարցը՝ եթե Գալուստ Սահակյանը դաշնակցական լիներ, արդյո՞ք չէր մտածի, որ հիմա ճիշտ ժամանակն է Ջավախքի հարցը լուծելու՝ այս կողմից կմտնեն Ջավախք, եւ հարցը կլուծվի «գյուղական կարգով»: Ի պատասխան՝ ՀՀԿ-ականն ասաց. «Եթե ես դաշնակցական լինեի, պարզ է, դաշույնս չէի հանելու»: