Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ԲՐՈՆԶԸ

Օգոստոս 14,2008 00:00

Երեկ մինչեւ 77 կգ քաշային ծանրորդ, գյումրեցի Գեւորգ Դավթյանը Պեկինում ընթացող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի համար նվաճեց երրորդ բրոնզե մեդալը:

\"\"Անկեղծ ասած, նրանից, ինչպես նաեւ Գեւորգի համաքաղաքացի Արա Խաչատրյանից, սպասումներն ավելի մեծ էին: Բայց մրցահարթակում ծավալված պայքարի դաժանությունից հետո, որի ականատեսը դարձանք հեռուստաէկրանների առջեւ, արդյունքը միանգամայն գոհացուցիչ է: Ճիշտ է, աշխարհի վերջին առաջնության արծաթե մեդալակիր Գեւորգ Դավթյանն ընդհանուր առմամբ իրեն ընձեռված վեց հնարավորություններից յուրաքանչյուր վարժությունում կատարեց ընդամենը մեկական արդյունավետ մոտեցում. պոկումում՝ 165 կգ, հրումում՝ 195 կգ, երկամարտում՝ 360 կգ, բայց դա էլ բավարարեց, որպեսզի նա կանգնի պատվո պատվանդանի երրորդ աստիճանին եւ Պեկինում կրկին բարձրացվի Հայաստանի պետական դրոշը:

Արժանին պետք է մատուցել նաեւ Եվրոպայի արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանին: Նա նույնպես մինչեւ վերջին պահը ծանր պայքար մղեց մրցանակային տեղի համար: Սակայն մոտեցումներից մեկի ժամանակ ստացած ոտքի վնասվածքը Արային զրկեց նպատակին հասնելու հնարավորությունից ու երկամարտի 353 (162+191) կիլոգրամով բավարարվեց միայն 7-րդ տեղով:

Երեկ օլիմպիական խաղերում մեկնարկը հաղթանակով նշեց նաեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Հովհաննես Դավթյանը, որը միավորների 9:3 հարաբերակցությամբ (մարտի ընթացքում մրցակիցները մեկական անգամ հայտնվեցին նոկդաունում) առավելության հասավ կամերունցի Թոմաս Էսոմբայի նկատմամբ ու մտավ 1/16 եզրափակիչ:

Ցավոք, մեր մարզական պատվիրակությունը չխուսափեց նաեւ կորուստներից: Նախնական արգելքները հաղթահարել ի վիճակի չեղան հունահռոմեական ըմբիշներ, 66 կգ քաշային Արման Ադիկյանը եւ 74 կգ քաշային Լեւոն Ջուլֆալակյանը:

Սամվել Խաչատրյան. «ՎԱԴԱ-ն մերոնց հանգիստ չի տալիս»

Երեկ հեռախոսազրույց ունեցանք Պեկինում գտնվող մեր ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ:

– Պարոն Խաչատրյան, Հայաստանի մարզիկների նվաճած երեք բրոնզե մեդալներից երկուսը բաժին է հասել ծանրորդներին: Արդյունքից գո՞հ եք:

– Իհարկե, եթե հաշվի առնենք, որ 2000 թվականից ի վեր մեր երկիրն օլիմպիական խաղերում ոչ մի մեդալ չի նվաճել: Ես նաեւ որպես Հայաստանի քաղաքացի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար ուրախ եմ նաեւ ըմբշամարտում վաստակած «բրոնզի» համար: Դա անցած չորս տարիներին մեր երկրի ղեկավարության, օլիմպիական կոմիտեի, հատկապես՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, նախարարության ամենօրյա աշխատանքի լավագույն գնահատականն է: Ինչ վերաբերում է ծանրորդների արդյունքներին, դրանք կարող էին ավելի ծանրակշիռ լինել, եթե այստեղ ինչ-ինչ հանգամանքներ չխանգարեին:

– Հատկապես ի՞նչը նկատի ունեք:

– Չգիտես ինչու, ծանրամարտի Հայաստանի հավաքականը Պեկինում հակադոպինգային համաշխարհային գործակալության ամենօրյա մշտական վերահսկողության տակ է: Արդեն 32 դոպինգ ստուգում է անցկացվել, ու դրա վերջը, կարծես, չի երեւում: Հենց այսօր, վաղ առավոտյան, ՎԱԴԱ-ն հերթական ստուգման ենթարկեց Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին: Թեեւ ամեն անգամ արդյունքը բացասական է, բայց էլի գալիս են ու գալիս: Մինչեւ այսօր մեր բոլոր ծանրորդներից ամեն օր 75-100-ական գրամ արյուն են վերցնում: Էլ չեմ խոսում մեզի ստուգման մասին: Դա նախ մարզիկների վրա հոգեբանական մեծ ճնշում է: Նրանք քաջատեղյակ են, որ դոպինգի դեմ անխնա պայքար է մղվում: Դրա համար էլ ամեն անգամ օրվա տարբեր ժամերին բժիշկների անակնկալ հայտնվելիս մտածում են, թե հատուկ առաջադրանք ունեն ու, ինչպես ասում են՝ «ուզում են անպայման հավկիթի մեջ մազ գտնել»: Դա խանգարում է բնականոն մարզվելուն ու ապագա պայքարին տրամադրվելուն: Բուն պայքարի ընթացքում ծանրորդը փոխանակ կենտրոնանա, ենթագիտակցության մեջ մտածում է. «Չլինի՞ հանկարծ գլխիս ինչ-որ բան սարքեն»: Իսկ եթե նկատի առնենք նաեւ, որ մեկնարկի նախաշեմին ամեն մի ծանրորդ, փաստորեն, զրկվում է մի քանի հարյուր գրամ արյունից, դժվար չէ պատկերացնել իրական վիճակը:

– Տեղյակ ենք, որ 69 կգ քաշայինների պայքարին դահլիճում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նրանք շփվեցի՞ն:

– Ոչ: Պարոն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միմյանցից հեռու էին նստած: Բայց երբ ադրբեջանցի երկու ծանրորդները զրկվեցին մեդալների համար պայքարից, Ալիեւն իր շքախմբով դուրս եկավ՝ մեր նախագահին հաջողություն մաղթելով:

– Երեկ Արա Խաչատրյանի ստացած վնասվածքը լո՞ւրջ է:

– Կասկած կար, որ ոտքի ջիլն է վնասել: Մրցումից անմիջապես հետո տարել ենք հիվանդանոց: Պատասխանն ավելի ուշ կիմանանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել