Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Օգոստոս 14,2008 00:00

Beatles-ի պայմանագիրը՝ աճուրդում

\"\"Ըստ The Independent-ի, սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կկայանա աճուրդ, որի ընթացքում կվաճառվի լեգենդար Beatles-ի այն պայմանագիրը, որը կնքվել է խմբի ու վերջինիս մենեջեր Բրայան Էպստայնի միջեւ: Հիշեցնենք, որ վերջինիս ղեկավարությամբ է Beatles-ը գործել ու ունեցել իր լուրջ հաջողությունները: 4 էջանոց փաստաթուղթը, որ կնքվել է 1962թ. սեպտեմբերին, ստորագրված է Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի, Փոլ Մաքարտնիի, Ռինգո Սթարի կողմից: Փաստաթուղթը գնահատվել է 250000 ֆունտ ստերլինգ:

Բրայան Էպստայնը առաջին անգամ Beatles-ին լսել է 1961թ. Լիվերպուլի «Քավերն» ակումբում ու հետագայում իր հուշերում գրել. «Նրանք հենց սկզբից ինձ ազնիվ եւ թարմ թվացին: Նրանց մեջ դեռ այն ժամանակ ինչ-որ որակ կար, որը ես կանվանեմ աստղային…»: Դառնալով Beatles-ի մենեջերը, Էպստայնը ստեղծեց խմբի բեմական կերպարը, աշխատեց նրանց արտաքինի վրա, սովորեցրեց ճիշտ մատուցել երաժշտությունը: Հենց Էպստայնի շնորհիվ լեգենդար քառյակը «նվաճեց» աշխարհը եւ ճաշակ թելադրեց բոլորին: Էպստայնը կյանքից հեռացավ 1967թ.՝ 32 տարեկանում, չափից շատ քնաբեր ընդունելու պատճառով:

Կիկաբիձեն վերադարձրեց շքանշանը

Վրաց ճանաչված երգիչ եւ դերասան, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Վախթանգ Կիկաբիձեն հրաժարվել է ՌԴ կողմից իրեն շնորհված «Բարեկամության շքանշանից», որին արժանացել էր այս տարվա հուլիսին: Այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հաղորդել է Վրաստանի խորհրդարանի սպորտի, մշակույթի եւ կրթության հանձնաժողովի նախագահ Գեորգի Գաբաշվիլին: Երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով պառլամենտի շենքի առաջ, բազմահազարանոց միտինգում՝ Գաբաշվիլին ասել է. «Ի նշան ՌԴ գործողությունների դեմ բողոքի, Վախթանգ Կիկաբիձեն ոչ միայն որոշել է վերադարձնել շքանշանը, այլեւ չեղյալ հայտարարել աշնանն այդ երկրում պլանավորած համերգները»:

Այս տեղեկատվությունը լրագրողների մոտ հաստատել է նաեւ արտիստը, որը հանգստանում էր Բաթումում: «Ես մեծագույն հարգանք ունեմ ռուս ժողովրդի հանդեպ, բայց չեմ կարող ընդունել այս շքանշանը՝ այն ամենից հետո, ինչ արել է Ռուսաստանը Վրաստանի հետ»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ հավելել է արվեստագետը:

Հիշեցնենք, որ ծննդյան 70-ամյակի առիթով «Բարեկամության շքանշանով» Կիկաբիձեին պարգեւատրելու հրաման տվել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, նաեւ անձամբ էր շնորհավորել նրան՝ ասելով. «Վառ երաժշտական տաղանդը, արտիստական վարպետությունը, բացառիկ մարդկային հմայքը եւ հոգեկան հարստությունը Ձեզ բերել են համաժողովրդական ճանաչում եւ սեր: Ձեր ստեղծած կինոկերպարները դարձել են լեգենդար, նրանց հայտնիությունը սահմաններ չի ճանաչում»:

«Օրրանի» հերթական ակցիան

«Օրրան» հասարակական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում օգոստոսի 1-ից մեկնարկում է «Օրրանի օրերը Մարիոթում» միջոցառումը, որի նպատակը դրամական միջոցների հանգանակումն է՝ հօգուտ «Օրրանի» շահառուների, եւ հասարակության ուշադրությունը սեւեռելը գոյություն ունեցող խոցելի խմբերի խնդիրներին: Այս տարվա օգոստոսի 15-ին էլ կկայանա բարեգործական ընթրիք եւ աճուրդ, որի ընթացքում հավաքված գումարները կուղղվեն «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի բացմանը: Այդ օրը ոչ միայն «Օրրանի» սաները հանդես կգան հայկական ազգային երգերի ու պարերի կատարմամբ, այլեւ կկազմակերպվի նրանց ձեռքի աշխատանքների ու հանրահայտ արվեստագետների գործերի ցուցահանդես-վաճառք: Հիշեցնենք, որ «Օրրանը» հիմնադրվել է 2000-ին՝ Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների կողմից: Կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում ոչ միայն փողոցում հայտնված երեխաներին ու ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին, այլեւ՝ միայնակ ծերերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել