Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք խոշոր բաժնետերերը

Օգոստոս 14,2008 00:00

Ինչպիսի դեր են այսօր խաղում առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները

Սկսած 2007-ի սեպտեմբերից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ հրապարակային քաղաքականություն, տեղի ունեցավ մի շատ հետաքրքրական քաղաքական դասավորություն, որը սկիզբ դրեց, այսպես կոչված, «Երեք նախագահների ժամանակաշրջանի»: Առաջին անգամ հայոց պատմության ընթացքում քաղաքական բեմահարթակում հայտնվեցին երեք անձինք, որոնք երկրի զարգացումների վրա ունեն գրեթե հավասար ազդեցություն: Այդ ընթացքում քաղաքական մրցարշավի գլխավոր մարտահրավերը երեք կողմերի համար էլ նույնն էր, այն է՝ երկրի ղեկը պահել սեփական ձեռքերում: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրն էր՝ ընտրվել ՀՀ նախագահի պաշտոնում, որը նրան հաջողվեց, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնդիրն էր, որ Սերժ Սարգսյանն ընտրվի նախագահ, ինչի շնորհիվ նա կկարողանար պահել իր ազդեցությունը երկրի վրա: Իսկ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդիրն էր՝ վերականգնել իր երբեմնի իշխանությունը եւ հեղինակությունը երկրում՝ արմատապես ոչնչացնելով Սարգսյանի եւ Քոչարյանի իշխանությունը:

Ինչպես հայտնի է, երբ մի կազմակերպություն (իսկ պետությունը նույնպես կազմակերպություն է) ունի երեք բաժնետեր, որոշումներ կայացնելու գործընթացներում հաղթում է նա, ով իր կողմ է գրավում այդ երեք ձայներից գոնե երկուսը: Հայաստանյան քաղաքական շուկայում այդպես էլ եղավ՝ Քոչարյանը եւ Սարգսյանը միասին հաղթեցին Տեր-Պետրոսյանին: Սակայն ակնհայտ է նաեւ, որ մեր քաղաքական շուկայում ավելի լավ է «վաճառվում» տերպետրոսյանական քաղաքական պրոդուկտը եւ այս հանգամանքը նրան թույլ է տալիս ոչ ֆորմալ ազդեցություն ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Քոչարյանի ազդեցությունը այսօրվա քաղաքական գործընթացների մեջ նույնպես ակնհայտ է եւ արտահայտվում է նոր նախագահի կադրային, արտաքին, տնտեսական եւ այլ քաղաքական դաշտերում: Բնականաբար, այդ ազդեցությունը մեծապես իրացվում է ոչ հրապարակային եղանակներով: Փաստ է նաեւ, որ նախագահ Սարգսյանի քաղաքականությունը ավելի ու ավելի հաճախ կտրուկ տարբերվում է Քոչարյանի քաղաքականությունից, սա բնական է՝ հաշվի առնելով քաղաքական նոր դասավորությունները եւ հասարակական պատվերները:

Այսպիսով՝ չնայած Սարգսյանի նախագահ լինելու հանգամանքին, ակնհայտ է, որ այսօր երկրի քաղաքական կյանքը թելադրվում է ոչ միայն վերջինիս իշխանական բլոկի, այլեւ՝ նախկին երկու նախագահների կողմից: Սա ստեղծում է երկրում աննախադեպ հակակշիռների եւ զսպումների դաշտ: Իշխանության բաժանման այսպիսի կորելյացիան, մեր դիտարկմամբ, ստեղծել է երկրի կառավարման գրեթե իդեալական կաբինետ կամ անգլերեն ասած՝ «դրիմ» թիմ:

Սկսած իր կառավարման առաջին օրվանից, նախագահ Սարգսյանի գերխնդիրն է՝ ստեղծել քաղաքական մի պրոդուկտ, որը կարող է մրցել Տեր-Պետրոսյանի բարձր ժողովրդականություն ունեցող պրոդուկտի հետ եւ հաղթել: Բնականաբար, հասարակությունը իբրեւ գնորդ տուրք չի տալու պոպուլիստական պրոդուկտներին, դա արդեն անցած էտապ է, հատկապես որ՝ դա նախագահ Սարգսյանի ոճը չէ: Ստեղծվող նոր պրոդուկտի ապրանքանիշն է «Բարեփոխումներ» կոչվող գործընթացը, որը, թերեւս, սկսվեց Քոչարյանի նախագահության ընթացքում, սակայն խորացվում է այսօր: Այն խոստանում է երկրում լուրջ տնտեսական հաջողություններ՝ իրականացնելով երկրորդ սերնդի բարեփոխումներ, սրանք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ «մանրածախ» բարեփոխումներն են: Այս պրոդուկտը հնարավորինս գրագետ պատրաստելու եւ իրացնելու համար նախագահ Սարգսյանը վարչապետ է նշանակել երկրի գլխավոր տնտեսագետին՝ Տիգրան Սարգսյանին: Նա գերազանց է տիրապետում շուկան եւ փաթեթավորում է բարեփոխումները պրոֆեսիոնալիզմով եւ արեւմտյան դիզայնով:

Դժբախտաբար, վերջերս մոդայիկ են դարձել քաղաքական հայտարարություններն ու կոչերն այն մասին, որ անհրաժեշտ է ընդդիմության եւ իշխանության երկխոսություն: Մեր գնահատմամբ, եթե երկխոսություն (որքան էլ որ երկխոսությունը քաղաքակրթության նշան է) տեղի ունենա՝ կա վտանգ, որ վերջինիս կհետեւի «փոխհամաձայնության հուշագիրը», որի արդյունքում հայաստանյան քաղաքական շուկայում կարող է ձեւավորվել մի հսկայական քաղաքական կարտել, այսինքն՝ երեք կողմերը կարող են կիսել շուկան եւ բավականին թանկ գներով վաճառել իրենց քաղաքական պրոդուկտները, իսկ գնորդները մենք ենք՝ հասարակ քաղաքացիներս: Թերեւս այս ելքի հավանականությունը շատ ցածր է, սակայն ոչինչ բացառել չի կարելի:

Մնում է հիշել եւս մեկ կարեւոր տնտեսական կանոն, այն է. մրցակցությունը զարգացման հիմքն է, եւ հայտնի է, որ մրցակցության պայմաններում յուրաքանչյուր կողմ ավելի մեծ օգուտներ է քաղում, քան նրանցից որեւէ մեկը՝ մոնոպոլիայի պայմաններում: Հետեւությունն այն է, որ որքան մեր քաղաքական շուկայում շատ լինեն իրական մրցակիցներ, այնքան մենք ավելի հաստատուն քայլեր կիրականացնենք դեպի կայուն ժողովրդավարություն եւ բարեկեցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել