Երեկ նրանց առողջական խնդիրների մասին կրկին ահազանգել են Մյասնիկ Մալխասյանի եւ Սուրեն Սիրունյանի հարազատները:
Մարտի 3-ից անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավոր եւ ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, որը մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ» եւ «պետական իշխանության յուրացում», ենթարկվում է խոշտանգման: Մ. Մալխասյանի կինը, նաեւ պաշտպան Մելանյա Առուստամյանը պնդում են, որ պատգամավորին դեռեւս չապաքինված՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրա առողջական վիճակն էլ ավելի է վատացել եւ նրա կյանքին այլեւս վտանգ է սպառնում:
Հիշեցնենք՝ Մ. Մալխասյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» էր տեղափոխվել օգոստոսի 6-ին՝ բժշկական հետազոտություն անցնելու համար, որից հետո նաեւ քննչական ծառայությունն էր հարմար գտել, որ նա բուժում ստանա քաղաքացիական մասնագիտացված բուժհաստատությունում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Սակայն օգոստոսի 9-ի առավոտյան, առանց նախապես զգուշացնելու, նրան վերադարձրել էին քրեակատարողական հիմնարկ՝ բուժումն այնտեղ շարունակելու պայմանով: Սա այն դեպքում, երբ «Էրեբունիում» կատարված ախտորոշումից հետո նրան բուժումներ էին նշանակվել, որոնք Մ. Մալխասյանը պետք է ստանար հիվանդանոցային պայմաններում: «Օգոստոսի 9-ի առավոտյան «Էրեբունի» կենտրոնում նրան թեեւ ասել էին, որ սրսկումներ ունի եւ սիստեմա պիտի ստանա, բայցեւայնպես դուրս էին գրել «բարելավումով»՝ պատճառաբանելով, որ նա կարող է բուժում ստանալ մեկուսարանային պայմաններում էլ, որ նրա հիվանդությունները կյանքին վտանգ չեն սպառնում: Բայց խնդիրն այն է, որ Մ. Մալխասյանը ալերգիա ունի, որը նրան հասցնում է շնչահեղձության, եւ որը մեկուսարանում սրվել է: Շաբաթ օրը նրան հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ են բերել այտուցված վիճակում, կիրակի նրան այցելել է ալերգոլոգը եւ մեկուսարանի մատյանում գրանցել, որ Մալխասյանի մոտ առկա ալերգիան կարող է շնչահեղձության պատճառ դառնալ, եւ որ դա վտանգավոր է: Այսօր ոչ ոք չի համարձակվում նրան սիստեմաներ միացնել: Այսինքն՝ բուժումը փաստացի լիովին չի իրականացվում, նա միայն նշանակված դեղերն է խմում: Իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ստացիոնար բուժում»,- փոխանցեց տիկին Առուստամյանը:
Վերջինս երեկ միջնորդել է «Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Քրեակատարողական վարչության պետին եւ ՀՀ ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին՝ առաջարկելով Մ. Մալխասյանի համար ապահովել լիարժեք բուժում ստանալու պայմաններ, որպեսզի նրա առողջությանն ու կյանքին վտանգ չսպառնա:
«Նման հիվանդություններով տառապող մարդուն մեկուսարանում պահել չի կարելի: Նրան ռեժիմով եւ դիետիկ սնունդ է անհրաժեշտ, մաքուր օդ, հիգիենիկ պայմաններ եւ նորմալ բուժում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Մ. Մալխասյանի կինը՝ տիկին Աննան:
Ի դեպ, երեկ բաց նամակով երկրի իշխանություններին են դիմել նաեւ պատգամավորի հարազատները՝ արձանագրելով, որ «գաղափարական հակառակորդին վերացնելու նկատառումով Սերժ Սարգսյանի կառավարությունը չի խորշում անգամ ամենաեղկելի ու ստոր միջոցներ կիրառելու գայթակղությունից եւ, ըստ երեւույթին, բռնել է քաղբանտարկյալներին ֆիզիկապես ոչնչացնելու ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաեւ այսպիսի ձեւակերպումներ կան՝ «իր կյանքն ու առողջությունը հայրենիքի ապագային ընծայած Մ. Մալխասյանն այսօր խոշտանգվում է բանտում, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, գրավով կամ այլ միջոցով չփոխարինելու՝ ՀՀ դատախազության որոշումն, ըստ էության, Մյասնիկ Մալխասյանի մահվան դատավճիռն է, քանի որ նրա առողջությունն օր օրի վատթարանում է»:
Հիշեցնենք՝ համաձայն «Էրեբունի» կենտրոնում պատգամավորի ախտորոշման, պատգամավորի մոտ առկա է «շաքարային դիաբետ, տիպ 2, միջին ծանրության, ճարպային հեպատոզ, էրոզիվ գաստրիտ, դեֆորմացնող օստեոարթրոզ» եւ այլն:
Առողջության հետ կապված նոր խնդիրներ են առաջանում նաեւ «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոնում վիրահատված եւ այսօր ստացիոնար բուժման մեջ գտնվող մեկ այլ քաղկալանավոր Սուրեն Սիրունյանի մոտ: Նա դեռ մարտ ամսից է պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտության՝ բողոքելով սուր գլխացավերից, արյան ճնշման տատանումներից: Այսպես, մայիսի 12-ին նա դիմել էր «Վարդաշենի» ՔԿՀ բուժմաս՝ գլխացավի կապակցությամբ։ Ախտորոշվել էր «միգրեն» եւ նշանակվել համապատասխան բուժում։ Հունիսի 25-ին նա կոնսուլտացիայի էր ենթարկվել նեւրոպաթոլոգի կողմից: Ախտորոշվել էր՝ «Ետտրավմատիկ էնցեֆալոպաթիա՝ արտահայտված հիպերտենզիոն սինդրոմով», նշանակվել էր կոնսերվատիվ բուժում: Նույն ամսի 31-ին նրա մոտ հայտնաբերվել էր «լյարդի հյուսվածքի դիֆուզ փոփոխություն-ճարպային հեպատոզ»։
Ինչպես «Առավոտին» փոխանցեց Ս. Սիրունյանի կինը՝ տիկին Գայանեն, քաղկալանավորը երեկ կրկին դիմել է ՔԿՀ ղեկավարությանը՝ գլխացավերի եւ ճնշման տատանումների հետ կապված նոր հետազոտություն անցնելու խնդրանքով: Տիկին Գայանեի ասելով, իրենք նաեւ պահանջում են, որ Ս. Սիրունյանին հետազոտելու համար թույլ տան «դրսից» բժիշկներ հրավիրել: